Ինչու է «պատիվ տալիս» կառավարությունը

02/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Եթե մենք ճգնաժամին արձագանքենք կարճաժամկետ խնդիրները լուծելով, բյուջեն լցնելու՝ այս պահի նպատակն իրականացնելով, մենք կկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, եւ կբացառենք տնտեսական աճի հնարավորությունը»։ Ինչպես ասում են՝ ոսկի խոսքեր, որոնց հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն է։

Թերթի ընթերցողները կհամաձայնեն, որ այդ հարցը մենք պարբերաբար հնչեցրել ենք. այն է՝ բյուջե՞ն է ծառայում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը՝ բյուջեն լցնելուն։ Իրականում՝ բյուջեն, ավելի ճիշտ՝ հարկաբյուջետային քաղաքականությունը, պետք է ծառայի տնտեսությանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը, քանի որ դա ի վերջո օգտակար է հենց բյուջեի համար։ Տնտեսությունը կաճի՝ բյուջեն բնական ճանապարհով եւ առանց ճնշումների կլցվի։ Հակառակ դեպքում, երբ ընկերությանը խեղդում են եւ սնանկացնում՝ իբր թե հարկեր թաքցնելու համար, կամովին հրաժարվում են նաեւ ապագայում այդ ընկերության վճարած հարկերից։

Ինչեւէ. կառավարությունը կարծես փորձում է ապացուցել, որ մեր երկրում բյուջեն լցնելը ինքնանպատակ չէ, եւ, որ իրենք աշխատում են օժանդակել բիզնեսին՝ հատկապես մանր ու միջին։ Ու հենց այս լավատեսական նոտայով էլ լրատվամիջոցները փոխանցեցին այն լուրը, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ կառավարությունը որոշել է 2009-2010թթ. ընթացքում արգելել բոլոր տեսակի տեսչական ստուգումները փոքր ու միջին ձեռնարկություններում։ Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ շուրջ 22 մարմինների կողմից իրականացվող տեսչական ստուգումների դադարեցումը ճգնաժամի փուլում կստեղծի ավելի բարենպաստ միջավայր փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար: Իհարկե, փոքր-ինչ անորոշ է մնում՝ ի՞նչ ասել է կառավարության համար փոքր ու միջին ձեռնարկատիրություն, եւ որո՞նք են այդ 22 մարմինները։

Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ տվյալ լուրը կարդալիս ընթերցողն անմիջապես «տեսչական ստուգումը» ասոցիացնում է հարկային մարմնի անցկացրած ստուգման հետ։ Հարկայինն, իհարկե, մտնում է այդ ցանկի մեջ, սակայն կոնկրետ այս կառույցի առումով կառավարության որոշումը այնքան էլ «աննախադեպ» չէ։ Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ հարկային մարմինն, այսպես թե այնպես, ստուգումներ անցկացնելու հարցում սահմանափակումներ ունի, ասենք՝ նորաստեղծ ընկերություններն ընդհանրապես ստուգումներից ազատված են, քանի դեռ չի լրացել նրանց գործունեության մեկ տարին։ Բացի այդ, փոքր ու միջին ընկերություններում ստուգումներ անցկացնելը հենց իր՝ հարկային մարմնի սրտով էլ չէ, քանի որ այստեղ մեծ գումարներ չեն շրջանառվում, եւ իմաստ չունի ռեսուրսներ ու ժամանակ ծախսել՝ ստուգելով, օրինակ, փոքր վարսավիրանոցի ֆինանսական փաստաթղթերը։ Մանավանդ որ, հարկային տեսուչին ցանկացած տեսակի արգելքները չեն խանգարում մտնել որեւէ օբյեկտ ու «ՀԴՄ-ի ակտ» գրել՝ թեկուզ, եթե մարդը նորմալ տրամադրել է կտրոնները։ Սրա բացատրությունն էլ կա. ոչ ոք չի ցանկանում «թարսվել» հարկայինի հետ, որովհետեւ գրեթե բոլորի «տակ էլ» մի բան կա։ Սա օբյեկտիվ իրականություն է, որի հետ ստիպված ենք համակերպվել։ Կառավարության որոշումը, սակայն, տնտեսվարողներին ուրախացնում է այլ առումով։ Կան շատ գերատեսչություններ, որոնք կարծես ստեղծված են միայն «փող պոկելու» համար։ Հենց որ լսում են մի որեւէ ընկերության մասին, մակաբույծների նման վրա են տալիս՝ «պաժառնի», «սանէպիդ», եւ այլն, եւ այլն… Վրա են տալիս, վերցնում իրենց հասանելիքն ու գնում։ Ահա այս առումով տնտեսվարողների նյարդերը գոնե մի փոքր կհանգստանան։ Կարելի է արտատպել կառավարության որոշումը եւ փակցնել ընկերության դռանը, ինչպես միստիկ կինոներում կավիճով շրջան են գծում՝ չար ոգիների ճանապարհը փակելու համար։ Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հարկային փաթեթը նույնպես վերախմբագրվելու է (այս մասին էլ վարչապետը խոսել է ԱԺ-ում)։ Թե ինչ տեսք կստանա մասնավոր ընկերություններում սեփական մարդն ունենալու՝ հարկայինի նախաձեռնությունը, դժվար է ասել։

Ամեն դեպքում, կառավարությունը փորձում է համոզել, որ իրենք հաշվի են առնում բիզնեսի շահերը։

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա «Առավոտում» նրա վերջին հրապարակումը ամբողջությամբ տնտեսության մասին է։ Նախկին պաշտոնյա Վ. Օսկանյանի պնդումների հետ չհամաձայնելը դժվար է։ Օրինակ, որ «Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է»։ Կամ այն, որ ՓՄՁ-ների վարկավորումն ու «մոնումենտալ» (ձեւակերպումը ԱԳ նախկին նախարարինն է) նախագծերի վրա ուշադրությունը կենտրոնացնելը բավարար չեն։ Դժվար է չհամաձայնել այն պնդման հետ, որ օտարերկրյա վարկերը էժան չեն, եւ եթե դրանք ճիշտ չօգտագործվեն, ապա դժվար կլինի խուսափել ճգնաժամի առավել խորացումից։ Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է չհամաձայնել, որ «վարչարարական բարեփոխումներն այսօր ուղղված են բյուջեի մուտքերն ապահովելուն՝ չնպաստելով եւ նույնիսկ խանգարելով տնտեսության զարգացմանը»։

Ամեն ինչ կարծես ճիշտ է, եթե հաշվի չառնենք, որ Վ. Օսկանյանը խոսում է միայն այսօրվա մասին՝ մոռանալով, որ վարչարարական բարեփոխումները իր պաշտոնավարման օրոք էլ ծառայում էին նույն նպատակին՝ լցնել բյուջեն ու մի քանի հոգու գրպանները։ Իհարկե՝ այն ժամանակ, երբ պրն Օսկանյանը նախարար էր, տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա «հիվանդ» աճ էր։ Եվ եթե նշվում է, որ ճգնաժամը տնտեսական անկման պատճառներից ընդամենը մեկն է, ինչո՞ւ չի նշվում գլխավոր պատճառը, որ հենց այդ «աճի» պատճառով է տնտեսության կառուցվածքն այնքան խեղաթյուրվել, որ այսօր «կովկասյան վագրը» դարձել է խեղճուկրակ կատու, տարածաշրջանի ամենախեղճուկրակը։ Հայաստանի տնտեսության անկումը հայելու պես արտացոլեց այն վիճակը, որին երկիրը հասել է տասը տարի շարունակ «պատիվ տալու տեղեր» սարքելու արդյունքում։ Իսկ Վ. Օսկանյանն այդ ժամանակ չէր խոսում, որովհետեւ «պատիվ տալու տեղերում» շփվում էր Հայաստան ժամանած իր պաշտոնակիցների հետ։