Լավ է` պատճառներն էլ կան

02/06/2009

«2008թ. համեմատաբար բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի էր»,- 2008 թ. պետական բյուջեի կատարողականը երեկ ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` տարվա դժվարությունները պայմանավորված են եղել 2008թ. ընտրություններով, ինչը սպասումներ է ձեւավորել տնտեսվարողների մոտ ու հանգեցրել տնտեսական աշխուժության նվազմանը: Մյուս պատճառներից է, ըստ վարչապետի, նախորդ տարում տեղի ունեցած վրացական պատերազմը, քանի որ Վրաստանով է իրականացվում Հայաստանի ապրանքաշրջանառության 2/3-ը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական-ֆինանսական ճգնաժամը: «2008 թ. պետական բյուջեն կատարվել է 25 մլրդ դրամ պակասուրդով, եւ պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը 2007 թ. համեմատությամբ համադրելի դասակարգմամբ մնացել է անփոփոխ` կազմելով 0,7 տոկոս` ծրագրված 2,2 տոկոսի փոխարեն: 2008թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ճշտված ծրագրով նախատեսված 7,6 մլրդ դրամ ազատ մնացորդի օգտագործման փոխարեն կուտակվել է 23,4 մլրդ դրամ ազատ մնացորդ, որը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեի ծախսերի գծով նախատեսված միջոցների պակաս օգտագործումով` 50 մլրդ դրամի չափով, եւ արդյունքում պետական բյուջեի ազատ մնացորդը կազմել է շուրջ 77 մլրդ դրամ, ինչը, բնականաբար, ավելացվել է 2009թ. մեր բյուջեի կատարման ճկունությանը»,- ասել է նա: