Համաներում չուզողնե՞ր էլ կան

02/06/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս երեք տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ Սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ, իրոք, հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ Սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով օրենք ընդունելու մասին»,- Սարդարապատում մայիսի 28-ին հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս են մեկնաբանում նախագահի այս հայտարարությունը տարբեր քաղաքական ուժեր:

ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ իսկապես հասարակության մեջ հասունացել է համաներում հայտարարելու գաղափարը: «Շատ-շատերն են դրան սպասում, խոսքը չի վերաբերում միայն մարտի մեկի իրադարձությունների պատճառով դատապարտված մարդկանց:

Ես նախագահի այդ հայտարարությունը որպես պատգամավոր կամ ԱԺ փոխնախագահ, եւ որպես Մարտի մեկի հանձնաժողովի նախագահ՝ ողջունում եմ: Կարծում եմ, ԱԺ մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը եւս իր վերաբերմունքը կարտահայտի նախագահի հայտարարության առթիվ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ նշել է, որ ինքը Նախագահի այդ հայտարարությունը լսելուց հետո հիասթափվել է: «Ես չէի սպասում համաներման պատրաստակամության մասին, այլ կարծում եմ՝ ինչպես ես, այնպես էլ հասարակությունը, սպասում էին պարզապես համաներման մայիսի 28-ի այդ գեղեցիկ օրվա կապակցությամբ: Եվ նաեւ հույս ունեի, որ մինչեւ սանկտպետերբուրգյան հանդիպումը Հայաստանի նախագահը ինքն իրեն կազատի այդ ճնշող բեռից»,- ասել է պատգամավորը: Նրա համոզմամբ, համաներման պատրաստակամության վերաբերյալ նախագահի այս հայտարարությունն ընտրությունների նախորդ օրը կապված չէ ընտրությունների հետ: «Ինձ մնում է ուղղակի արված հայտարարությունը դիտարկել արտաքին միջավայրին ուղղված ուղերձի համատեքստում: Կարծում եմ, շատ ավելի կարեւոր է հունիսյան ԵԽ ԽՎ նստաշրջանին ընդառաջ այդպիսի քայլի կատարումը, քան ներքաղաքական լսարանի համար արվող որեւէ հայտարարություն»,- ասել է Ս. Սաֆարյանը, ցավալի համարելով այն, որ իշխանությունների համար կարեւորն արտաքին լսարանն է:

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես կարծում է, որ համաներում հայտարարելու պահը հասունացել է: «Հանրապետության նախագահն ասաց, որ ինչ-որ մի պահի պետք է սկսել նոր էջից: Վստահ եմ, որ համաներումը կարող է հանդիսանալ այդ նոր էջը` վերջնականապես հաղթահարելու համար ներքաղաքական լարվածությունը, հաղթահարելու մարտիմեկյան սինդրոմը, ինչը, պետք է անկեղծորեն ընդունենք, որ առայժմ մեր երկրում հաղթահարված չէ»,- նշեց Ն. Զոհրաբյանը: Նա համաներման հասունացումը գերազանցապես կապեց մարտի մեկի իրադարձություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ: «Պետք է խոստովանենք, որ մարտի մեկից հետո էր, որ հասարակության միջեւ առաջացավ անջրպետ, հասարակությունը բաժանվեց երկու հատվածների: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր երկրում հասարակության մեջ լինի անհանդուրժողականություն, լինեն երկու իրար հետ հակամարտող կողմեր: Իսկ այդ ամենը կարելի է հաղթահարել` միայն անելով մեծահոգության, հանդուրժողականության քայլ, ինչը, իրապես, կարող է դառնալ համաներումը»,- կարծում է Ն. Զոհրաբյանը: Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն իր առաջարկությունները համաներման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացնել նախագահական նստավայր: Ն. Զոհրաբյանը այս հարցին պատասխանելիս՝ նշեց, որ իրենց կուսակցությունում այս հարցով դեռեւս քննարկում չի եղել, սակայն ինքը կարծում է, որ «ԲՀԿ-ն իր պոզիտիվ մոտեցումները այդ խնդրի վերաբերյալ կարտահայտի, կձեւակերպի եւ կներկայացնի նախագահական նստավայր»:

ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում նշելով, որ համաներման գաղափարը հասարակության մեջ հասունացել է՝ դրա անհրաժեշտությունը չկապեց Մարտի մեկի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի հետ: Այն հարցին, թե ԱՄ կուսակցությունը պատրաստվո՞ւմ է որպես քաղաքական ուժ առաջարկություն ներկայացնել նախագահական նստավայր՝ համաներում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, Ա. Գեղամյանը պատասխանեց, որ իրենց առաջարկությունները կներկայացնեն հանրային խորհրդի կազմում որպես հանձնաժողովներից մեկի նախագահ հանդես եկող ԱՄ փոխնախագահ Կորյուն Առաքելյանի միջոցով: «Մենք, այո՛, կլիազորենք Կ. Առաքելյանին, որ նա ՀՀ նախագահին կից արդեն իսկ ձեւավորված Հանրային խորհրդում այդ հարցը դրական իմաստով բարձրացնի»,- նշեց Ա. Գեղամյանը:

Իսկ ՀՔԴՄ կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ հասարակության ներսում կան ինչպես համաներման կողմնակիցներ, այնպես էլ դրա հակառակորդներ: «Համաներման դեմ արտահայտվողները հիմնականում խոսում են այն մասին, որ համաներումը որպես կանոն՝ իր մեջ ընդգրկում է տարբեր աստիճանի ծանրության հանցագործությունների դեպքերը եւ, փաստորեն, շատ հաճախ հանրության համար անհասկանալի պատճառներով (նախկին համաներումների արդյունքը դա է վկայում) ազատվում են մարդիկ, որոնք իրենց հանցանքների համար վերջնական կամ լիարժեք չեն պատժվել եւ հետագայում շարունակում են հանրության համար մնալ որպես վտանգ»,- ասաց Խ. Հարությունյանը:

Մեր այն հարցին, թե նման մտավախություններ (կամ դժկամություն) հանրության մեջ մարտի մեկի դեպքերից հետո ձերբակալվածների ազատ արձակման նկատմա՞մբ էլ կան, Խ. Հարությունյանը նշեց, որ իր շփումները ցույց են տալիս, որ կան: «Կան մարդիկ, որոնք գտնում են, որ նրանք (քաղբանտարկյալները.- Հ.Մ.) հանիրավի են դատապարտված, բայց մարդիկ էլ կան, որոնք գտնում են, որ նրանք իրենց արածների համար պետք է պատասխան տան»,- նշեց Խ. Հարությունյանը: Նա նաեւ հավելեց, որ իր մոտեցումը այս հարցի վերաբերյալ կձեւավորվի Հանրային խորհրդում ենթադրվող սպասվող քննարկումների ժամանակ: