2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 3-ի սահմաններում Երեւանի Չեխովի 29 շենքի մոտ հայտնաբերվեց 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դիակը, եւ այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:
Նախաքննական մարմինը դանակի յոթ հարվածից մահը վրա հասած Մ. Մաքոյանի սպանության վերաբերյալ չունենալով նախնական վարկած` գործի դրեց «ավանդական մեթոդները»` բռնությունների, ճնշումների միջոցով խոստովանական ցուցմունքներ վերցրեց Մարինե Հակոբյանից, Մելքոն Վարդանյանից, Աննա Մուրադյանից եւ Դեզդեմոնա Սեդրակյանից (մամուլում այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել). մեղադրական եզրակացությունը կազմվեց վերոնշյալ «վկաների» ցուցմունքների հիման վրա, որոնք հետագայում իրենց իսկ կողմից հերքվեցին: Թեեւ կեղծ ցուցմունք տվողները հրապարակայնորեն հայտարարեցին նախաքննական մարմնին տված ցուցմունքների կեղծ լինելու մասին, այդուհանդերձ, Դատախազության քննիչները մեղադրանքը կազմեցին հենց այդ հիմքով: Քրեական գործով մեղադրյալներ` Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները, Հրաչ Սահակյանը եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը գործով «վկաների» նախաքննական մարմնին տված «կեղծ» ցուցմունքների հիման վրա, սպանության մեղադրանքով դատապարտվեցին 12-15 տարվա ազատազրկման: Թե՛ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, թե՛ դրանից հետո` Քրեական վերաքննիչ դատարանները պաշտպանել են նախաքննական մարմնի մեղադրանքը եւ ամենեւին հաշվի չեն առել դատաքննության ընթացքում հնչած խոստովանական իրական ցուցմունքները: Սպանության գլխավոր «վկա» Ա. Մուրադյանը, Մ. Հակոբյանը եւ Մ. Վարդանյանը դատարանում, ինչպես նաեւ մամուլում հրապարակայնորեն հայտարարել են, որ կեղծ ցուցմունքներ են տվել, որովհետեւ իրենց օրերով պահել են Ոստիկանությունում, սպառնալիքներ են տեղացել, ճնշել են: Հետեւաբար՝ վերջիններս պնդել են, որ սպանությանն ականատես չեն եղել, եւ տղաների մասնակցության հանգամանքի վերաբերյալ չեն կարող վկայություն տալ` փաստեր չունենալու պատճառով: Դատարանն անտրամաբանական գնահատականներ է տվել նշված վկաների` դատաքննությամբ հետազոտված ցուցմունքներին, արժանահավատ համարելով նրանց նախաքննական ցուցմունքների միայն մի մասը: Նախաքննության ընթացքում տված, բայց դատարանում կեղծ ցուցմունքների մասին խոստովանած չորս վկաներից երեքը իրավապահների սպառնալիքներից վախեցած՝ Հայաստանից հեռացել են: Վերջիններս արտերկրից տեսաերիզ, ինչպես նաեւ՝ բաց նամակ են ուղարկել` այդ կերպ փորձելով ապացուցել, որ վախի, ճնշումների ազդեցության տակ գտնվելով գրել եւ ստորագրել են այն ամենի տակ, ինչը պահանջել են քննիչները:
12-15 տարվա ազատազրկում
Ինչեւէ, քրեական գործի դատավարությունը սկսվել է 2006թ. մարտի 29-ին, դատարանից դատարան է տեղափոխվել շուրջ երեք տարի, իսկ ներկայումս տղաները պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել: Ի դեպ, տարիներ տեւած դատաքննության արդյունքում դատավոր Գ. Խանդանյանը եզրակացրել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս նախաքննական մարմինը հաճախ խեղաթյուրել է փաստերը, երկակի վերաբերմունք է դրսեւորել վկաների ցուցմունքների նկատմամբ, թույլ է տվել Քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ: Հետաքրքրական է եւս մեկ փաստ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 12.03.07թ. որոշմամբ` դատարանը նշված ապացույցները գնահատելով, բացառել է Զավեն Մկրտչյանի սպանության դեպքի վայրում գտնվելու եւ սպանություն կատարելու հանգամանքները: ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է` «եթե գործի քննության եւ լուծման արդյունքում առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետեւության, որ Զ. Մկրտչյանի կողմից բացառված է սպանության կատարումը, ապա դատարանը պետք է կայացներ արդարացման դատավճիռ»: Ինչ վերաբերում է Հ. Սահակյանին, ապա թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ ապացուցվել է, որ վերջինս սպանության պահին դեպքի վայրում չի եղել եւ չէր կարող լինել նաեւ նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով: 2005թ. օգոստոսի լույս 11-ի գիշերը ժամը 24։00-ից մինչեւ ժամը 02։30-ը հեռախոսով խոսել է ընկերուհու հետ, ինչի մասին բազմիցս ցուցմունք են տվել վկաները: Իսկ երբ Հ. Սահակյանը խնդրել է «ԱրմենՏելից» համապատասխան հեռախոսահամարների ֆիքսված խոսակցության վերծանումը ձեռք բերել` պարզվել է, որ քննիչն այդ համարի մուտքն արգելափակել է:
Այդուհանդերձ, դատարանը պաշտպանել է մեղադրական եզրակացությունը` տղաներին դատապարտելով 12-15 տարվա ազատազրկման: Շուրջ չորս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում գտնվող այս երիտասարդները շարունակում են պայքարել իրենց անմեղությունն ապացուցելու համար, մինչդեռ ենթադրում են, որ, այնուամենայնիվ, դատարանն աչք փակելով նախաքննական մարմնի սարքած կեղծ գործի վրա եւ հաշվի չառնելով տղաների անմեղությունն ապացուցող փաստերն, արդարացման դատավճիռ չի կայացնի: Քանի որ, արդարացնելով տղաներին, բնականաբար, դատարանը եւս մեկ անգամ կասկածի տակ կդնի Դատախազության, մեղմ ասած, անփույթ, անպատասխանատու եւ անօրինական գործողությունները, իսկ ամենակարեւորը` մեղադրանքի տակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ստորագրությունն է, հետեւաբար դատարանը չի ցանկանա տղաներին արդարացնելու պատրվակով գլխավոր դատախազին իր համակարգով հանդերձ անվստահություն հայտնել. «Մեզ արդեն չորս տարի է, ինչ դատարանից դատարան են քարշ տալիս: Ոչ կարողանում են ապացուցել, ոչ էլ արդարացնում են: Ի վերջո, էդքանից հետո նախաքննական ցուցմունքներով դատեցին: Թե մեր քննիչ Վարդան Մուրադյանն ի՞նչ սեւ գործեր է անում… անմեղ մարդկանց վրա գործ սարքելով իբր գործ է բացահայտում ու պաշտոն է ստանում. գործը սարքելուց հետո նշանակվել է Գլխավոր դատախազության Ապօրինի դեղերի դեմ պայքարի վարչության պետ եւ մեղադրող դատախազ է: Փաստորեն, մեր երկրում լավ գործ սարքելու համար պաշտոն են տալիս: Եթե դատարանն այնքան արդար գտնվի, որ մեզ արդարացնի` կխայտառակվի նախաքննական մարմինը` գլխավոր դատախազով հանդերձ: Ապօրինի գործողություններ կատարողները շատ են, եւ չորս տղաների համար էդքան մարդու խայտառակ չեն անի»,- ասում են «Նուբարաշեն» ք/հ-ում պահվող տղաներից Հրաչ Սահակյանն ու Զավեն Մկրտչյանը: Ի դեպ, մեկուսարան այցելության ժամանակ մենք հնարավորություն չունեցանք տեսակցել Վլադիմիր Մկրտչյանին, քանի որ վերջինիս մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան, նա գտնվում էր հիվանդանոցում: Տղաները պնդում են, որ քրեական գործի մեջ առկա են անհերքելի փաստեր, որով իրենց անմեղությունն ապացուցվում է, մինչդեռ դատարանն այդ ապացույցները չի հետազոտում Դատախազությանը «փրկելու» գնով: Տղաները վստահեցնում են` «Ոչ մի դեպքում չենք ընդունելու այդ ապօրինի դատավճիռը: Մինչեւ անգամ դիմելու ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Կոչ ենք անում, որ հասարակությունը, երկրի նախագահը` տեղեկանան այս անօրինականության մասին: Արդեն չորս տարի մեզ ապօրինի կերպով մեկուսարանում են պահում, առանց հիմքերի, քանի որ դատաքննությամբ փաստացի ապացուցվել է մեր անմեղությունը, սակայն նախաքննական մարմինների ապօրինությունները կոծկելու համար մեր ճակատագրերն են խորտակում: Մեղադրանքի տակ ստորագրել է գլխավոր դատախազը, եզրակացնում ենք, որ մեզ արդարացնելուց հետո ոմանք նույնիսկ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Մենք կդիմենք Եվրոդատարան եւ վստահ ենք, որ արդարությունը կհաղթի, իսկ մեր ազատման պարագայում կպատժվեն շատ-շատ մարդիկ, պաշտոնյաներ, անգամ մեր երկրի նախաքննություն եւ արդարադատություն իրականացնողները»,- ասում են ամբաստանյալները:
