Տիգրան Մանսուրյանի մարդկային կերպարն ու մտահոգություններն այնքան անկեղծ են, որ կարող են ցանկացած սկեպտիկի զինաթափել: Բզկտված զգացմունքներով ու սպասելիքներով համակված մեր հասարակությունը հոգնել է կեղծ հուսադրող ճառերից, քանի որ շատ հաճախ բառն ու գործը ոչ միայն իրար չեն համապատասխանում, այլեւ` ուղղակի հակադրվում են իրար: Երբ գիտես, թե ով է իրականում այս կամ այն արվեստի գործիչը, ապա չես կարող հավատալ նաեւ նրա ստեղծած արվեստի ուժին: Ուժը հօդս է ցնդում, եթե մարդն ինքն իր խղճի առաջ մաքուր չէ: Իսկ Տ. Մանսուրյանը եզակի մարդ է. նա զուրկ է պաթոսից ու, ինչպես ինքն է ասում` ամենից շատ վախենում է, երբ իր երազանքները մարդիկ որպես պահանջ են ընկալում: «Երազանքներն ու պահանջը հաճախ նույնացվում են, քանի որ դրանք մոտ հասկացություններ են, սակայն տարբեր բնույթ ունեն: Ես շատ երազանքներ ունեմ, բայց չունեմ պահանջ»,- ասում է նա: Տ. Մանսուրյանը, ով վերջերս տոնեց իր հոբելյանը, նշեց, որ երազում է օրենքի իշխանության գերակայության վկան դառնալ, քանի որ միայն այդ դեպքում մարդը կարող է զբաղվել իր գործով ու հասարակական անարդարություններից զերծ լինել:
Հունիսի 1-ին Սպիտակ քաղաքում տեղի կունենա համերգ, որտեղ Երեւանի Կամերային նվագախումբը (ղեկավար Արամ Ղարաբեկյան) ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը (ղեկավար Տիգրան Հեքեքյան) մի հատված կկատարեն Տ. Մանսուրյանի ստեղծած «Ձյունե թագուհին» բալետից: «Սպիտակ հունիս» ծրագրին միանալու են նաեւ Սպիտակի երաժշտական դպրոցի սաները, եւ ըստ Ա.Ղարաբեկյանի` համերգը զարգանալու է կրեշչենդո ոճով ու մեծ ֆինալ է ունենալու: Ա. Ղարաբեկյանը նկատեց, որ Սպիտակը հիշատակվում է միայն որպես երկրաշարժ վերապրած քաղաք, եւ իրենք ցանկանում են փոխել այդ շեշտադրումը: Ա.Ղարաբեկյանն ու Տ. Մանսուրյանը վստահ են, որ դասական երաժշտությունը հայաստանցիների համար կարող է ամենօրյա կյանք դառնալ, այլ ոչ թե` առանձին համերգների տեսք ունենալ, մանավանդ, որ ունկնդիրը պատրաստ է համերգ լսելու գնալ: Դա են փաստում մարզերում անցկացված դասական երաժշտության երեկոներն ու մարզերի բնակիչների ուրախությունը:
Ի դեպ` Անդերսենի պատմվածքի հիման վրա գրված «Ձյունե թագուհին» բալետը որոշ ժամանակ եղել է Երեւանի Օպերայի ու բալետի թատրոնի խաղացանկում, նաեւ թատրոնի հյուրախաղերի ընթացքում ցուցադրվել է Գերմանիայում, սակայն հետո խաղացանկից հանվել է: Տ. Մանսուրյանը կարծում է, որ այդ բալետը դեռ կարող էր ապրել, եւ հույս ունի, որ օրերից մի օր այն նորից կբեմադրվի: Երկար դադար վերցնելով` Տ.Մանսուրյանը նկատեց, որ հայրենիքում գնահատվելու կամ չգնահատվելու խնդիրն իրեն արդեն չի մտատանջում, քանի որ զգացմունքները ատրոֆիայի են ենթարկվել: Այդ միտքը միանգամից հարցեր ծնեց:
– Ասացիք, որ զգացմունքներն ու ցանկությունները ատրոֆիայի են ենթարկվել: Արդյոք դա վտանգավոր չէ՞: Մանավանդ, որ շատ մարդիկ են այդպես մտածում, եւ ոչ միայն արվեստի մարդիկ:
– Կարծում եմ, որ հիմա մեր հասարակության մեջ երկու` իշխանամետ ու իշխանությունները մերժող ուժերի կողքին ձեւավորվել է մեկ այլ ուժ, որն ամենասարսափելին է: Այդ ուժը որեւէ կողմի հետ հարաբերություն ունենալ այլեւս չի ցանկանում եւ չունի այդ հարաբերությունները: Էմիգրանտ կարելի է դառնալ եւ՛ երկրից դուրս գալով, եւ՛ առհասարակ գործողությունների հրապարակից դուրս գալով: Այդ երկրորդ տիպի էմիգրացիան թույլ է տալիս մարդկանց ոչնչի մեջ ներգրավված չլինել եւ ուղղել հայացքը միայն դեպի իրենց սեփական տունը: Եվ նկատելի է, որ այդ վարքագիծը հատուկ է ոչ միայն հատուկենտ մարդկանց, այլ արդեն մի ամբողջ սոցիալական շերտի վարքագիծն է կազմում: Այդ մարդիկ թեեւ երկրում են գտնվում, բայց իրականում երկրից դուրս են, քանի որ գերադասում են իրականությունից դուրս լինել: Կարծում եմ, որ ամենասարսափելին այդ մարդկանց շերտի գոյությունն է եւ այդ շերտի օրեցօր ծավալվելը: Ակտիվ պոզիցիա ունեցող մարդկանց քանակը չի ավելանում, ընդհակառակը` նվազում է: Համենայնդեպս, դրանք իմ զգացողություններն են, միգուցե ես սխալվում եմ:
– Դա բացահայտ վիճակ է, թեեւ ոչ ոք դա չի ուզում նկատել: Միգուցե, եթե այդ մասին ավելի հաճախ խոսեն` խոսելու իրավունքն իրոք վաստակած մարդիկ, իրավիճակը լուրջ ահազանգի տեսք կստանա:
– Գիտեք, ես համոզվեցի, որ խոսելը բացարձակ անօգուտ զբաղմունք է: Կարծում եմ, որ մեր այսօրվա հոգեբանական, մարդկային, սոցիալական հարաբերությունները մղձավանջ են հիշեցնում: Վերջին տարիներն այնպիսի սեփականատիրություն, եսամոլություն ու ագրեսիա ծնեցին, որ մնացած բոլոր արժեքները մտան ընդհատակ: Մեր ժամանակը սկսեցին խորհրդանշել շուկայական հարաբերությունները, անսանձ հաճույքներին տրվելու ցանկությունը, ախորժակի անզուսպ արտահայտությունը: Ախորժակ ունենալն իրենից այնպիսի ահռելի ուժ է ներկայացնում, որ դրա դեմ ոչինչ հակադրել չես կարող, ոչ մի սրբություն, ոչ մի բարոյական կոդեքս ախորժակի ագրեսիայի դեմ չի կարող պայքարել: Նույնիսկ, եթե որեւէ մեկը ընդունում է այդ վիճակն ու բարոյախոսությունը, ապա միանգամից սկսում է այն ծառայեցնել որպես դիմակ: Եվ դա համատարած է: Բարձր արժեքներից խոսող մարդկանց մեծ մասը միաժամանակ գործի մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչպես պետք է իրենց շահը մեծացնեն ու անձնական խնդիրները լուծեն: Բարոյականությունը մեծամասամբ ընդամենը որպես դիմակ է ծառայում:
– Յուրաքանչյուր մարդ հասարակությանը օգտակար լինելու ներքին պահանջ ունի: Չե՞ք կարծում, որ հիմա հյուսնին, լրագրողին, բժշկին կամ կոմպոզիտորին զրկել են ընդհանուրի մասը կազմելու պահանջից: Ստացվում է, որ ինչ ուզում ես` արա, միեւնույն է, քո արածը ոչ մեկին պետք չէ:
– Անշուշտ դա այդպես է: Մեր հարաբերությունների եզրերը չեն կազմում այն արժեքները, որոնք մշակույթից, գեղեցկությունից կամ արվեստից են ծնվում: Մեր հարաբերությունների եզրերը փոխադարձ շահն է կազմում: Եվ արվեստն ու մշակույթը ծառայում են այդ շահին:
– Իսկ ինչո՞ւ են արվեստի մարդիկ հեշտությամբ ծառայում:
– Որովհետեւ արվեստի բնագավառում անկախություն գրեթե գոյություն չունի: Արվեստագետի «ես»-ի անկախությունն ապահովված չէ, եւ հեշտությամբ կարելի է նրա առջեւ փակել բոլոր դռները: Այսինքն` արվեստագետին շատ արագ կարող են զրկել նյութական ապահովությունից, սեփական աշխատանքով գումար վաստակելու իրավունքից: Մեր օրերի արվեստագետը, եթե պաշտոն չունի, դառնում է երկրորդ կամ երրորդ սորտի մարդ: Մեզանում ամեն բան պաշտոնն է որոշում: Դա Սովետից եկած կայուն, հաստատուն արժեք է: Եթե պաշտոն ունեցար, ուրեմն կարող ես սպասվող որոշումների կայացման վրա այս կամ այն կերպ ազդել: Եվ քեզ մի քիչ ազատ ես զգում:
– Իսկ ինչպե՞ս պետք է արվեստի մարդն իրեն պաշտպանված զգա, եթե պաշտոն ունենալուց խուսափում է` ցանկանալով պաշտոնակռվից հեռու լինել:
– Առայժմ պաշտպանվածության միակ գործուն ձեւը Հայաստանը թողնելն ու հեռանալն է: Միայն այդպես` դրսում աշխատելով կարելի է ընտանիքի ֆինանսական կայունությունն ապահովել: Հիմա այդպես է: Բայց կարծում եմ, որ կգա այն ժամանակը, երբ մարդիկ եւ՛ անկախ եկամուտ կունենան, եւ՛ կկարողանան Հայաստանում ապրել: Հուսով եմ, որ այդպես կլինի:
– Այդպես մտածելը մեծ շքեղություն է:
– Իհարկե, դա շքեղություն է: Բայց արվեստագետի համար միայն դա է իրական արժեքը: