ՀՀ կառավարությունը երեկ դիմել է ԱԺ-ին` առաջարկելով ԱԺ նախագահին հունիսի 2-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, միջազգային պայմանագրի վավերացումը, որի մեջ է մտնում նաեւ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» մայիսի 20-ին ընդունած համաձայնագիրը եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Հիմնական հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, պատգամավորներին, այն է, թե ինչպես ենք ծախսելու այս 500 մլն դոլարը: Մի մասը մենք ծախսելու ենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, մասնավորապես, աղետի գոտում շուրջ 24 մլրդ դրամի վերականգնողական աշխատանք ենք իրականացնելու, շուրջ 15 մլրդ դրամ ՓՄՁ ՁԱԿ-ին ենք տրամադրելու: Այս միջոցներից վարկեր ենք տրամադրելու համակարգաստեղծ գործարաններին, եթե դրանք կունենան ժամանակավոր դժվարություններ` պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, ձեւավորելու ենք կայունացման հիմնադրամ ԿԲ-ում: Այդ միջոցների մի մասը պլանավորում ենք օգտագործել 2010թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներին: Սա ընդհանուր առմամբ բարձրացնում է մեր մակրոտնտեսական ֆինանսական կայունությունը եւ, բնականաբար, ավելի բարենպաստ միջավայր ստեղծում դրական սպասումներ ձեւավորելու համար: Երեքշաբթի օրը կունենանք ԱԺ արտահերթ նիստ եւ կփորձենք մեր ԱԺ գործընկերներին ներկայացնել այս նախագծերի անհրաժեշտությունը եւ դրանից հետո կստանանք 500 մլն դոլարը: Սրանք ազատ միջոցներ են, եւ դրանք ծախսելու որեւիցե նախապայման չկա, այս գումարները ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու նպատակին»: