Վեճի առարկան կրկին հողատարածքն է

02/06/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Կիլիկիա 1-ին փողոցի, 23 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանը` ահազանգելով իր ընտանիքի դեմ կատարվող ոտնձգությունների մասին:

Վերջինս պնդում է, որ նույն թաղամասի բնակիչ, իր հարեւան Բաղդասար Խաչատրյանն առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է իր ընտանիքին պատկանող 206քմ մակերես կազմող հողատարածքը եւ ապօրինի շինարարություն է իրականացնում: Կ. Մանսուրյանի հավաստմամբ` 25 տարի առաջ Կիլիկիա 1-ին փողոցի, 23 տան դիմացի 206.0 քմ մակերեսով զառիթափ հողատարածքում բացօթյա տաղավար են կառուցել, այնուհետեւ` «քանի որ ես նկարիչ եմ, իսկ ամուսինս՝ քանդակագործ, եւ քաղաքի համար մենք շատ բան ենք արել` մենք ստեղծագործական աշխատանքներ կազմակերպելու համար տարածքի խնդիր ունեինք: Այն տարիներին դիմեցի Շահումյանի շրջգործկոմի նախագահ Վահան Զատիկյանին` խնդրելով իմ կողմից բարեկարգված տարածքը սեփականության իրավունքով տրամադրել ինձ: Հողահատկացումն իրավաբանորեն ձեւակերպված էր, երբ պրն Զատիկյանը մահացավ, իսկ գործընթացը կանգ առավ»,- պատմում է Կ. Մանսուրյանը` հավելելով, որ վարչական տարածքների վերաբաժանման արդյունքում վերոնշյալ հասցեն ընդգրկվել է Կենտրոն համայնքի վարչական տարածք: Դրանից հետո Կ. Մանսուրյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից ստացել է փակ արվեստանոց կառուցելու առաջարկ: Ինչեւէ, քաղաքապետարանը հաշվի առնելով Կ. Մանսուրյանի ամուսնու` Վաչագան Մանսուրյանի մատուցած ծառայությունները` Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատան քանդակները, Անտոն Քոչինյանի հուշատախտակը, Թամանյանի անվան շքանշանները, քաղաքին նվիրված «Սուրբ Սարգիս» քանդակը` խոստացել է վերոնշյալ տարածքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել վերջինիս: Կ. Մանսուրյանն ասում է. «Դա տեղի չունեցավ, բայց ավելի ուշ մեզ առաջարկեցին կադաստրային արժեքով` քմ-ն 600 դրամով, գնել հողամասը, ինչը կրկին ձգձգվեց, որից հետո մեզ համար անհայտ պատճառներով տարածքը դրվեց աճուրդի»: Ըստ նրա, քաղաքապետարանն առաջարկել է դիմել դատարան` տարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար, իսկ եթե դատարանի որոշումը լինի իրենց օգտին, ապա իրենք չեն առարկի Մանսուրյանների այդ հողատարածքի հանդեպ իրավունքն ամրագրելու հարցը: «Դատարանը մեր հայցը բավարարեց, մենք հողատարածքի հանդեպ վարձակալության իրավունք ստացանք, բայց քաղաքապետարանն ամեն դեպքում չկատարեց իր խոստումը: Երբ գործը գտնվում էր Վերաքննիչ դատարանի վարույթում, մեր հարեւանությամբ բնակվող Բաղդասար Խալաթյանն իրեն հատուկ զոռբայությամբ զավթեց հողամասը եւ զգուշացրեց, որ ոչ մի բանի առջեւ չի կանգնելու: Երբ փորձեցի կանխել նրա ապօրինի գործողությունները` այդ սանձարձակ մարդն ինձ այնպես ծեծի ենթարկեց, որ շուրջ 15 օր հիվանդանոցում պառկեցի: Այդ հանցավոր արարքի համար քրեական գործ հարուցվեց, որի ընթացքն ու ավարտն առ այսօր մեզ հայտնի չէ»,- վստահեցնում է Կ. Մանսուրյանը` հավելելով, թե Բ. Խալաթյանը հովանավորվում է պետական պաշտոնյաների կողմից: Այդուհանդերձ, Կ. Մանսուրյանը պնդում է, որ Բ. Խալաթյանն արհամարհելով դատարանի վճիռը, որը բավարարվել է Կ. Մանսուրյանի օգտին` շարունակում է կառուցապատել հողատարածքը` պատճառաբանելով, թե թաղապետարանի կողմից խաղահրապարակ կառուցելու թույլտվություն ունի: Դեռեւս 2008թ. մարտ ամսին Կ. Մանսուրյանը քաղաքապետարանի Աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության բաժնից պաշտոնական գրություն է ստացել առ այն, որ Բ. Խալաթյանի կողմից նախաձեռնված մուտքի կառուցման ինքնակամ շինարարության աշխատանքները կանխվել են. «Բացարձակ սուտ է, իսկ քաղաքապետարանի պաշտոնյան հեշտ ու հանգիստ իր ստորագրությունն է դրել այդ կեղծիքի տակ»: Կ. Մանսուրյանը պնդում է, որ իր բազմաթիվ դիմումները քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից մնում են անպատասխան: Կ. Մանսուրյանի դիմումն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան, որին պատասխանել է Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը. «Ի պատասխան ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր 25.12.2008թ. դիմումի տեղեկացնում եմ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2005թ. հ.2-194 վճռով բավարարվել է Ձեր հայցը եւ ճանաչվել օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը` Կիլիկիա թաղամաս 1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում Ձեր կողմից փաստացի օգտագործվող 206.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ, սակայն Երեւանի քաղաքապետի 22.03.2005թ. հ. 01/7-52 գրությամբ ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ վճռի դեմ, բայց դատարանի 26.06.2007թ. ընդունած որոշմամբ քաղաքացիական գործը թողնվել է առանց քննության, քանի որ կողմերը չեն ներկայացել դատական նիստին: Միաժամանակ հայտնում եմ, որ Կիլիկիա 1-ին փողոց, հ. 23 տանը հարող տարածքում քաղաքացի Բ. Խալաթյանի կողմից նախաձեռնված շինարարական աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2008թ. մարտին կանխվել են, որից հետո հիշյալ տարածքում որեւէ շինարարական աշխատանք չի կատարվել»: Կ. Մանսուրյանն, այնուամենայնիվ, պնդում է, որ Բ. Խալաթյանն ակտիվ շինարարություն է իրականացնում, իսկ իր ահազանգերին քաղաքապետարանի պաշտոնյաները չեն արձագանքում. «Հենց հիմա ձեզ մոտ եմ եկել քաղաքապետարանից, առավոտից էնտեղ եմ, բայց ինձ լսող չկա: Հասկանո՞ւմ եք, ապօրինի շինարարություն է կատարվում, իսկ քաղաքապետարանն իմ ահազանգերի վրա թքած ունի»:

Մենք զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի տեղակալ Հայկ Խաչատրյանի հետ, ով քաջատեղյակ էր այս պատմությունից: Վերջինս հավատացնում էր, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են` ասելով. «Կարող եք գնալ եւ տեղում համոզվել»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե համարո՞ւմ է նա արդյոք Բ. Խալաթյանի գործողություններն ապօրինի, պատասխանեց` «Նա դեռ չի ներկայացել, չենք ճանաչում իրեն: Երբ որ փաստաթղթեր ներկայացնի` նոր գնահատական կտանք՝ ապօրինի՞ է, թե՞ օրինական»: Հ. Խաչատրյանի այս դիտարկումը թերեւս անհասկանալի է, քանի որ, եթե Բ. Խալաթյանի գործողություններն անօրինական չեն, ապա ինչո՞ւ է քաղաքապետարանը շինարարությունը դադարեցրել:

Հ.Գ. Մենք պատրաստ ենք ներկայացնել նաեւ երկրորդ կողմի` Բաղդասար Խալաթյանի փաստարկները: