Այն բազմաթիվ հայերի համար, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, սակայն, հուշերով կամ պարզապես սրտացավ վերաբերմունքով կապված են Հայաստանի հետ, հայրենիքից ստացված յուրաքանչյուր նորություն բարձր գին ունի։
Հասկանալի է նաեւ, որ բարձր գին ունեին նաեւ մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք պարզապես չէին կարող անարձագանք մնալ վերջին տասնամյակներում նոր Սփյուռք կազմած հայերի կյանքում։ «Ի՞նչ կատարվեց», «Ծեծկռտուք կամ բախում եղա՞վ», «Հո զոհեր չեղա՞ն». այս հարցերն էին հիմնականում երեկվա ընթացքում ուղղվում էլեկտրոնային փոստով կամ զրույցի հրավիրող կայքէջերում ու բլոգերում։ Շատ մարդիկ իրենց հայաստանցի ընկերներին մեկ այլ՝ մարդկային տրամաբանության մեջ գրեթե չտեղավորվող հարց էին նաեւ ուղղում. «Զոհերը շա՞տ էին»։ Այսինքն՝ նրանք վստահ էին, որ զոհեր լինելու են, բայց հույս ունեին, որ շատ չեն լինի։
Բախտի բերմամբ արտասահմանում գտնվող մարդկանց համար բնավ էլ կարեւոր չէր, թե ով դարձավ Երեւանի քաղաքապետը, կարեւորը, որ մարդ չզոհվեց։ Այդ մոտեցումն այնքան ցայտուն էր, որ նույնիսկ բողոք առաջացնող զգացմունք էր արթնանում։ Հարցնում էիր՝ իսկ ինչո՞ւ պիտի մարդ սպանվեր կամ ծեծվեր, մենք ընդամենը քաղաքապետ էինք ընտրում։ Պատասխանում էին՝ դե, դա արդեն սովորություն է դարձել, քանի որ մենք հիմնականում Հայաստանի մասին լսում ենք այն ժամանակ, երբ մարդ ենք ծեծում, սպանում կամ էլ մարդկանց թույլ չեն տալիս փողոց դուրս գալ ու միտինգ անել։ Այդ կարծիքը Հայաստանից դուրս գտնվող քանդակագործները, նկարիչները կամ երաժիշտներն այնքան տրամաբանական էին համարում, որ թվում է՝ մենք, այստեղ ապրողներս, պետք է ամենաքիչը շիկնենք ամոթի զգացումից։ Բայց մենք գոհ ու երջանիկ ասում ենք՝ մարդ չի զոհվել, դե, խախտումներ, իհարկե, եղել են, բայց այս անգամ արյուն չի թափվել, ամեն ինչ խաղաղ է անցել։ Իսկ թե կոնկրետ ինչո՞ւ են ընտրությունները խաղաղ անցել, շատ դիպուկ պատասխանեց մի երիտասարդ, որը թաղերից մեկում սպորտային համազգեստով միշտ նստում է բեսեդկայում ու նայում անցնող ու դարձող հարեւաններին, քանի որ ոչ մի տեղ չի սովորում, չի աշխատում ու նպատակ չունի (ունի ընդամենը վերացական լավ գործ կպցնելու ու վերացական լավ մեքենա գնելու երազանք)։ Այդ տղան, որը երեւի իր կյանքում երկրորդ անգամ էր կոստյում հագել (առաջինը, հավանաբար, «վիպուսկնոյի» երեկոյին էր), ասաց. «Քուրո ջան, մենք ստեղ ենք, որ ամեն ինչ հանգիստ ըլնի։ Քանի մենք կանք՝ դու պրոբլեմ չունես»։ «Ինչպիսի՞ պրոբլեմներ» հարցին պատասխանը նա լավ գիտեր. «Ոչ մի պրոբլեմ»։ Հետո դեմքի լուրջ արտահայտությամբ թերթիկների ինչ-որ խուրձ տարավ ինչ-որ տեղ, հետո թեթեւակի քծնանքով հեռախոսով ասաց. «Ամեն ինչ լավ ա»։ Այդ տղան միգուցե իր կյանքում առաջին անգամ իրեն մեծ գործի համար պիտանի էր համարում։
Նման տղաներից բաղկացած խմբերը, որոնք թաղային հեղինակությունների մանր հրամանները կատարողներն են, դառնում են մեր հանգստության երաշխավորողը։ Եվ հենց նրանք են խնդրելով ու «ջան» ասելով՝ հայաստանցիներին ետ պահում բողոքներից ու սեփական աչքերով տեսածի դեմ ըմբոստանալու պատահական էմոցիոնալ ցանկությունից։ Նրանք են մեր ֆիզիկական գոյության անառարկելի պաշտպանները, քանի որ շատ ավելի լավ գիտեն, թե հայաստանցիներին ինչ է հարկավոր։ Օրինակ, չսպանվել, վնասվածքներ չստանալ, չծեծվել, հանգիստ ընդունել ի վերուստ կանխորոշված ընտրության արդյունքը։ Այդ տղաները, որոնցից շատերն անկախ Հայաստանի հասակակիցներն են, դեռ նոր են սկսում հեղինակություններին շողոքորթելու ճամփան ու սեփական պատկերացումների համաձայն՝ «ճիշտ կարիերա» են անում։ Նրանք այլ տիպի կարիերայի ու վերելքի մասին պարզապես տեղյակ չեն, նրանք շատ լավ տեսնում են, թե ինչն է գնահատվում ու այդ հիերարխիայի սանդղակի ամենաստորին աստիճանին կանգնում են շնչակտուր պատրաստակամությամբ։
Եվ երբ հարց է ծագում՝ իսկ զոհերը շա՞տ էին, պատասխանը միայն մեկն է՝ իհարկե, շատ են։ Զոհերը հենց այդ տղաներն են, որոնք ինքնադրսեւորվելու այլ ուղի չեն տեսնում, քան թաղային հեղինակությունների փոքրիկ կոստյումավոր երաշխավորը դառնալը։ Իսկ մենք էլ նրանց ասում ենք՝ ինչ լավ է, որ դու կաս, տղա ջան, դու կասես երբ է պետք ընտրատեղամասից դուրս գալ, որպեսզի Աստված չարասցե, ես կեղծիքների վկան դառնամ, «կրակն ընկնեմ» ու միգուցե վնասվածքներ ստանամ։ Դու ես ինձ պաշտպանում, անուս ու ճարպիկ երիտասարդ, ու դու էլ երբեք չես լինի լավ քանդակագործ կամ երաժիշտ, նույնիսկ՝ լավ սանտեխնիկ էլ չես դառնա։