Հ. Սահակյանն ու Վ. Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ ի սկզբանե քրեական գործին կցված չի եղել եւ հավանաբար արդեն ոչնչացվել է սպանված Մ. Մաքոյանի բջջային հեռախոսի sim քարտի զննության արձանագրությունը, որն, ըստ նրանց` կբացահայտեր իրական հանցագործներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարտում ամրագրված է եղել տուժողի հեռախոսագրքույկն ու հաղորդագրությունները` տղաները վստահ են, որ քննիչներն այդ քարտը թաքցնելով՝ կոծկում են իրական հանցագործին: Ավելին` ըստ նրանց, տուժող Մ. Մաքոյանի հագուստները զննությունից հետո կոշիկների, կիսագուլպաների հետ միասին փաթեթավորվել եւ ուղարկվել են փորձաքննության, մինչդեռ, ըստ փորձագետի` փաթեթի միջից բացակայել են կիսավարտիքը, կոշիկներն ու կիսագուլպաները։ «Որտե՞ղ են այդ կարեւորագույն ապացույցները, որով կարելի էր հետքաբանական փորձաքննություն կատարել: Դատարանը մեր դիտարկումներին դիտավորյալ չարձագանքեց»,- ասում են նրանք: Ըստ մեղադրական եզրակացության` ականատեսներ Արման Զաքոյանի եւ Տիգրան Տեր-Մելիքսեթյանի ներկայությամբ այս տղաները հալածել են տուժողին, մինչդեռ Հ. Սահակյանը եւ Զ. Մկրտչյանը վստահեցնում են, որ վերոնշյալ անձինք նման ցուցմունք չեն տվել: Տ. Տեր-Մելիքսեթյանը նախաքննության ընթացքում ընդհանրապես չի հարցաքննվել, եւ քրգործում չկա նրան որպես վկա հարցաքննելու մասին որեւէ արձանագրություն: Վկա Ա. Զաքոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը դեպքին ականատես չի եղել, դեպքի վայրում չի եղել եւ ընդհանրապես դեպքի մասին տեղյակ չէ:
Ինչո՞ւ քննիչների դեմ գործ չի հարուցվում
Ամբաստանյալները հայտարարում են, որ սույն քրգործով հանցագործության կատարման ժամանակի, շարժառիթի եւ դատարանի կողմից հաստատված, ճանաչված եւ մեղադրական դատավճռի հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված, քրգործում առկա եւ դատարանում հետազոտված ապացույցներին: Ավելին` գործի նյութերում առկա են փաստեր, որոնցով ապացուցվում է քննիչներ Վարդան Մուրադյանի եւ Ռուբեն Կիրակոսյանի` վկաների դեմ կատարած բռնությունների, ճնշումների հանգամանքը: Գործով վկաները, ամբաստանյալների ծնողները հանդես են եկել հայտարարությամբ, որով վկայել են վերոնշյալ քննիչների կողմից գործը փակելու պատրվակով պահանջած կաշառքների մասին, մինչդեռ այս փաստերն ինչպես դատական ատյանների, այնպես էլ` Դատախազության կողմից ուշադրության չեն արժանացել: Տղաների ծնողները վկայում են քննիչների կողմից տղաներին խոշտանգելու, վկաներին (երիտասարդ աղջիկներ) Ոստիկանությունում, սաունաներում պահելու մասին, սակայն քննիչները մինչ օրս որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել: Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի նմանատիպ մի սցենարով Մատաղիսի գործով ցմահ ազատազրկվեցին երեք տղաներ, այնուհետեւ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, սակայն մինչ օրս գործը սարքող քննիչները պատասխանատվության չեն ենթարկվել: Չեխովի փողոցում կատարված այս սպանության մեղադրանքը նույնքան անհեթեթ ձեւով է կապվել այս տղաների հետ, որքան անհեթեթ էր Մատաղիսի գործով երեք տղաների կապը: Կրկնվում է միայն նախաքննական մարմնի ձեռագիրը` խոշտանգումներով, սպառնալիքով, կեղծիքով ձեռք են բերվում կեղծ ցուցմունքներ, որոնք հետագայում հերքվում են, սակայն տղաներն, այնուամենայնիվ, դատապարտվում են կեղծ ցուցմունքներով կազմված մեղադրանքով:
Քրեական այս գործով զբաղվում է նաեւ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով ԱԺ-ում պատգամավորների հայտարարության ժամանակ ասաց. «Երեւանի քրեական դատարանի դատավորներ Ալեքսան Ազարյանի, Մնացական Մարտիրոսյանի եւ Եվա Դարբինյանի վերջերս կատարած դատավճիռը, որով 12-15 տարվա ազատազրկման դատապարտեցին չորս երիտասարդների` շինծու ապացույցների եւ բռնությամբ կորզված ցուցմունքների հիման վրա է: Մեղքն այդպես էլ չի հիմնավորվել փաստերով եւ ապացույցներով: Ես արդեն դիմել եմ Արդարադատության խորհրդին եւ սպասում եմ անհրաժեշտ միջամտության»:
Մեր թերթի հաջորդ համարում կներկայացնենք կեղծ վկաների ծնողների փաստարկներն այն մասին, թե քննիչներն ինչ վայրագ մեթոդներով են մարդկանց ստիպել կեղծ ցուցմունքներ շարադրել: