Տպավորությունն այնպիսին է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման կապակցությամբ երեւանցիներին եւ յոթ տոկոսի շեմը հաղթահարած երեք կուսակցություններին շնորհավորած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանն ապրում են տարբեր երկրներում եւ խոսում են տարբեր ընտրությունների մասին:
Առհասարակ, այն, ինչ կատարվեց Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դարձյալ ցույց տվեց հասարակության հանդեպ իշխանական կուսակցությունների քամահրական վերաբերմունքը՝ նվաստացուցիչ ընտրակաշառք, վերահսկվող քվեարկություններ, օրը ցերեկով լցոնումներ, միկրոավտոբուսներով եւ տաքսիներով մարդկանց ընտրատեղամասեր տանել, դիտորդների ներկայությամբ առանց կաշկանդվելու կեղծել:
Ընտրություններին մասնակցած կուսակցությունների` ընտրություններին մասնակցելու իրական շարժառիթները պարզ դարձան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նրանց արձագանքից: Թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե՛ Երեւանի ավագանու ընտրություններին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական շրջանում ինչ-ինչ բախումների պատրանքներ ստեղծելով` փորձ արեց լեգալացնել իր ստացած ձայները, որոնք ակնհայտորեն ուռճացված էին: Գուցե ԲՀԿ-ն արդար ընտրությունների դեպքում կհավաքեր անհամեմատ շատ ձայներ, քան ՀՀԿ-ն, սակայն Երեւանում` Հայաստանի մայրաքաղաքում, Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը երբեք եւ ոչ մի պարագայում չէր կարող ընդդիմությունից առավել ձայն ստանալ: Բոլոր ընտրությունների ժամանակ մայրաքաղաքը, որպես կանոն, քվեարկել է ընդդիմության օգտին:
Կարծիքները, թե յոթ տոկոսի շեմը հաղթողների ցանկում կլինի նաեւ ՀՅԴ-ն, չհիմնավորվեցին: Դաշնակցությունը Երեւանի կառավարման մեջ իր մասնակցությունն առաջիկա չորս տարիներին չի ունենա: Այս փաստը ՀՅԴ անդամները գլխի ընկան թերեւս մի փոքր ուշացումով, քանի որ ԿԸՀ դաշնակցական ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն ընտրությունները վավերացնող նախնական արձանագրությունը, իր խոսքերով, վերապահումով, սակայն ստորագրեց: Ավելի ուշ արդեն ՀՅԴ-ն հայտարարեց, որ ԿԸՀ իր ներկայացուցիչը չի ստորագրի վերջնական արձանագրությունը. իրո՛ք, Դաշնակցությանը տրված ձայներն այնքան էլ պատվաբեր չէին եւ խոսում էին, որ կա՛մ ընտրողները չեն վստահել այս կուսակցությանը, կա՛մ իշխանությունը: Այս դեպքում հակված ենք կարծել, որ երկուսն էլ:
ԿԸՀ արձանագրության տակ չի ստորագրել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը՝ ընտրությունները համարելով ոչ օրինական: Սակայն այս դեպքում էականն արմատական համարվող ընդդիմության արձագանքն էր. այս էլ որերորդ անգամ իշխանությունները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկված եւ իշխանությունների անազնիվ շահերը սպասարկող մարդիկ ընդդիմության ձայները կոպտորեն թերահաշվել են, կեղծել: Ինչպե՞ս են պատրաստվում ընդդիմության ներկայացուցիչները տեր կանգնել իրենց ձայներին, հատկապես, որ նման հորդորով մինչ ընտրությունները դիմել էին իրենց համակիրներին: Նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունն ընտրեց պայքարի ակտիվ, շուրջօրյա ձեւը: Հետաքրքիր է, որ նախագահական ընտրություններից, ընդդիմության պայքարը մարտի մեկին բիրտ ձեւով ճնշելուց, քաղբանտարկյալների դատավարությունների ընթացքն աչքի առաջ՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկի հանրահավաքում անգամ հայտարարել էր, թե պատրաստ է իշխանությունների հետ ձեւավորել համաձայնության կառավարություն: Երեւանի ավագանու ընտրություններից հետո կազմակերպած հանրահավաքի ընթացքում արդեն ՀԱԿ առաջնորդն այլեւս չեղյալ հայտարարեց իշխանությունների հետ որեւէ երկխոսության հնարավորությունը, մերժեց Երեւանի ավագանու աշխատանքներին ՀԱԿ-ի մասնակցությունը եւ խոստացավ ընդդիմության նախընտրած մարտավարության մասին հասարակությանը հայտնել հունիսի 12-ի հանրահավաքին: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը՝ շեշտելով, որ իշխանություններն ավազակապետական են, երկրում իշխում է կրիմինալը եւ միմիայն կրիմինալը, արձանագրեց, որ ինքն էլ, ըստ էության, անզոր է պայքարել այդ կրիմինալի դեմ: Անզոր է, քանի որ նախապատվությունը տալիս է իշխանափոխության բացառապես սահմանադրական եղանակին, ինչը ենթադրում է իշխանություններին փոխել բացառապես ընտրությունների միջոցով: Հայաստանում դա անհնար է: Վրաստանին օրինակ բերելը թեեւ այնքան էլ ողջունելի չէ, սակայն Վրաստանի ընդդիմությունն այսօր ընտրել է իր ժողովրդի հետ հաշվի չնստող, կրիմինալ իշխանություններին փոխելու թերեւս միակ ճանապարհը, որը չի հակասում սահմանադրությանը, բայցեւ ենթադրում է ակտիվ, ամենօրյա, շուրջօրյա պայքար: Սակայն նման պայքարի համար պետք են մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել եւ ունեն պատասխանատվություն ստանձնելու մոտիվներ: Ունի՞ նման ցանկություն ՀԱԿ առաջնորդը: Ենթադրում ենք, որ ոչ այնքան: Ամեն դեպքում, կարելի է եւ սպասել մինչեւ հունիսի 12-ը: Իսկ մինչ այդ Երեւանում իրենց գործառույթները կբաշխեն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Այս դեպքում նրանց ներկայացուցիչների միջեւ բախումներ դժվար լինեն: ԲՀԿ-ն պատրաստ է առյուծի բաժինը զիջել ՀՀԿ-ին: Այդ մասին ԲՀԿ-ին հուշել են ՀՅԴ-ի աչքերը: