«Խիստ բացասական եմ գնահատում ընտրությունների արդյունքները եւ, ընտրախախտումների քանակական բնութագրիչից անցնելով որակականին, կարելի է ասել, որ երեկ քվեարկություն հասկացություն չկար, տեղամասերը վերածվել էին շուկայի»,- «tert.am»-ին տված հարցազրույցում մայիսի 31-ի ընտրություններն այսպես է գնահատել ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ցանկացած մարդ կարողացել է մտնել ընտրատեղամաս, վերահսկել: Խորհրդարանական ընդդիմության ղեկավարը մեղադրել է նաեւ Ոստիկանությանն ու Դատախազությանը անգործության մեջ` նշելով, որ նրանց անգործությունն էլ հաշվի առնելով, երեկվա ընտրությունները պետք է միանշանակ գնահատել խիստ բացասական: Շարունակելով` Ա. Մարտիրոսյանն ասել է, որ իշխանությունները չկարողացան ընտրությունները կազմակերպել եւ իրականացրեցին համակարգված ընտրակեղծիքներ: «Ցավոք, Երեւանի առաջին ընտրությունները տեղի ունեցան մեր ընտրական արատավոր համակարգի ներքո»,- հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը: