«Պետական բյուջեի բավական լուրջ միջոցներ վատնվում են»,- երեկ Ազգային ժողովի ամբիոնից 2008 թ. տարեկան բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Վերահսկիչ պալատի կարծիքն արտահայտելիս` հայտարարել է Իշխան Զաքարյանը: Մանրամասնելով` նա ասել է, որ բյուջեից նման վատնումները կատարվել են հատկապես կապված գնումների գործընթացի հետ, ինչպես նաեւ այդ գործընթացում մրցույթներով հաղթած ընկերությունների միջոցով: Ինչպես Զաքարյանն է ասել, բյուջեի 43 տոկոսը կամ 348 մլրդ դրամը վերաբերում է գնումների գործընթացին: Իշխան Զաքարյանը որպես օրինակ նշել է «Smart line» կազմակերպության անունը, որը մրցույթը շահել է եւ պարտավորվել է գրենական պիտույքներ մատակարարել: Ըստ Զաքարյանի, գրենական պիտույքներ տրամադրելու համար հիշյալ ընկերությանը պետական բյուջեից տրամադրվել է 274 մլն դրամ, մինչդեռ նրա մատակարարած ապրանքը շուկայում արժե 98 մլն դրամ: Վերահսկիչ պալատի նախագահն ասել է, որ շուկայում առկա իրական գները սովորաբար շրջանցվում են մրցույթները շահած կազմակերպությունների կողմից ու որեւէ ծառայության կամ ապրանքի դիմաց նրանք շուկայական արժեքից շատ ավելի բարձր գին են պահանջում: Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ Վերահսկիչ պալատը 43 տեղերում` մարզպետարաններում, նախարարություններում եւ այլ գերատեսչություններում իրականացրած իր ուսումնասիրությունը ավելի մանրամասն կներկայացնի հաջորդ շաբաթ` խորհրդարանում: