Այն, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարելու են երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, իշխանական քարոզչամեքենան տարբեր սոցիոլոգների ու քաղաքագետների միջոցով դեռ շաբաթներ առաջ էր ներկայացնում:
Այդ կանխատեսումը ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիայում պնդեց նաեւ այդ համայնքից պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` Վարդան Հովհաննիսյանը: «Քուր ջան, բա չգիտե՞ս թվերը ոնց պտի լինեն: Առաջինը ՀՀԿ-ն պտի լինի, երկրորդը՝ ԲՀԿ-ն, երրորդը` Լեւոնը»,- ընտրությունների ավարտից 6-7 ժամ առաջ վստահաբար ասում էր մոտ 23 տարեկան Վ.Հովհաննիսյանը:
Երեւանի ավագանու առաջին ընտրությունները պատմության մեջ թերեւս կմնան որպես ընտրակաշառքով, բռնություններով, ահաբեկումներով, ծեծուջարդով, կեղծ քվեաթերթիկների լցոնումներով ուղեկցված ընտրություններ: Զանգվածային ընտրախախտումների` լցոնումների, ընտրական գործընթացի խաթարման, ծեծուջարդի դեպքերը բնորոշ էին հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի 26 ընտրատեղամասերում: Այստեղ «տիրություն» էին անում ոչ թե հանձնաժողովի նախագահները, այլ ՀՀԿ-ի վստահված անձինք, որոնք հիմնականում Ս.Ալեքսանյանի ամրակազմ ու սափրագլուխ տղաներն էին: Նրանք գոռալով ու հրամայելով էին խոսում ոչ միայն հանձնաժողովի անդամ` տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, վստահված անձանց, այլեւ` հանձնաժողովի նախագահների եւ տեղական ու միջազգային դիտորդների հետ:
Ընտրությունները սկսվելուց 3-4 ժամ հետո Վահան Զատիկյանի անվան դպրոցում տեղակայված 8/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Նորիկ Եղիազարյանը կնիքը վերցրեց ու վազելով մտավ զուգարան: Նրա հետեւից մտավ Ս.Ալեքսանյանի քրոջորդին ու դուռը ներսից փակեց: 2-3 րոպե անց «վրա հասավ» հանձնաժողովի նախագահ Պետրոս Ավետիսյանն ու, իբր թե բարկանալով` նրանց դուրս հանեց: Այդ դեպքից մոտ կես ժամ հետո Վ.Հովհաննիսյանը փորձեց մի տրցակ քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ, բայց տեսնելով, որ լուսանկարում ենք, միանգամից ձեռքը հետ քաշեց ու անհետացավ: Եվ այդ պահից մինչեւ ժամը 16-ը երիտասարդը փորձում էր մեզ համոզել, որ մի կես ժամով հեռանանք, կամ «մտնենք ներսը հյուրասիրվենք», որպեսզի իրենք կարողանան իրենց «գործն» անել: «Ցավդ տանեմ, ինչ է պետք, մաղարիչ անենք: Ինչ ուզում ես անենք, դոլար տանք, հյուրասիրենք, մենակ թե մի կես ժամով գնա էլի այստեղից»,- խնդրում էր նա:
Տեսնելով, որ լրագրողների ու «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հ/կ-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հետ իր բանակցություններն արդյունք չեն տալիս, Վ. Հովհաննիսյանը տեղամաս հրավիրեց արդեն իր ընկերներին: Միանգամից մոտ 20 ամրակազմ երիտասարդ ներխուժեցին տեղամաս, հարձակվեցին լրագրողների վրա, հրեցին, ոլորեցին ձեռքները: Դա տեւեց մոտ 15 րոպե: Այդ ընթացքում Վ.Հովհաննիսյանը մեկ այլ երիտասարդի հետ միասին արագ-արագ քվեատուփի մեջ լցրեց 2 կապոց քվեաթերթիկ: Դրանից հետո այդ ողջ բանդան հեռացավ` «աղջիկ եք, զգույշ մնացեք, տուն չեք հասնի», «խելոք մնացեք, ձեզ կսպանենք», «մի հատ ձեն եք հանել, մեզանից չեք փոշմանի» եւ նման այլ սպառնալիքներով: Դեպքից անմիջապես հետո պարզ դարձավ, որ այդ կարճ ժամանակահատվածում տեղամասում «քվեարկած» ընտրողների թիվը 600-ից հասել էր 1000-ի: Այս միջադեպի մասին տեղեկացրինք նաեւ Ս.Ալեքսանյանին։ «Բա որ այս տարածքն էիր գալիս, շուտ ձեն հանեիր, որ ասեի` քեզ ձեռ չտան»,- ասաց նա:
Հաջորդ` 7/08 ընտրատեղամասը տնօրինում էր ՀՀԿ-ի վստահված անձ Ժակը, թեեւ այնտեղ հանձնաժողովի նախագահը Ս.Ալեքսանյանի հաշվապահ Հայկ Իսրայելյանն էր: Ժակը նախ մեզ սպառնաց. «Ձեր տեղը իմացեք, ըտեղ նստեք, առաջ չգաք»: Զգուշացրինք, որ եթե խանգարեն լրագրողների աշխատանքը, կդիմենք Մարդու իրավունքների պաշտպանին կամ Ոստիկանություն: «Ում ուզում եք՝ դիմեք, դրանցով մեզ չվախեցնեք, հա՞»,- ասաց հանձնաժողովում ՀՀԿ-ի անդամը:
Մի խոսքով՝ կիրակի օրը Ս. Ալեքսանյանի, այսպես ասած` բանդան էր որոշում, թե ընտրություններն ինչպես պետք է ընթանան իր համայնքում, եւ որքան ձայն պետք է հասնի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ ՀԱԿ-ին: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ հայտարարել թվով 8 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները, եւ վերահաշվարկ կատարել, այդ թվում նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր ընտրատեղամասերի արդյունքները: Բայց դրանց մեջ չկար կոնկրետ 8/05 ընտրատեղամասը, որտեղ լցոնման էինք ականատես եղել: «Հանձնարարվել է հարուցել քրեական գործ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ՝ իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները` պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար»,- ասված է ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաեւ Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` թելադրված քննչական գործողություններ եւ բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: