Վերջին շաբաթներին Հայաստանում գրեթե բոլորը սպասում էին այսօրվան` մայիսի 28-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնարավոր համաներման անցկացմանը: Հատկապես անցած շաբաթ մերձիշխանական շրջանակներում ակտիվացան այսօր Հանրապետության տոնի առթիվ համաներում հայտարարելու մասին խոսակցությունները: Անգամ տեղեկություններ հրապարակվեցին, որ ազատազրկման վայրերում արդեն պատրաստվում են այն անձանց փաստաթղթերը, որոնց վրա տարածվելու է համաներումը: Համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը, թե՞ էժանագին նախընտրական հնարքներ են, պարզ կդառնա այսօր, քանի որ ընդունված կարգի համաձայն՝ համաներման մասին հրամանագիրը հրապարակվում է այն օրը (որպես կանոն` տոնական), որի առթիվ այն իրականացվում է: Երեկվա դրությամբ, հնարավոր համաներման մասին իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունները հակասական էին: Միակ աղբյուրը, որից կարելի է ենթադրել, որ համաներում, այնուամենայնիվ, տեղի կունենա, Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի հետեւյալ տողերն են. «Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը… Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»: