«Ես մի թեթեւ հայտարարություն ունեմ` իմ բարեկամներին դատարանի դահլիճ չեն թողնում: Հարգելի դատավոր, հայտարարեք, որ ամնիստիա է, թող գան բոլորը դահլիճ: Դատավորն իրավունք ունի, չէ՞, իր նախորդ սանկցիաները վերաորակավորելու: Ասեմ, ձեր իրավունքներն իմացեք: Ասեք, թող գան դահլիճ, թե չէ կջղայնանամ»,- ըստ «Ա1+»-ի, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում դիմելով դատավոր Արմեն Խաչատրյանին՝ հայտարարել է Մարտի 1-ի գործով մեղադրվող քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը: Ի պատասխան` դատավոր Խաչատրյանն ասել է, թե ովքեր հեռացված չեն դատարանի դահլիճից, կարող են գալ ու մասնակցել: «Ցմա՞հ եք, ինչ է, հեռացրել»,- դահլիճից բացականչել է մեկը: «Ոչ թե ցմահ, այլ այս սույն գործով: Ժամը 15:00 մեկ այլ դատական նիստ ունեմ, կարող են գալ, ներկա գտնվել»,- փորձել է կատակել դատավորը: Դատախազ Հարություն Հարությունյանն ընթերցել է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեսանկարահանված սկավառակի վերծանումը: Այդ ընթացքում Մյասնիկ Մալխասյանը պարբերաբար ընդհատել է նրան` ասելով. «Հարգելի դատարան, ուշադրություն դարձրի՞ք այսինչ հատվածին: Դատարանը ֆիքսելու խնդիր ունի, ֆիքսել կարեւոր պահերը»: «Դատարանը տեսողության ու լսողության խնդիր չունի, լսում ենք: Դուք ֆիքսեք կարեւոր պահերն ու ձեր ճառերում հանդես կգաք, եթե կհասնենք դատական վիճաբանությունների փուլին»,- պատասխանել է դատավորը: «Ուրեմն կարող է չհասնե՞նք այդ փուլին»,- անմիջապես արձագանքել է Մալխասյանը: «Առջեւում ընտրություններ են»,- հիշեցման կարգով ավելացրել է պաշտպան Հովիկ Արսենյանը: Երեկ իբրեւ փաստացի ապացույց՝ դատարան է բերվել այն մետաղյա ձողը, որով Մյասիկ Մալխասյանը իբրեւ թե պետք է «բռնությամբ տապալեր իշխանությունը»: Դա առաջացրել է Մյասնիկ Մալխասյանի զայրույթը, եւ նա բացականչել է` ասելով, թե «գոնե ատրճանակ բերեիք, ոչ թե ձող, ամոթ չի՞»: Դատավորը սանկցիա է կիրառել նրա նկատմամբ` նրան 5 օրով հեռացնելով դատարանի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը ժամը 12:00-ը: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ապա նա, թեեւ դատական նիստին ներկայացել է, սակայն վատառողջ է եղել: Հակոբյանը նույնիսկ դատավոր Գագիկ Ավետիսյանին խնդրել է. «Միեւնույն է, այսօր բան չի փոխվելու, ես իրոք վատ եմ, ուղղակի ներքեւը մի քիչ պառկեմ, դուք շարունակեք»: Իսկ Աբովյանի նախկին քաղաքապետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբներից մեկի նախագահ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը երեկ տեղի չի ունեցել` դատավոր Գագիկ Պողոսյանի վատառողջության պատճառով: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ հունիսի 5-ի ժամը 11:30-ը: