Խորտակվող նավը լքելու ժամանակը

02/06/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ ՀԱԿ վերջին համապետական նախընտրական հանրահավաքը, որը անհամեմատ ավելի բազմամարդ էր, քան մայիսի 1-ի եւ մայիսի 15-ի հանրահավաքներն էին: Այս հանրահավաքը աչքի ընկավ նաեւ նրանով, որ ավելի շատ էին ելույթ ունեցողները, նրանց թվում էլ` մտավորականները:

Բացի դերասան Երվանդ Մանարյանից, ելույթ ունեցան նաեւ օպերային երգչուհի Արաքս Դավթյանը եւ սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: «Ուզում եմ ձեզ հաղորդել նաեւ մեծագույն ողջույններ մեր մաեստրո Օհան Դուրյանից, որը այսօր այստեղ չէ վատառողջության պատճառով, բայց նրա սիրտը մեզ հետ է»,- եզրափակեց իր խոսքը Ա. Դավթյանը: Իսկ Վ. Վարդերեսյանն առաջին անգամ էր մասնակցում Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին, թեեւ մամուլով եւ հայտարարություններով միշտ էլ հանդես է եկել ի պաշտպանություն քաղբանտարկյալների: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ հունիսի 1-ին ժամը 18:30-ին հավաքվելու են Մատենադարանի մոտ` տեղեկացնելու համար ընտրությունների արդյունքների եւ արձանագրված խախտումների մասին: Նա նաեւ ներկայացրեց ընտրակեղծիքների դեմ պայքարելու ՀԱԿ-ի մշակած ծրագիրը: Լ. Զուրաբյանը կոչ արեց բոլորին մայիսի 31-ին, երեկոյան ժամը 19:00-ից սկսած հավաքվել ընտրատեղամասերի մերձակայքում` 50 մետր հեռավորության վրա եւ վերահսկել ընտրության ընթացքը: Ըստ Լ. Զուրաբյանի` մինչեւ ժամը 23:00-ն բոլոր տեղամասերում հանձնաժողովները պետք է հաշվարկած-վերջացրած լինեն քվեաթերթիկները: Հակառակ պարագան, ըստ նրա, կնշանակի, որ տեղամասերում զանգվածաբար կեղծիքներ են կատարվում: Լ. Զուրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան են ժամանել Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի` դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք երեկ տարածել են աննախադեպ հայտարարություն` արդեն իսկ տեղ գտած օրենքի բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես` իշխանությունների կողմից կիրառվող ահաբեկումների վերաբերյալ: «Սա աննախադեպ զարգացում է, նման բան դեռ հայաստանյան ոչ մի ընտրությունից առաջ չի եղել, եւ սա ցույց է տալիս, որ այս ընտրությունների նկատմամբ գոյություն ունի աննախադեպ միջազգային ուշադրություն»,- նշեց Լ. Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ հնչեց նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը: Լ. Տեր-Պետրոսյանը իր ելույթում անդրադարձավ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը: Ըստ առաջին նախագահի` համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր իշխանական կոալիցիայի կուսակցություններից մեկը վերջերս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մեկ այլ ուժի հետ ընդդիմություն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Լ. Տեր-Պետրոսյանը ասաց, որ չի կասկածում` Քոչարյանը չի հաշտվել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ եւ, ինչպես Հայաստանի քաղաքական միջավայրում, այնպես էլ Եվրոպայում եւ Ռուսաստանում, իսկ ըստ որոշ լուրերի, նույնիսկ Իրանում ու Սիրիայում, աջակցություն է որոնում իր իշխանությունը վերականգնելու համար: Սակայն, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, այդ կուսակցությունները գիտակցում են, որ Ռ. Քոչարյանը «մարած քարտ է», եւ որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու մանավանդ մարտի 1-ի սպանդի պատճառով, «նրա վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է»: Առաջին նախագահը կոչ արեց նաեւ իշխանական կոալիցիայի այդ կուսակցությանը դուրս գալ կոալիցիայից, լքել խորտակվող նավը, եթե անկեղծորեն ուզում է ծառայել ժողովրդին ու այս երկրում որեւէ բան փոխել: Կոալիցիայի երրորդ անդամի մասին Լ. Տեր-Պետրոսյանը չխոսեց` նշելով, որ այն անհույս դեպք է եւ, որ երբեք իշխանական կերակրատաշտից չի հեռանա, իսկ եթե պետք լինի, կդառնա անգամ թուրքական կամ ադրբեջանական կոալիցիայի անդամ` միայն թե այս արեւի տակ քարշ տա իր խղճուկ գոյությունը: Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի` արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը կարող եք կարդալ մեր թերթի չորրորդ էջում:

Իսկ երեկվա հանրահավաքը ավարտվեց երթով: