Արմեն Հարությունյանը գտել է գլադիատորին

02/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 27-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ խոստացել էր Փաստահավաք խմբի գործունեության մասին մեկնաբանություններ տալ միայն այն ժամանակ, երբ իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի կարգավիճակն այդ խմբի ղեկավարի պաշտոնում հստակեցվի: Նա նաեւ հայտարարել էր, թե հաջորդ անգամ «գլադիատոր կուղարկի, որ դրանց դիմանա»: Երկու օր առաջ Վ.Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին, ու ՄԻ պաշտպանը որոշել է հրապարակել նրա փոխանցած տեղեկատվությունը: Վ.Ստեփանյանն ինքը խուսափեց պատասխանել հարցերին: Այս եւ այլ թեմաներին վերաբերող հարցերի մասին ՄԻ պաշտպանը խոսեց «168 Ժամ» եւ «Առավոտ» թերթերի լրագրողների հետ:

«168 Ժամ»
Պարոն Հարությունյան, ի վերջո ինչո՞ւ հրաժարական տվեց Վ.Ստեփանյանը: Կարծիք կա, որ նրա այդ քայլով իշխանությունները ցանկանում են լուծարել Փաստահավաք խումբը:

– Սա առաջին դեպքը չէ, երկրորդ, երրորդ դեպքն է, որ Վ.Ստեփանյանն ուզում է Փաստահավաք խմբի ղեկավարի պաշտոնից հրաժարվել: Ես խնդրում, համոզում էի, որ նա վերադառնա: Ցավոք սրտի, այնտեղ մթնոլորտն այնպես էր քաղաքականացված, որ մաքուր փորձագետը չէր կարող աշխատել: Փաստահավաք խմբի հիմքում դրված էր այն գաղափարը, որ կապ չունի, թե ով է անդամներին ներկայացրել, նրանք պետք է գործեն որպես անկախ փորձագետներ: Իհարկե, հասկանում եմ, որ դա հարաբերական է, ամեն դեպքում հնարավորինս պետք է որպես անկախ փորձագետներ գործեին: Բայց նրանք մնացել էին քաղաքական ներկայացուցիչներ: Փաստահավաք խմբի հիմքում դրված գաղափարախոսությանն ադեկվատ վարքագիծ էր դրսեւորում միայն Սեդա Սաֆարյանը: Եվ փորձագետի դիրքորոշում ունեցող Վ.Ստեփանյանն այդ մթնոլորտին պարզապես չդիմացավ եւ դիմանալու ցանկություն այլեւս չունեցավ, որովհետեւ կոալիցիոն ներկայացուցիչներն էլ դրսեւորել էին ծայրահեղ պասիվություն: Ըստ էության, նրանք եկել էին այնտեղ ոչինչ չանելու համար: Ցավոք, ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն էլ շատ դեպքերում հարաբերությունները մտցնում էր անձնական վիրավորանքների հարթություն: Պետք է նաեւ արդար լինենք ու նշենք, որ այդ 7 ամիսներին էլ Փաստահավաք խումբն աշխատել է բացառապես Վ.Ստեփանյանի շնորհիվ: Բայց վերջին 3 ամիսն այդ քաղաքական անհանդուրժողականության մթնոլորտն ավելի էր սաստկանում: Արդեն բանը հասել էր նրան, որ ոչ թե փաստերի, հարցերի շուրջը պետք է քվեարկեր, այլ` թե ո՞ր կողմից ես: Կարող էին չհամաձայնել եւ զեկույցների տակ չստորագրել, դրա համար կար հատուկ կարծիքի հնարավորություն, եւ ոչ թե անձնական վիրավորանք: Ինձնից, որպես ՄԻ պաշտպան, մի բան է պահանջվում, որ Փաստահավաք խումբ նոր ներկայացուցիչ ներկայացնեմ: Ես ձեր միջոցով ուզում եմ տեղեկացնել, որ այդ մարդն էլ ունեմ, նոր մարդ ներկայացնելու պատրաստակամությունն էլ ունեմ, բայց այնպիսի մարդ եմ ներկայացնելու, որը համապատասխանի ձեւավորված ձեւաչափին: Ձեւաչափը ոչ թե փորձագիտական է, այլ քաղաքական:

