Համատարած «աղվանիզացիա»

02/06/2009

«Աղվանիզացիա»,- «Ա1+»-ի հետ զրույցում վերջին շրջանում դատավորների պահվածքն այսպես է բնութագրել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: «7-ի գործով» փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Մելանյա Առուստամյանին, Հովիկ Արսենյանին, Ստեփան Ոսկանյանին եւ Վարդուհի Էլբակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` դատավոր Մնացական Մարտիրոսյանի պահանջը Ռուբեն Սահակյանը որակել է՝ իբրեւ «դատավորի կողմից հերթական կամայականություն»: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կարճել Մարտիրոսյանի դիմումի հիման վրա փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտի 17-ին Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել դիմել Փաստաբանական պալատին` «7-ի գործով» փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Մելանյա Առուստամյանին, Հովիկ Արսենյանին, Ստեփան Ոսկանյանին եւ Վարդուհի Էլբակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Փաստաբանների պալատը մյուս կետով որոշել է դիմել Արդարադատության խորհրդին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Հարցին, թե վստա՞հ է, որ կարգապահական վարույթ կհարուցվի դատավորի նկատմամբ, Ռուբեն Սահակյանը պատասխանել է. «Համոզված եմ, որ չի հարուցվի վարույթ»: Երրորդ կետով որոշել են Փաստաբանների պալատում ստեղծել արագ արձագանքման խումբ, որը պետք է փորձի օգնության հասնել այն փաստաբաններին, որոնց նկատմամբ դատավորները կամայականություններ են դրսեւորել: