Կուսակցությունների, քաղաքական գործիչների անդառնալիորեն ընկած եւ Հանրային խորհրդի՝ դեռեւս ձեռք չբերած հեղինակությունը բարձրացնելու խնդիրը հանրապետության նախագահը փորձեց արհեստականորեն լուծել՝ նրանց վրա դնելով համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու եւ իրեն ներկայացնելու գործը: Եվ վերջիններիս պերճախոսությունից եւ համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու կարողությունից են կախված ազատազրկված բազմաթիվ մարդկանց ճակատագրերը: Այս դեպքում համաներման գաղափարը չարժե նեղացնել եւ կապել միայն մարտի մեկի դեպքերից հետո ազատազրկվածների հետ (հայաստանյան բանտերում անմեղ մարդիկ շատ են), թեեւ հենց քաղաքական բանտարկյալներով է պայմանավորված հասարակության ուշադրությունը ՀՀ նախագահի՝ համաներում հայտարարելու սահմանադրական իրավունքի հանդեպ:
Եվ եթե, ուշադրություն դարձնենք, եթե «արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ սահմանադրական իմ իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողովին՝ օրենք ընդունելու համար»,- հայտարարեց ՀՀ նախագահը՝ Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում, Հանրապետության օրը: Հասկանալի լեզվով ասած՝ սա նշանակում է՝ եթե ցանկանում եք, որ համաներում հայտարարեմ, եկեք, խնդրեք, ձեր խնդրանքը հիմնավորեք, կտեսնենք: Թեեւ ոչ ոք չի կասկածում, որ Սերժ Սարգսյանն առանց մեկ րոպե երկմտելու՝ համաներում կհայտարարեր: Պարզապես, նրան անհրաժեշտ է, որ մեկ տարուց ավելի ազատազրկման մեջ գտնվող մարդիկ, կամ, ինչպես նախագահը այլ կերպ ձեւակերպեց, «կուսակցությունները, քաղաքական գործիչները» իրեն խնդրեն: Շատ խնդրեն: Այսինքն` համաներումը հասարակական գիտակցության մեջ պետք է ընկալվի որպես ոչ թե մեծահոգություն, բարի կամքի դրսեւորում, հումանիզմ, այլ ժողովրդական լայն զանգվածների խնդրանքին ընդառաջ գնալու ցանկություն: Հակառակ պարագայում, եւ դա հասկանալի է բոլորին, նախագահի այդ անչափ ուշացած քայլն այլեւս չի կարող ունենալ ակնկալված ռեզոնանսը: Ստացվում է, որ համաներման խնդիրն առանց Հանրային խորհրդի կամ, դիցուք, քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի միջնորդության, այսինքն` առանց անազատության մեջ գտնվող մարդկանց վերջնական եւ այս դեպքում՝ գուցե անդառնալի նվաստացման, չի լուծվի: Առհասարակ, երկրի առաջին դեմքը, իր կարգավիճակից ելնելով, քաղաքական ընտրանուն, հասարակությանը որոշակիորեն պարտադրում է վարքագծի նույն կանոնները, նույն արժեքները, որոնք իր համար առաջնային են: Սերժ Սարգսյանը, երբ տակավին պաշտպանության նախարար էր, յուրաքանչյուր հրապարակային ելույթի ժամանակ հպարտորեն պատմում էր, թե որպիսի օրինակելի պաշտոնյա է, քանի որ իրեն սպասարկող մեքենաները կարմիր լույսի տակ կանգնում են: Այդպիսով նա ենթադրում էր, որ վարքի նման կանոնը պետք է օրինակ լինի նաեւ մյուս պաշտոնյաների համար: Հիմա, երբ նա արդեն նախագահ է, նրա հետաքրքրությունների շրջանակն անհամեմատ լայն է. նրա համար կարեւոր է, որ երկրում թեւածի հանդուրժողականությունը, սակայն «դրա համար պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրեւ չարիք»: Հանրապետության օրը շնորհավորական իր ուղերձում Սերժ Սարգսյանը դառնորեն նկատեց, թե այսօր մի իրավիճակ է, երբ «պարտվում են բոլորը, պարտվում են միասնականությունը, բարությունը, հաղթանակում են չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը»: Եվ այս ամենի պատճառն, ըստ նրա, այն է, որ մենք այդպես էլ չենք յուրացնում անցյալի դասերը: Այնպիսի տպավորություն էր, որ շնորհավորական ուղերձի հեղինակն ամենեւին էլ երկրի նախագահը չէր, քանի որ իրավիճակը պատկերացնելուց եւ գնահատելուց հետո երկրի առաջին դեմքի քայլերի հաջորդականությունը պիտի որ այլ լիներ:
Բոլորն, անգամ ԱԺ նախագահը, Սերժ Սարգսյանից ակնկալում էին (եւ այդ մասին հրապարակայնորեն ասել էին), որ նա իր անձնական օրինակով ցույց տա, թե ինքը չարացածության, մանր կրքերի եւ անհանդուրժողականության թշնամին է: Սակայն այդպես չեղավ: Եվ այն էլ որերորդ անգամ:
Երեւանի քաղաքապետի ընտրություններից հինգ րոպե պակաս երկրի նախագահի նման ոչ վեհ քայլի ցուցադրությունը ամենեւին չի նպաստի, որ կիրակի օրն ընտրություններն անցնեն հանդուրժողականության մթնոլորտում: Քանի դեռ երկրի ղեկավարն իր անձնական օրինակով ցույց չտա, որ ինքը վեր է ամեն կարգի մանր, ցածր կրքերից, հասարակությունից, ավելի ստույգ՝ քաղաքական կուսակցություններից, օլիգարխներից եւ նրանց սպասարկող մարդկանց ցավալիորեն հոծ բազմությունից ակնկալել լինել բարոյական եւ ոչ ստոր, լուրջ չէ: Քանի դեռ երկրի առաջին դեմքերի համար ամենեւին էական չէ, որ իրենց ղեկավարած հասարակությունը լինի բարոյական, կիրթ եւ լուրջ, նրանք այդ հասարակության հետ վարվելու են այնպես, ինչպես վարվում են: Երբ երեք երեխաների մայրը՝ տնային հագուստով, հողաթափերով, փողոցներն ընկած` ձայն է հավաքում Երեւանի քաղաքապետի, ավելի վաղ՝ թաղապետի, ավելի վաղ` երկրի նախագահի, ավելի վաղ՝ ԱԺ պատգամավորի համար, դա պիտի որ մտահոգեր երկրի ղեկավարությանը: Երբ բակերում երեկոյան ժամերին երիտասարդները, ովքեր զբաղված են վերոնշյալ եւ անպատիվ գործով, իրենց աշխատանքի համար վարձատրվում են խորովածով եւ «Հայ կոլայով», նշանակում է՝ պետությունը լուրջ պրոբլեմ ունի: Սակայն հասարակության մրուրը լուրջ խնդիր է դառնում քաղաքակի՛րթ պետությունների համար: Մեզ մոտ նրանք են երկրի ապագան: Եվ նրանցն է ապագան, քանի դեռ երկրի առաջին դեմքերը ազնվությունը, մեծահոգությունը, բարեկրթությունը համարում են ոչ պիտանի, ավելորդ ծանրություն, որոնք խանգարում են Հայաստանում լիարժեք ապրելուն: