Բոլորս դեպի ընտրատեղամասեր՝ ընդդեմ ընտրակեղծիքների

02/06/2009

Այսօր առաջին անգամ մայրաքաղաքի բնակիչներս ընտրելու ենք Երեւանի ավագանի, եւ այդ ընտրության արդյունքում՝ Երեւանը, կրկին առաջին անգամ, ունենալու է թեկուզ ոչ ուղղակիորեն, սակայն ընտրված քաղաքապետ: Վերջին մի քանի ամիսներին եւ հատկապես նախընտրական քարոզչության շրջանում շատ է խոսվել այն մասին, որ այս ընտրություններն իրենց նշանակությամբ ոչ թե տեղական ինքնակառավարման կամ քաղաքային, այլ համապետական ընտրություններ են եւ կարեւոր են ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Իսկ այդ կարեւորությունն արտահայտվում է ոչ միայն եւ ոչ այնքան Երեւանի` կառավարման նոր մոդել ունենալու հանգամանքով, այլ այն պատճառով, որ վաղվա ընտրությունները 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ դրա արդյունքում տեղի ունեցած մարտի 1-ի ողբերգությունից հետո առաջին մասշտաբային ընտրություններն են: Այսինքն` այս ընտրություններում թիվ մեկ խնդիրը պետք է լինի` բացառել ընտրակեղծիքները, որոնց պատճառով տեղի ունեցան մարտյան իրադարձությունները: Բնականաբար, սա առաջին հերթին իշխանությունների պարտավորությունն է: Սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է իր դերակատարությունն ունենալ ընտրակեղծիքները կանխելու գործում` ընդամենը այցելելով ընտրատեղամաս եւ կատարելով իր ընտրությունը: Դա որքան անհավանական թվացող, նույնքան էլ իրականանալի հնարավորություն է, քանի որ աշխարհում ոչ մի քրեական տարր ու որեւէ չափի ընտրակաշառք ի զորու չէ հաղթել մարդու ազատ կամքի արտահայտմանը: Այնպես որ, բոլորս դեպի ընտրատեղամասեր: