Իտալական «Միլանի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ բրազիլացի Լեոնարդոն: Այս մասին հայտնում է իտալական «La Gazzetta dello Sport»-ը: 39-ամյա Լեոնարդոյի` ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին կհայտարարվի հունիսի 1-ին: Ինչ վերաբերում է «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, ապա նա կզբաղեցնի Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Լեոնարդոյի օգնականը կլինի Մաուրո Տասսոտին, ով ներկայումս աշխատում է Անչելոտիի հետ: Պարբերականի տեղեկության համաձայն, միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է նաեւ նոր պաշտոն ստեղծել թիմում` տակտիկական պատրաստվածության մասնագետ: Վերջինս մանրակրկիտ կուսումնասիրի ակումբի հակառակորդների խաղը եւ կներկայացնի Լեոնարդոյին նրանց տակտիկական դասավորվածության մասին: Հիշեցնենք, որ Լեոնարդոն հանդես է եկել «Միլանի» կազմում 1997-2001 թթ., ինչպես նաեւ 2002-2003 թթ. ընկած ժամանակահատվածում: Հենց իտալական ակումբում էլ բրազիլացին ավարտել է իր ֆուտբոլային կարիերան: 1994-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Լեոնարդոն նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Լեոնարդոն ստանձնել է «Միլանի» սելեկցիոների պաշտոնը: Հենց նրա շնորհիվ են ակումբում հայտնվել բրազիլացի ֆուտբոլիստներ Կական ու Ալեշանդրե Պատոն: Անցած տարի Լեոնարդոն դարձավ «Միլանի» տեխնիկական տնօրեն: Մարզչական գործունեությամբ նա չի զբաղվել: Մյուս ամիս Լեոնարդոն պետք է ՈՒԵՖԱ-ի մարզչական կուրսեր անցնի: