«Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները,
հրապարակել էր ԼՂՀ հիմնահարցի կարգավորման լուծման այն տարբերակը, որի
շուրջ, ըստ ռադիոկայանի, կողմերը եկել են համաձայնության. ազատագրված
տարածքներ՝ 10-15 տարվա ընթացքում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու դիմաց:
«Եթե այս տարբերակը ներկայացվի, ինչպիսի՞ն է լինելու ձեր դիրքորոշումը»`
հարցին ԱԺ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խուսափողական պատասխան տվեց.
«ԼՂՀ հարցում ես մի քանի սկզբունքներ ունեմ: Հարցն անպայման պետք է լուծվի
փոխադարձ զիջումներով, եթե ուզում ենք հասնել խաղաղության, բայց այդ
փոխզիջումները պետք է լինեն ոչ մեր ժողովրդի անվտանգության, ոչ էլ ազգային
արժանապատվության հաշվին: Միշտ զգուշավոր եմ այս հարցի վերաբերյալ հստակ
հայտարարություններ անելուց, որովհետեւ պատասխանատվության աստիճան կա:
Հնարավոր է, ես ի պաշտոնե մի բան ասեմ, որը խոչընդոտի այդ գործընթացին,
որովհետեւ ես մանրամասներին տեղյակ չեմ»։