«Առավոտ»
Ո՞վ է լինելու Ձեր նոր թեկնածուն:

– Չեմ բացահայտի, երբ ինձ դիմեն պաշտոնապես, կիմանաք: Ես այդ մարդու հետ խոսել եմ, նա պատրաստ է: Եթե ուզեն, ես կարող եմ 1 ժամվա ընթացքում ներկայացնել: Նոր թեկնածուն կլինի մի մարդ, ով կդիմանա այդ մթնոլորտին, եւ եթե իրեն վիրավորեն, կկարողանա պատասխանել, այլ ոչ թե թողնել խումբն ու հեռանալ: Վ.Ստեփանյանի ամենամեծ թերությունն ինտելիգենտ լինելն էր: Նա առնվազն 7 անգամ զգուշացրել է, որ եթե այս ոճը շարունակվի, կհեռանա: Այստեղից էլ արձակուրդ վերցրեց, այնտեղից էլ, որ մի քիչ լիցքաթափվի: Բայց հետո առաջին նիստից նույն պրոցեսը նորից սկսվեց: Նա հասկացավ, որ դա իր տեղը չէ: Ավելին ասեմ, նա նույնիսկ պատրաստ էր այստեղից գնալ, բայց այնտեղ չվերադառնալ: Մարդը եթե քաղաքական որեւէ կողմի ներկայացուցիչ չէ, չի կարող որեւէ կողմին տուրք տալ:

«Առավոտ» Դուք ասում եք, թե 3 ամիս առաջ էլ ուզում էր հրաժարական տալ: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ իրադարձություններն արագ զարգացան, երբ մամուլում հրապարակվեց Փաստահավաք խմբի զեկույցը: Զեկույցը փոխանցվել էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ենթադրվում էր, որ «քնացվելու» է, եւ «կքնացվեին» նաեւ հաջորդ զեկույցները:

– Ամեն մի կողմ կարող է յուրովի մեկնաբանել: Չեմ պատրաստվում գնահատական տալ, բայց բացարձակապես կապ չկար, որովհետեւ, եթե ես չհամոզեի, Վ.Ստեփանյանը 3 ամիս առաջ էր թողնելու խումբը: Եթե նա փախնող լիներ, չէր ստորագրի զեկույցի տակ: Ամեն մարդ նյարդային ռեսուրսի տարբեր պոտենցիալ ունի: Խումբն աշխատում էր Վ.Ստեփանյանի շնորհիվ, եւ կողմերը ոչինչ չարեցին, որ նրա գործը հեշտանար: Քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է, Վ.Ստեփանյանը պարզապես ցանկացել է հանգստանալ: Իրենք թող աշխատեին: Կոալիցիայի ներկայացուցիչներն են իր հետեւից գնացել: Նա ուզում էր 9 աշխատանքային օր չգալ, բայց եթե ստորագրելու բան լիներ, դրան պատրաստ էր:

«Առավոտ» Իշխանությունների կողմից Վ.Ստեփանյանի վրա ճնշում եղե՞լ է: Չէ՞ որ Հատուկ քննչական ծառայությունը հետո չհամաձայնեց զեկույցում տեղ գտած փաստերի հետ: Կամ` հրապարակված զեկույցը ճնշման տա՞կ է ստորագրել:

– Նա ոչ մեկի ճնշման տակ ոչինչ չի արել: Եթե ճնշում եղել է, Փաստահավաք խմբի երկու կողմերից է եղել: Դրսից ճնշում չի եղել:

«168 Ժամ»Ինչպե՞ս եք վերաբերվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշմանը, որի համաձայն՝ զինծառայողները նույնպես ընտրելու իրավունք ունեն:

– Իմ մոտեցումն այն է, որ օրենքով զինծառայողները չեն կարող մասնակցել ընտրություններին:

«168 Ժամ»
Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ իշխանությունները հաշվի չեն առնում քաղաքական ենթատեքստ ունեցող Ձեր այն հայտարարությունները, որոնք կապված են մարտի 1-ի գործով դատավարությունների կամ այլ հարցերի հետ:

– Այդ հայտարարությունները վաղը մեծ դեր կխաղան Ստրասբուրգի դատարանում: Թեեւ մի փոքր ուշ, բայց դրանք իրենց արդյունքը տալու են:

«168 Ժամ»
Դեռեւս «7-ի» գործով առաջին դատավարությունների ժամանակ հայտարարեցիք, որ եթե դրանք երկար ձգվեն, ապա Դուք չեք սպասի եւ ողջամիտ ժամկետում գնահատական կտաք: Արդեն կես տարի է անցել, ինչպե՞ս եք գնահատում այդ դատավարությունները:

– Չեմ կարծում, թե ժամանակն է, որ դրա մասին խոսեմ: Պրոցեսների վերջում արդար դատաքննության իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկույց եմ ներկայացնելու:

«168 Ժամ» Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատրաստ է օգտվել համաներում հայտարարելու իր իրավունքից, բայց դրա համար քաղաքական ուժերին ու Հանրային խորհրդին կոչ արեց իրեն առաջարկություն ներկայացնել: Դուք որպես ՄԻ պաշտպան պատրաստվո՞ւմ եք նման առաջարկություն ներկայացնել:

– Նախ ես կփորձեի այսպես մեկնաբանել` նախագահը փորձել է իր սահմանադրական լիազորությունից օգտվել, այդ ուժերին մասնակից դարձնել դրան, եւ նրանք էլ թող իրենց կարծիքը ներկայացնեն: Ինքս, որպես ՄԻ պաշտպան, հայտարարություն եմ պատրաստում, որտեղ պատրաստվում եմ ողջունել այդ նախաձեռնությունը, իմ կողմից պատրաստվում եմ ուղղակիորեն դիմել նախագահին, նշել, որ իրոք հասունացած է եւ պետք է համաներում անել:

«168 Ժամ» Դուք 2008թ. մարտի 1-ին եղել եք Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, քաջ ծանոթ եք, թե այնտեղ ինչ է կատարվել, հրապարակել եք բավականին կոշտ արտահերթ զեկույց, համաներման մասին առաջարկություն ինչո՞ւ ավելի շուտ չներկայացրեցիք եւ սպասեցիք` մինչեւ նախագահն այդ մասին հայտարարեց:

– Որպես ՄԻ պաշտպան՝ միշտ ասուլիսների ժամանակ հայտարարել եմ, որ համաներումն է ճիշտ, եւ դա կնպաստի կոնսոլիդացիային: Հիմա օգտվելով նրանից, որ նախագահը նախաձեռնություն ցուցաբերեց, ես էլ իմ դիմելու ձեւաչափը փոխեցի եւ այդ նախաձեռնությանը պատասխան եմ տալիս այս ձեւով:

«168 Ժամ»
Այդ առաջարկով իրեն դիմելու համար նախագահը Հանրային խորհրդին էլ կոչ է արել, Դուք պատրաստվո՞ւմ եք այդ հարցով համագործակցել այդ կառույցի հետ:

– Հանրային խորհրդի հետ այս հարցում համագործակցելու կարիք չունեմ: Այն նոր ինստիտուտ է, թող հարցը մի քիչ ուսումնասիրեն: Ես առաջ ընկած եմ անում, որ իրենք միգուցե նաեւ օմբուդսմենի կարծիքը հաշվի կառնեն: Կհավատան օմբուդսմենին, որ հարցը հասունացած է, եւ իրենք էլ նախագահին կդիմեն:

«168 Ժամ»
Ձեր կարծիքով, եթե Երեւանի ավագանու ընտրությունները եւս կեղծվեն, այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի վրա:

– Մեր երկրի հեղինակության համար մեծ շռայլություն կլինի, եթե այս ընտրություններում իռացիոնալ բաներ լինեն: