«Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատականն էր անցած ընտրությունների: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը, դրա հնարավորությունը չկար մեկ օրում: Ուստի իմ ելույթում հնչած գնահատականներն էլ նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը եւ՛ այս իրադարձությունների մասին, եւ՛ մեր հետագա անելիքների մասին, եւ՛ մեր ստրատեգիայի մասին կասենք հաջորդ հանրահավաքում: Սակայն մինչեւ գնահատականներին անցնելը՝ ուզում եմ սրտանց շնորհավորել արտաքին քաղաքականության ճակատում շարունակ պարտություններ կրող Սերժ Սարգսյանին՝ սեփական ժողովրդի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի համար: Միջազգային հանրությունը, ԵԽ-ն, ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտը, սկսած 1998-ից՝ ընտրությունից ընտրություն ՀՀ-ում առաջընթաց են արձանագրում եւ՛ ընտրությունների որակի, եւ՛ ժողովրդավարության զարգացման առնչությամբ: Բայց մենք տեսնում ենք իրականում, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն շատ ավելի այլանդակ է լինում, քան նախորդը: Եթե սա է Եվրոպայի, Արեւմուտքի պատկերացումը պրոգրեսի մասին, ապա կամ նրանք զբաղված են երգիծաբանությամբ, կամ էլ պարզապես ձեռ են առնում մեր ժողովրդին, նրան դնելով երկրորդ սորտի մարդու տեղ: Միջազգային հանրությունը, այսպիսով, ոչ թե նպաստում է ժողովրդավարության զարգացմանը ՀՀ-ում, այլ կարծես թե դիտավորյալ խոչընդոտում է այդ զարգացումը: Ես մի փաստ կարող եմ ասել. եթե եվրոպական կառույցները, ԱՄՆ-ը, ողջ Արեւմուտքը սկզբունքային գնահատական տային 2008թ. նախագահական ընտրություններին, ապա այսօրվա խայտառակ ընտրությունները տեղի չէին ունենա (…) Եվ ինչպե՞ս են գնահատել ընտրությունները: Որ ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին: Ուրեմն կամ պետք է մտածել` այդ մարդիկ մեզ են ծաղրում, կամ իրենք իրենց են ծիծաղելի վիճակի մեջ դնում: Եթե եվրոպական չափանիշ է լրագրողին ծեծելը, եթե եվրոպական չափանիշ է հազարավոր ավտոբուսներով ընտրողներին տեղամասեր բերելը, եթե եվրոպական չափանիշ է ընտրակաշառք բաժանելը, վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին ահաբեկելը, ապա մենք այդ եվրոպական չափանիշների հետ գործ չունենք: Թող այդ չափանիշները տանեն-կիրառեն իրենց վրա: Հիմա ավելի էական մի հարցի մասին: Ի՞նչ էր Ռոբերտ Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ուզածը: Նրանց երազած պետությունը ընդդիմություն չունեցող, քաղաքական կուսակցություններ գոյություն չունեցող, ոչ մի հակաճառող գոյություն չունեցող հլու-հնազանդ հպատակների մի հավաքականություն է եղել: Եվ նրանք 11 տարի շարունակ հստակորեն փորձել են իրականացնել այս նպատակը: Չկանգնելով ոչ մի քայլի առջեւ` եթե պետք է կեղծել ընտրությունները, կեղծել, եթե պետք է բռնություն գործադրել ընտրողների վրա, գործադրել, եթե պետք է գնդակահարել ընդդիմադիրներին, սառնասրտորեն գնդակահարել, ինչպես գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին: Եթե պետք էր ժողովրդի սպանդ կազմակերպել, այդ էլ կանեն, եւ այդ էլ արեցին մարտի 1-ին: Եթե պետք է հարյուրավոր մարդկանց բանտերը լցնել, այդ էլ կանեն: Սա է իրենց գլխավոր խնդիրը, դուք պատկերացրեք` ինչ է նշանակում ընդդիմությունը բռնազավթչի համար: Ընդդիմությունը բռնազավթչի համար նշանակում է՝ ամենօրյա վտանգ նրա իշխանության հավերժությանը: Իսկ նրանք ուզում են իշխել հավերժ: Գողերը, ավազակները, մարդասպանները տիրել են երկրին եւ ուզում են տիրել հավերժ: Ասացի, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չառան: Ամեն ինչ արեցին: Ընդդիմադիրների կամ կեղծ ընդդիմադիրների մի մասին նրանք ուղղակի կաշառեցին, գնեցին ոտով-գլխով, եւ՛ ֆիզիկապես, եւ՛ արժանապատվությամբ: Մյուսներին` ովքեր անկախ էին, այդ թվում երկրապահները, այն մարդիկ, որոնք ազատագրել էին Արցախը, նրանց պատժեցին բանտերում ու զնդաններում: Ժողովրդին պատժում են թշվառությամբ, պարտադրված թշվառությամբ, որովհետեւ այն թշվառությունն ու աղքատությունը, որ այսօր տիրում է ՀՀ-ում, դա օբյեկտիվ պատճառ չունի: Դա իրենց անսահմանափակ թալանի արդյունքն է: Այդ մարդիկ այս երկիրը իրենցն են համարում: Մեզ, Ձեզ, բոլորիս` իրենց ճորտերը: Եվ ի՞նչ ստացան: Ստացան հակառակը: Այսօր մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որ ՀՀ անկախ գոյության 20 տարվա ընթացքում գոյություն չի ունեցել, հզորագույն ընդդիմություն… Այս ընդդիմությունն էր, որը վաստակելով ժողովրդի աջակցությունը, այսօր դարձել է մի այնպիսի ուժ, որը քուն ու դադար չի տալիս Ս. Սարգսյանին կամ նրա ավազակախմբին: Ընդհանրապես` կարող եք ասել` ինչ է ընդդիմությունը, ում է պետք այդ ընդդիմությունը: Եթե պետությունը ընդդիմություն չունի, այդ պետության մեջ ժողովրդավարության, ազատության մասին խոսելը ավելորդ է: Այդ պետության մեջ կաշառակերությունը վերացնելու մասին խոսելը բացարձակապես ավելորդ է: Ընդդիմությունը ունի 2 ֆունկցիա: Մեկը՝ ներքին, մյուսը` արտաքին: Ներքինը` նրա գոյությունը, այն զսպող ուժն է, որը սահմանափակում է իշխանությունների անվերահսկելի վարքն ու բարքը: Միակ մեխանիզմը: Մյուս մեխանիզմը ազատ մամուլն է, ազատ հեռուստաընկերությունները, որոնք ՀՀ-ում, ըստ էության, գոյություն չունեն, իսկ ազատների, անկախների մեծ մասը դատապարտված են չքավոր ֆինանսական նյութական գոյության` փոքրիկ տպաքանակներով: Ընդդիմությունը, եթե կուզեք իմանալ, այս ընդդիմությունը, ՀԱԿ-ը, Ձեզ հետ միասին, արդեն հսկայական դեր է խաղացել, այդ զսպող-վերահսկող դերը խաղացել է, անկախ այն բանից` մենք իշխանություններում ներկայացվա՞ծ ենք, թե՞ ոչ: Եթե չլիներ այս ընդդիմությունը, այսօր ՀՀ-ում մանր եւ միջին ձեռնարկատիրություն գոյություն չէր ունենա: Ուղղակի այս ավազակապետությունը ամբողջությամբ լափած կլիներ այդ վերջին չնչին հարստությունը, որը իրենց իշխանության սահմաններից դուրս էր գտնվում եւ առայժմ գտնվում է` շնորհիվ այս ընդդիմության: Եթե չլիներ այս ընդդիմությունը, այս օլիգարխների մի զգալի մասն էլ կորցրած կլիներ իր հարստությունը, մյուսները` ավելի զոռբաները, արդեն վերաբաշխած կլինեին այդ հարստությունը: Եթե չլիներ ընդդիմությունը, ՕԵԿ-ը,ՀՅԴ-ն չէին կարող երազել կոալիցիայի կազմում ընդգրկվելու մասին: Եթե չլիներ այս ընդդիմությունը, Վազգեն Մանուկյանը երբեւէ նախագահ չէր դառնա, այսօր դարձել է հանրային չգիտեմ ինչ է կոչվումգ Հանրային խորհրդի նախագահ: Վերջապես այդ մարդը հասավ իր մուրազին ընդդիմության շնորհիվ: Սա ընդդիմության նշանակությունն է ներքին քաղաքականության մեջ, բայց ընդդիմությունը կարեւոր գործառույթ ունի նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Ընդդիմությունը այն հյութն է, որն իշխանություններին հնարավորություն է տալիս արտաքին քաղաքականության մեջ մանյովրել, ստիպված չլինել, հարկադրված չլինել ստորագրել ամեն ինչ: Ես չեմ տեսել որեւէ թուղթ, որ արտաքին աշխարհից դեմ տան Ս. Սարգսյանին, որը նա չստորագրի: Այնինչ կար մի շատ հեշտ միջոց: Սա ինձ համար տեսական դատողություն չէ, սա իմ փորձառությունն է… Եթե Ս. Սարգսյանը հանդուրժեր ընդդիմություն, նա, օրինակ, երբ առաջարկեին ստորագրել հայ եւ թուրք պատմաբանների ստեղծման հանձնաժողովի այդ պահանջը, նա հանգիստ կարող էր ասել` ես չեմ կարող դա բացատրել իմ ժողովրդին, որովհետեւ այնտեղ կա մի գազան, ՀԱԿ է անունը, որ ինձ կհոշոտի, թույլ չի տա սա ստորագրել: Նույնը ԼՂ-ի հարցում: Մարդ ինքը իրեն զրկի այսպիսի գործիքի՞ց: Մի լավ իրավաբան ունեինք ժամանակին, ես չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել, էսպիսի դեպքերի համար ասում էր` եկեք չխոսենք խելագարության կանխավարկածի մասին: Ինչ տեղի ունեցավ այս ընտրություններում: Ես Ս. Սարգսյան եմ ասում, որովհետեւ ՀՀԿ, Բեգլարյան, մյուսներ, դրանք նույն բանն են, ամբողջը Սերժ է կոչվում: Ուրեմն այս ընտրություններում ֆորմալ առումով Սերժը ավելի շատ ձայն ստացավ, քան 2008թ. նախագահական ընտրություններում` 47.8%, այնինչ նախագահական ընտրություններում 42-43% էր: Կարելի է ասել` զարմանալի բան է կատարվել մեր երկրում: Ի՞նչ գործի համար այս մեկ ու կես տարվա ընթացքում պետք է Սերժի վարկանիշը ավելանար Երեւանում: Ընտրությունները կեղծեց այնպես, որի տակից այս ժողովուրդը եւ այս երկիրը երկար տարիներ դեռ չի կարողանալու դուրս գալ: Եթե ոչ գլխավոր հրաման տվողն էր մարտի մեկի սպանդի, ապա նույնքան պատասխանատու էր այդ սպանդի համար, որովհետեւ նա եւ՛ այդ կենտրոնական շտաբի անդամ էր, որի մասին մամուլում եղան հրապարակումներ, եւ դա հարյուր տոկոսանոց իրականություն է, ոչ միայն հանդուրժեց, թույլ տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրականացնի այդ սպանդը, այլեւ այս մեկուկես տարվա ընթացքում այն հսկայական եռանդը, որ ներդնում է այդ սպանդի բուն մեղավորներին կոծկելու համար, դա ապացուցում է, որ ինքը այդ սպանդի համահեղինակներից մեկն է: Հարյուրավոր մարդկանց նետեց բանտերը, որոնցից 50-ը դեռ գտնվում են այնտեղ: Ռ. Քոչարյանը գոնե կարող էր ասել, որ իր ժամանակ երկնիշ տնտեսական աճ է եղել, անկախ այն բանից, թե դա եղել է արտերկրից ուղարկված տրանսֆերտների հաշվին, բայց փաստ է: Մեր ժամանակ շատ դժվարություններ կային, բայց դրանց կողքին կային ռեալ գործեր` ՀՀ անկախության ձեռքբերումը, ԼՂ-ի ազատագրումը, տնտեսական ռեֆորմների իրականացումը, եւ այլն: Ցույց տվեք Ս. Սարգսյանի օրոք այս ահավոր մթնոլորտի պայմաններում որեւէ գործ, որը կարող է դրվել սրանց կողքին: Մյուսը` երկնիշ աճող թվերը այսօր վերածվում են երկնիշ անկման թվերի: Ղարաբաղի հարցում ես չեմ ուզում այստեղ ամբողջությամբ նրան վերագրել այդ մեղքը, մեղքի մեծագույն բաժինը ընկնում է Ռ. Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վրա, որոնք 10 տարի մայմունություններով զբաղված պարզապես տանուլ են տվել Ղարաբաղի խնդիրը, իսկ Սերժը այսօր դրա վերջակետն է դնում: Եվ ամենամեծ խայտառակությունը` հայ-թուրքական հարաբերություններում համաձայնելն էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը այլ բան, քան ցեղասպանության ուրացում, չի նշանակում: Սրա միակ իմաստը ցեղասպանությունը վաճառելն էր թուրքերին՝ սահմանը բացելու համար, որպեսզի այս ժողովրդին ցույց տար, որ գոնե ահա այսպիսի մի ռեալ գործ նա կատարեց: Ընտրությունների կեղծման մեխանիզմները կատարելագործվել են փառահեղ ձեւով: Ոչ մի այլ բնագավառում ՀՀ-ն այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպես ընտրությունների կեղծման մեխանիզմների մշակման մեջ: Այստեղ Ս. Սարգսյանը եւ նրա համակարգը, կարելի է ասել, գրոսմայստերներ են: Այս վերջին ընտրություններից երեւաց, որ կեղծման գլխավոր մեխանիզմը եղել է ընտրակաշառքը, որին տուրք է տվել ընտրողների մի զգալի մաս: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ 100-150.000 մարդ քվեարկել է ուղղակի կաշառված: Ինչո՞վ սա բացատրել: Նախ, որ իշխանությունները կիրառել են չափազանց խորամանկ մեխանիզմներ` օգտագործելով վարչական ռեսուրսը: Մենք ունենք տվյալներ, նաեւ` փաստաթղթեր, որ կենսաթոշակային ֆոնդը ՀՀԿ նախընտրական շտաբին է տրամադրել ՀՀ-ի բոլոր թոշակառուների բոլոր տվյալները: Մեկ առ մեկ աշխատել են բոլոր թոշակառուների հետ: ՀՀԿ-ի նախընտրական շտաբին է տրվել «Փարոս» ծրագրով բոլոր նպաստավորների տվյալները, նրանց են տրվել նաեւ կոմունալ պարտքեր ունեցող բոլոր քաղաքացիների տվյալները, որոնցից շատերի պարտքերը զեղչվել են: Ես չեմ ուզում այս հարցը տեղափոխել բարոյական հարթություն, սա մեր դժբախտությունն է: Սա խոսում է երկրի համատարած թշվառացման եւ աղքատացման մասին: Ինչո՞ւ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակաշառքը այսքան համատարած չէր: Համենայնդեպս 2008թ. փետրվարի 19-ին տնտեսական ճգնաժամը չէր սկսվել: Գիտեք ինչ, այլ երկրներում էլ են լինում ընտրակաշառքի դեպքեր, նույնիսկ ԱՄՆ-ում, աղքատ, չքավոր անտուն խավերի մեջ երբեմն այս ընտրակաշառքը աշխատում է, բայց այդ խավերը ԱՄՆ-ի բնակչության անգամ 1%-ը չեն կազմում: Այդ 1 %-ից ավելի վատ վիճակի մեջ գտնվում է Հայաստանի ժողովրդի 75%-ը: Ուրեմն` իշխանություններին ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ թշվառ լինի, միշտ աղքատ լինի: Եվ այդ ընտրակաշառքը ստացողը չի հասկացել նախ՝ որ իրեն տալիս են իրենից գողացածի չնչին մասը, երկրորդ` տալիս են, որ այսուհետ եւս նրան պահեն թշվառ վիճակի մեջ, անհրաժեշտության պահին նրան մի պատառ նետելու համար: Համոզված եղեք, սրանք ամեն ինչ անելու են, սպառելու են երկրի ողջ հարստությունը, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք չտեսնի: Այդպիսի ժողովուրդը կլինի ազատ ժողովուրդ, բարեկեցիկ ժողովուրդը չի կարող լինել ճորտ, ենթակա եւ հլու-հնազանդ իշխանություններին: Ես արդեն նշեցի, որ այս հարցը չեմ ուզում տեղափոխել բարոյական հարթություն, բայց ես այստեղ մի շատ ավելի ողբերգական բան եմ տեսնում: Այդ ընտրակաշառվածները չեն հասկանում, որ իրենք մեղսակից են դառնում Սերժ Սարգսյանի բոլոր դավաճանություններին: Ցեղասպանության ուրացման գործին, ԼՂ-ն տանուլ տալու գործին, ես այստեղից մի ավելի տխուր եզրակացություն կարող եմ անել, որ ինձ համար ողբերգություն է: Չէի ուզի այդպես մտածել, բայց կարծես թե մեր ժողովրդի մի զգալի մասի համար, կարելի է ասել, նրանք թքած ունեն ԼՂ-ի վրա էլ, ցեղասպանության վրա էլ, հայ-թուրքական հարաբերությունների վրա էլ: Մարդկանց հասցրել են այնպիսի վիճակի, որ թաղված օր ու գիշերվա հոգսերի մեջ, այլեւս ի վիճակի չեն անգամ մտածել ազգային արժանապատվության, ազգային իղձերի, ազգային նպատակների մասին: Ս. Սարգսյանը կարող է փայլուն հաղթանակ նշել այսօր: Չգիտեմ նա ինչ շահեց, առնվազն շահեց ժամանակավորապես իր բռնապետությունը եւ երկիրը թալանելու հնարավորությունը շարունակելու հնարավորություն: Բայց դրանով, նա, վստահ եղեք, թուլացրեց մեր պետությունը, եւ այն դարձրեց ավելի խոցելի արտաքին ճնշումների հանդեպ: Չեմ կասկածում, որ հերթական կեղծված ընտրությունները առավելագույնս կօգտագործվեն Ս. Սարգսյանից նորանոր զիջումներ կորզելու համար թե՛ Թուրքիայի, թե՛ ԼՂ-ի հարցում: Ս. Սարգսյանը նաեւ լուծեց մի ուրիշ խնդիր: Նա ոչ միայն խնդիրներ ունի ժողովրդի հետ, ընդդիմության հետ, այլեւ իր շրջապատի հետ: Որովհետեւ այնտեղ երբեմն ոմանք չեն հասկանում իրենց կարգավիճակը եւ երբեմն հանդգնում են իրենց կարգավիճակից ավելի բաների հավակնել: Այս ընտրություններում Ս. Սարգսյանը պատժեց, նվաստացրեց, իրենց տեղը ցույց տվեց ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին: Գագիկ Ծառուկյանին հայրաբար ասաց` չհամարձակվես հանդգնել Գ. Բեգլարյանի կրտսեր եղբորից ավելի բարձր կարգավիճակի: Բայց սա արարի կեսն է, 2-րդ կեսը Գ. Ծառուկյանի սեփականության, բիզնեսի վերաբաշխումն է, որին մենք շատ շուտով ականատես կլինենք: Իսկ ամենամեծ վաստակներից մեկը, որը գուցե չեք զգացել, նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը, որը հանդես էր գալիս որպես ընդդիմություն, ստացել էր 12.5% ձայն: Այս ընտրություններում նա ստացել է ընդամենը 5%: Այսինքն` սա ձեր պատասխանն է նրա այն հուդայի գործողության, որը նա կատարեց ընտրություններից անմիջապես հետո: Ասացի, Ս. Սարգսյանը բազմաթիվ հարցեր լուծեց, բայց վտանգեց մեր պետությունը եւ կորցրեց եւս չափազանց կարեւոր մի շանս` այս երկրի հոգեբանական վիճակը բարելավելու համար: Այս ընտրություններով Ս. Սարգսյանը փաստորեն փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը, նա այրեց բոլոր կամուրջները: Փակելով ազգային երկխոսության ճանապարհը` Ս. Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցում արդեն իսկ կատարած դավաճանական քայլերի վրա գումարեց եւս մի դավաճանական քայլ, որը ազգի հիմնավոր պառակտումն է: Մենք բազմիցս ասել էինք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում մենք պատրաստ ենք նստել բաց հրապարակային երկխոսության Ս. Սարգսյանի հետ: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ. քանի որ Ս. Սարգսյանը քաղբանտարկյալների հարցում ձգձգելով, խաբելով միջազգային հանրությանը, ուզում էր մինչեւ վերջ իրականացրած լինել իր քինախնդրությունը, հրճվել իր մանր հոգով (տեսեք՝ ինչ զորություն ունեմ, ում ուզեմ՝ կնստացնեմ, ում ուզեմ՝ բանտերում կփտեցնեմ, 2 օրով կթողնեմ, որ գա ծնողի հուղարկավորությանը, հետո նորից կտանեմ բանտը կկոխեմ, սրանից նա հաճույք է ստանում, սա սադիզմ է, սա ուրիշ երեւույթ է), ուրեմն սրանից հետո ինչ-որ մի կիսատ-պռատ զառանցանք մայիսի 28-ին համաներման մասին, դրանից մի օր առաջ մի ինչ-որ ուղերձ Սարդարապատի տոնակատարության առթիվ, սրանք ուղղակի ամաչելու բան են: Որեւէ քաղաքացի ոչ միայն մեր երկրում, որեւէ այլ երկրում կամաչեր, եթե իր նախագահը այսպիսի հայտարարություններ աներ: Մեզ էլ ասում են, թե դուք վերաբերմունք չեք ցույց տալիս Ս. Սարգսյանի այն հայտարարությանը համաներման մասին: Ինչ վերաբերմունք ցույց տանք, ով է այդ հայտարարությունից բան հասկացել: Մեր մամուլը փառահեղ կերպով մեկնաբանել է այդ հայտարարությունը: Ուրեմն Ս. Սարգսյանը մեր առաջարկություններից մեկը ուղղակի ծաղրեց, ձեռ առավ, դա քաղբանտարկյալների հարցն էր, մյուսը ուղղակի բռնաբարեց, բռնի բիրտ ուժով իրականացրեց ՀՀ-ի պատմության ամենաայլանդակ ընտրությունը, ես չեմ չափազանցնում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ մենք հրաժարվում ենք Ս. Սարգսյանի հետ որեւէ պայմանով երկխոսության գնալուց: Ս. Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ: Ս. Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի: Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին: Ուստի, քանի մենք կանք, իսկ մենք հավերժ ենք, մեր միակ կարգախոսը լինելու է` Սերժիկ հեռացիր: Առաջիկա անելիքների մասին: (…) Դուք կհանգստանաք մինչեւ հաջորդ հանրահավաքը, մենք ենք աշխատելու գիշեր-ցերեկ: Կան ֆորմալ բաներ, թեեւ ես դրանց շատ մեծ կարեւորություն չեմ տալիս: Օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները`ընտրությունների արդյունքների օրինական բողոքարկման համար: Դիմելու ենք եւ՛ ԿԸՀ, եւ՛ վարչական դատարան` ընտրությունները անվավեր ճանաչելու համար, եթե հարկ լինի, կդիմենք մինչեւ եվրոպական ատյաններ: Անկախ սրանից, մենք շարունակելու ենք հզորացնել համաժողովրդական պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին, ավազակապետության վերացմանը: Վհատվելու, տրտնջալու, պայքարի օրինական միջոցներից հրաժարվելու, պարտվողական տրամադրությունների կարիք չկա: Իրենք են ահուդողի ու սարսափի մեջ գիշեր-ցերեկ: Ինչ է նշանակում՝ պարտվել քաղաքական պայքարում, այնքան ժամանակ, քանի դեռ պայքարը շարունակվում է, պարտության մասին խոսելն անհեթեթություն է: Իսկ մենք պայքարը դադարեցնողը չենք …Եվ վերջինը: Քանի որ մենք այլեւս կամուրջները այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ, ուրեմն այս կոնտեքստում կարեւոր է, որ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների որոշմամբ ՀԱԿ-ի ցուցակի բոլոր ավագանու թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից»: