Ի՞նչ են դիտել

02/06/2009

«Երեւանի ավագանու ընտրություններն անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան` ազատ, արդար եւ թափանցիկ»: Երեկ նման հայտարարություն է արել դիտորդական առաքելություն իրականացրած «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը: Պարզվում է՝ ԱՀԻ-ի 500 դիտորդները չեն արձանագրել եւ ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ: «Ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերի աշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր: Մեր կողմից չեն արձանագրվել իրավախախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր, նկատված դեպքերը հիմնականում եղել են տեխնիկական թերություններ, որոնք, սակայն, չէին կարող կանխորոշել ընտրությունների ընթացքը կամ արդյունքները»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: