ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ընկերությունը հայտնի է ՄՏՍ բրենդով: Ըստ ընկերության կայքէջում տեղադրված հաղորդագրության, տնօրենների խորհրդում առաջադրվել է ընդհանուր առմամբ 13 մարդ: «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում: Տնօրենների խորհրդում առաջադրված են անկախ տնօրենների 2 թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը եւ 2007թ. «ԱՖԿ Սիստեմայի» կողմից գնված Shyam Telelink-ի ղեկավար Ռաջիվ Մեխրոտրան: Ընկերության ռուսաստանյան գրասենյակի մամլո ծառայության ղեկավար Յուլյա Բելոուսը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Ռ. Քոչարյանին այս պաշտոնն առաջարկվել է, քանի որ նա ունի միջազգային համագործակցության մեծ փորձ, քաջ ծանոթ է ԱՊՀ շուկային եւ վայելում է ՌԴ-ի եւ արտասահմանյան երկրների գործարար հանրության հարգանքը: Ռ. Քոչարյանի հետ բանակցություններն արդեն անցել են, եւ, ինչպես ասել է ընկերության մամլո ծառայության ղեկավարը, նա իր համաձայնությունն արդեն տվել է: Ըստ Յ. Բելոուսի, այս պաշտոնը չի ենթադրում, որ այս կամ այն տնօրենը պարտավոր է հրաժարվել քաղաքական գործունեությունից: «Այս հարցերն իրար հետ կապված չեն, նա հանգիստ կարող է զբաղվել իր քաղաքական կարիերայով»,- նշել է նա: Տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը նշանակում է, որ Ռ. Քոչարյանն ընկերության բաժնետերերից չէ: «ԱՖԿ Սիստեման» ուղղակիորեն ներկայացված չէ ՀՀ-ում, սակայն փոխկապված ընկերությունների միջոցով գործունեություն ՀՀ-ում ծավալում է: Բացի ՄՏՍ-ի բաժնետոմսերի 53,1%-ից, «ԱՖԿ Սիստեմային» է պատկանում նաեւ «Կոմստար-ՕՏՍ»-ի բաժնետոմսերի 50,9%-ը: ՄՏՍ-ը եւ «Կոմստար-ՕՏՍ»-ն էլ, համապատասխանաբար, ՀՀ երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի»` «Վիվա Սել-ՄՏՍ» եւ «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայդերի հիմնական բաժնետերերն են: