Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեւանցիներ, ավարտվեցին Երեւանի ավագանու առաջին ընտրությունները: Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ Հայ Ազգային կոնգրեսին` ընտրություններում հաջողության հասնելու համար, եւ բեղմնավոր աշխատանք եմ մաղթում Երեւանի ավագանու կազմում: Շնորհավորում եմ նաեւ մասնակից մյուս քաղաքական ուժերին՝ որակյալ քարոզարշավ անցկացնելու եւ մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առողջ մոտեցումներ ու գաղափարներ առաջ քաշելու հնարավորությունն արդյունավետ օգտագործելու համար: Մայիսի 31-ի ընտրությունները եւ ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը եւ առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ: Արդյունքում` այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ: Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաեւ խախտումներ: Դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի՛ կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են: Դրանք պահանջում են ոչ միայն խախտումների բացառում, այլեւ հետեւողականություն խախտումների բացահայտման ու վերացման հարցում: Հետեւաբար՝ բոլորիս պահանջն է, որ խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտվի, իսկ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն օրենքի ողջ խստությամբ: Սիրելի՛ երեւանցիներ, կրկին շնորհավորում եմ Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ, մեր մայրաքաղաքին մաղթում բարօրություն, իսկ երեւանցիներին` ամենայն բարիք ու հաջողություն»: