Երեկ Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտարարեցին, թե հիմնականում բավարարված են Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքից: «Ընդհանուր կազմակերպվածությունը կատարվեց եվրոպական չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց պատվիրակության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերմագենը:
«Այս իմաստով դիտորդական առաքելությունը զգալի առաջընթաց նշեց 2008թ. սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ համեմատած: Չնայած կոնգրեսի պատվիրակությունը նշեց, որ քաղաքական դերակատարները Հայաստանում պետք է փոխեն իրենց վերաբերմունքը եւ վարքը, որպեսզի ընտրությունների գործնական ընթացքը, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական մշակույթը առաջիկայում ավելի բարելավվի»,- ավելացրեց պարոն Մերմագենը:
Այս հայտարարությունը զարմացրեց ասուլիսին ներկա լրագրողներին, ովքեր իրենց հերթին նկատեցին, թե պատվիրակության գնահատականն ընդհանրապես չի համընկնում ընտրությունների օրը ընտրատեղամասերում ստացված տեղեկատվության ու տպավորության հետ: «Ես չեմ կարծում, որ լրիվ հակասում է, քանի որ մենք դեռ ավելի մանրամասն արձանագրություն կունենանք: Շատ ասպեկտներ կային, որոնք այնքան էլ բավարար չէին, բայց ընդհանուր առմամբ մենք գնահատում ենք, որ այդ ընտրությունները դրական էին: Կարծում եմ, որ այսօր սխալ է գնալ մանրամասնությունների մեջ, բայց դրանք ամբողջովին մեր զեկուցման մեջ կլինեն»,- ասաց Ն.Մերմագենը եւ ավելացրեց, թե իրենց վերջնական զեկույցը կլինի հոկտեմբերին:
«Ա1+»-ի լրագրողը հիշեցրեց, թե Հայաստանում չի եղել որեւէ ընտրություն, որի ընթացքում բռնություն կիրառվի այդքան շատ լրագրողի հանդեպ, որքան մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Արդյո՞ք դա եւս տեղավորվում է եվրոպական չափանիշների մեջ: «Դա մեր` որպես դիտորդական առաքելության կոմպետենցիայի մեջ չի մտնում: Բայց կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ, ամսվա սկզբից մինչեւ հիմա մենք նման տեղեկատվություն ստացել ենք, եւ դրանք մենք հաշվի կառնենք մեր վերջնական զեկուցման մեջ»,- պատասխանեց Ն.Մերմագենը:
Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր, թե դիտորդական խումբը երեկ որքան ժամանակ է անցկացրել ռեստորաններում ու սրճարաններում: Երեկ ժամը 18-ի սահմաններում, երբ գրեթե բոլոր ընտրատեղամասերում թեժ իրավիճակ էր, եւ նաեւ այդ ընթացքում տեղի ունեցան հիմնական լցոնումները, խումբը երկար ժամանակ հանգստանում էր «Տրիումֆ» սրճարանում: Արժե նշել, որ այս պատվիրակության աշխատաոճը եւ ընտրություններին տված գնահատականը շատ նման էր անցած ընտրությունները դիտարկող միջազգային հայտնի կառույցների աշխատաոճին: Օրինակ` 2008թ. սեպտեմբերին կայացած Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունների օրը` կրկին թեժ ժամերին, դիտորդները գտնվում էին ոչ թե ընտրատեղամասում, այլ «Ցենտրալ» եւ «Դոլմամա» ռեստորաններում: Ռեստորաններում ժամանակ անցկացնելու հարցը բարկացրեց Ն.Մերմագենին, եւ նա սկսեց խիստ տոնով պատմել, թե այդ օրը որտեղ որքան ժամանակ են անցկացրել: Նշենք նաեւ, որ թիվ 8/05 ընտրատարածքում նրանք շատ անտարբերությամբ լսեցին լրագրողներին բռնության ենթարկելու եւ լցոնումներ կատարելու տեղեկությունը: Նրանք լսեցին հիմնականում իշխանությունների ներկայացուցիչների կարծիքը, փորձ անգամ չարեցին լսել նաեւ ընդդիմության վստահված անձանց: Եվ տպավորություն ստեղծվեց, որ նրանք ընտրությունների ընթացքը դիտարկում են պարզապես դա արած լինելու համար, որ աչք են փակելու համատարած բռնությունների, ահաբեկումների ու լցոնումների վրա: Արդյո՞ք եվրոդիտորդներն այդ ժամանակ արդեն պատրաստված ունեին իրենց «դրական» կարծիքը, ինչը եւ հայտնեցին երեկ: Մեր այս հարցը հունից հանեց պատվիրակության ղեկավարին, ու նա շատ խիստ տոնով պատասխանեց. «Մենք շատ հուսահատված ենք, որ դուք այդպիսի կարծիք ունեք, թե մեր կարծիքն արդեն նախատեսված էր: Մենք շատ օրեր անցկացրեցինք երկրում եւ հանդիպեցինք որքան հնարավոր էր շատ մարդկանց կառավարությունում, ընդդիմության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ես դեռ մեր զեկույցի հետ կապված ավելի բաց եմ: Իհարկե, ես ունեմ իմ եզրակացությունները, ինչ որ տեսել եմ, բայց մենք ունենք պատվիրակության ուրիշ անդամներ, եւ նաեւ այն մարդկանց, ում հրավիրել ենք, որպեսզի իրենք ներդրում ունենան մեկնաբանություններով»:
Նա ավելացրեց, թե ընտրատեղամասերում հանդիպել են դիտորդների, վստահված անձանց հետ, բայց իր խոսքում ընդդիմության ներկայացուցիչների հետ խոսելու մասին չնշեց հավանաբար այն պատճառով, որ նման բան չի էլ եղել:
«Եվ ինձ չի թվում, որ մենք կարող էինք մեր հնարավորությունների սահմաններում ավելին անել, քան կարող էինք: Եվ մենք տեղյակ եղանք, թե ինչ էր կատարվում, թե որտեղ էին այդ թեժ կետերն, ու վերադարձանք այդ տեղերը եւ վկա եղանք մի քանի խնդիրների, որոնց մասին մենք կարձանագրենք: Կխոսենք նաեւ այն տեղերի մասին, որտեղ ամեն ինչ լավ ու հարթ էր ընթանում»,- արդարացավ պատվիրակության ղեկավարը:
Իսկ ի՞նչ ավարտ կունենային Մերմագենի հայրենի Մեծ Բրիտանիայում նման լցոնումներով, ծեծուջարդով ուղեկցվող, իր խոսքերով՝ «դրական ընթացք» արձանագրած ընտրությունները: Այս հարցին եվրադիտորդը շատ մոտավոր պատասխանեց, ասաց, թե իրենք երբեք այն կարծիքը չեն ունենա, թե Հայաստանում ընտրությունները իդեալական են: Ավելացրեց նաեւ, որ դեռ շատ աշխատանք է պետք լավ ընտրություններ անցկացնելու համար:
Մերմագենը նաեւ ասաց, որ կան բացթողումներ ու թերություններ, որոնք, թեեւ, ընտրությունների վերջնական արդյունքի վրա կարող են ազդել, բայց օրինականության վրա չեն ազդի: Եվրոպատվիրակը հավանաբար արդեն գիտեր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պետք է վերահաշվարկ պահանջի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8 ընտրատեղամասերի համար: Բայց նա այդպիսով կարծես հեռավոր ակնարկ արեց, թե ընտրություններն անվավեր ճանաչելու հույս չունենաք, որքան էլ դրանք կեղծված լինեն: Իսկ ասուլիսի ավարտին արդեն առանձին բավականին երկար փորձում էր ստեղծված դրությունը փրկել ու արդարանալ պատվիրակության անդամ Անտոնելա Կագնոլլատին:
Ի դեպ, մինչեւ ասուլիսը սկսվելը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրահում Ն.Մերմագենը զրուցում էր ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինիս խոսքերով՝ իրենք փոխանցել են ընտրությունների մասին իրենց մոտեցումները, ընտրակաշառքների, պետական ու մասնավոր ռեսուրսի օգտագործման եւ ընտրակեղծիքների այլ փաստեր: Վ.Կարապետյանի խոսքերով` Մերմագենը դրանք լսելով` չի զարմացել: Ավելին, նա ինքը նույնպես նկատել է խախտումների բազմաթիվ դեպքեր: Իսկ որքանո՞վ է ընտրությունների վերաբերյալ Մերմագենի գնահատականը համապատասխանում նրա ունեցած տեղեկություններին: «Ես կարծում եմ, որ մեզ անլուրջ ձեւով են վերաբերվում»,- պատասխանեց ՀԱԿ ներկայացուցիչը: