Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է մեկ տասնյակից ավելի բանավոր դիմում-բողոքներ, որոնք հիմնականում վերաբերել են հետեւյալ խնդիրներին.
– քվեարկությանը մասնակցելու նպատակով միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր եւ հորդորում ընտրություն կատարել այս կամ այն թեկնածուի օգտին,
– Գյումրիից, Վանաձորից եւ այլ քաղաքներից միկրոավտոբուսներով Երեւանի ընտրատեղամասեր են տեղափոխվել քաղաքացիներ` ընտրություններին մասնակցելու նպատակով,
– մի շարք տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը` խցիկների ոչ պատշաճ տեղադրված լինելու պատճառով,
– ահազանգեր են ստացվել լրագրողների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաեւ արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած փաստարկված դիմում-բողոք եւ կոչ է անում իրավասու պետական մարմիններին պատշաճ ստուգումներ իրականացնել ներկայացված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունները, որոնք դարձել են օրինաչափություն յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում: Մայիսի 31-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հարձակումը «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի եւ «Թրանսպերենսի ինթերնեյշնլ» ՀԿ դիտորդ Սոնա Այվազյանի նկատմամբ տեղի է ունեցել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի եւ ընտրատեղամասում գտնվող Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում համապատասխան մարմիններին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ»: