Ճգնաժամ

02/06/2009

Ճգնաժամը հասավ Աֆրիկա

Աֆրիկյան մայրցամաքի ամենախոշոր տնտեսությունը՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, նույնպես չխուսափեց համաշխարհային ճգնաժամի հետեւանքներից եւ վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ անկում արձանագրեց։ «Բլումբերգի» տվյալներով, ՀԱՀ-ի համախառն ներքին արդյունքը 2008թ. վերջին եռամսյակում կրճատվել է 1.5 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 6.4 տոկոսով։ Նշենք, որ ռեցեսիա` անկում ընդունված է համարել ՀՆԱ-ի կրճատումը երկու եռամսյակ շարունակ։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀԱՀ-ում գործազրկության մակարդակը աճել է 1.6 տոկոսային կետով՝ հասնելով 23.5 տոկոսի, իսկ մանրածախ վաճառքի ծավալները նվազել են 5.3 տոկոսով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Վարկավորման շուկայում աշխուժություն մտցնելու եւ սպառողական պահանջարկը մեծացնելու նպատակով երկրի Կենտրոնական բանկը 4 անգամ ճշգրտել է (նվազեցրել) վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 8.5 տոկոսի։ Սակայն սպասվում է, որ մոտակա օրերին ԿԲ-ն եւս մեկ անգամ կիջեցնի տոկոսադրույքը։ ՀՆԱ-ի կրճատումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, որը հանգեցրել է նաեւ խոշոր ընկերություններում կատարվող կրճատումների։ Այսպես, արդյունահանող «Anglo Platinum» եւ «Lonmin» ընկերությունները աշխատանքից ազատել են մի քանի հազար հոգու՝ ծախսերը կրճատելու նպատակով։ Իսկ «Sappi» եւ «ArcelorMittal South Africa» ընկերությունները կտրուկ նվազեցրել են թողարկման ծավալները։

Խիստ տնտեսական ռեժիմ՝ Կուբայում

Ինչպես հաղորդում է BBC-ն, համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները սահմանափակելու նպատակով հունիսի 1-ից Կուբայում կսահմանվի խստացված տնտեսական ռեժիմ։ Թե կոնկրետ ինչ է դա իրենից ներկայացնում, դեռեւս հայտնի չէ։ Սակայն Հավանայում BBC-ի թղթակիցը տեղեկացել է, որ որոշ հիմնարկներում կկրճատվի աշխատանքային շաբաթը։ Կառավարությունը նախատեսել է նաեւ այնպիսի ոչ ստանդարտ քայլեր, ինչպես, օրինակ, օդափոխիչների օգտագործման վրա դրվող սահմանափակումները։ Կուբայի եկամուտները վերջին շրջանում խիստ նվազել են՝ հիմնականում նիկելի միջազգային գների անկման պատճառով (նիկելը Կուբայի արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունի)։ Նվազել է նաեւ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը։ Բացի այդ, Կուբայի կառավարությունը ստիպված էր մեծածավալ միջոցներ ծախսել՝ անցյալ տարի տեղի ունեցած ավերիչ փոթորկի հետեւանքները վերացնելու համար։

Psystar-ը սնանկացավ

Համակարգչային Psystar ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին։ Psystar-ը հայտնի է որպես Apple iMac համակարգիչները «կլոնավորող» (այսինքն՝ Apple-ի հեղինակության վրա փող աշխատող) ընկերություն։ Ոլորտի գիտակները պնդում են, որ ընկերությունը սնանկացման առաջ է կանգնել Apple-ի ջանքերով, որը բազմիցս դատի է տվել Psystar-ին (ներկայումս այն ունի շուրջ 259 հազար դոլարի պարտք)։ Նշենք, որ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր իրավաբանները միջոցներ կգտնեն մակ-կլոնների բոլոր արտադրողներին «ոչնչացնելու» համար։ Իրենք՝ Psystar-ի ներկայացուցիչները, բնականաբար, չեն ընդունում, որ սնանկացման պատճառը Apple-ն է, եւ սնանկացումը չեն պատճառաբանում ֆինանսական ճգնաժամով։ Ի դեպ, վերջերս մակ-կլոն արտադրող է հայտնվել նաեւ Ռուսաստանում՝ ի դեմս «ՀցրրՍՌռ ԾՈՍ» ընկերության։

General Motors-ն անցնում է պետությանը

Ամերիկյան ավտոհսկա General Motors-ը փրկելու ծրագիրը, որը կազմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, ի վերջո հանգեցնելու է ընկերության պետականացմանը։ Նման ենթադրություն արել է «Washington Post»-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։ Թերթի տվյալներով, ԱՄՆ եւ Կանադայի կառավարությունները մտադիր են եւս 39 միլիարդ դոլար տրամադրել ընկերությանը (30 միլիարդ՝ ԱՄՆ-ը, 9 միլիարդ՝ Կանադան)՝ փոխարենը ստանալով բաժնետոմսերի 75%-ը։ Արդյունքում, ընկերության գլխավոր բաժնետերը կդառնա ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, իսկ մեկ երրորդի բաժնետերը՝ արհմիության տրաստային հիմնադրամը։ Այսպիսով, General Motors-ին տրամադրված միջոցները ընդհանուր առմամբ կկազմեն 60 միլիարդ դոլար, ինչը ճգնաժամի մեկնարկից ի վեր մեկ ընկերությանը ցուցաբերվող ամենամեծ օգնությունն է։ Իսկ վերակազմավորման՝ բաժնետերերի փոփոխության փաստն ինքնին ամենանշանակալիցն է ԱՄՆ կորպորատիվ պատմության ընթացքում։ Այդուհանդերձ, ԱՄՆ Ֆիննախը չի պլանավորում երկար ժամանակով մնալ որպես գլխավոր բաժնետեր եւ ակտիվ մասնակցություն չի ցուցաբերի ընկերության կառավարման գործում։ Տնօրենների խորհրդում չի լինի ոչ մի պետծառայող, չնայած՝ կառավարությունը կվերահսկի դրա մի շարք անդամների նշանակման գործընթացը։ Միեւնույն ժամանակ, «Washington Post»-ը նշում է, որ ավտոհսկային փրկելու ծրագիրը դեռ շարունակվում է քննարկվել, եւ չի բացառվում, որ այն կարող է փոփոխությունների ենթարկվել։

BBC-ն շռայլո՞ւմ է

Բրիտանական ԶԼՄ-ների քննադատության թիրախում հայտնվել է BBC հեռարձակող կորպորացիան։ Ինչպես գրում է «The Daily Telegraph»-ը, հեռուստաընկերությանը մեղադրում են այն բանում, որ ճգնաժամի պայմաններում չափազանց բարձր պարգեւավճարներ է տալիս իր աշխատակիցներին։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ 2008 ֆինանսական տարում (որն ավարտվել է այս տարվա փետրվարին) BBC-ն իր 10 հազար աշխատակիցներին վճարել է ընդհանուր առմամբ 28 միլիոն դոլարի պարգեւավճարներ։ Պարգեւավճար ստացածների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նախկինում այս ցանկում հայտնվել էին կորպորացիայի ղեկավար աշխատողները։ Այսպես, «BBC Worldwide»-ի գործադիր տնօրեն Ջոն Սմիթը 2007 ֆինանսական տարում ստացել էր 88 հազար ֆունտ ստեռլինգի (140 հազար դոլար), իսկ կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Մարկ Բիֆորդը՝ 44 հազար ֆունտ (70 հազար դոլար) պարգեւավճար։ BBC-ում պարզաբանել են, որ պարգեւավճարների մասին որոշումները ընդունվել են ավելի վաղ, քան սկսվել է համաշխարհային ճգնաժամը։ Իսկ նոր բոնուսների վճարումը ընկերությունը որոշել է սառեցնել 2 տարով։

Անշարժ գույքը շարունակում է էժանանալ

Մոսկվայում անշարժ գույքի գները շարունակում են անկում ապրել։ Այսպես, 2008 թվականի աշնանից հետո, երբ սկսվեց համաշխարհային ճգնաժամը, ՌԴ մայրաքաղաքում էկոնոմ կարգի բնակարանների առքուվաճառքի իրական արժեքը նվազել է 1.5 անգամ։ Այս մասին երկու օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շինարարության եւ շինարարական նյութերի արտադրության գնագոյացման ֆեդերալ կենտրոնի» տնօրեն Եվգենի Երմոլաեւը։ Ընդ որում, բիզնես կարգի բնակարաններն ավելի մեծ գնանկում են ապրել։ «Փաստացի կատարված գործարքների մոնիտորինգի հիման վրա կարող ենք ասել, որ որ ճգնաժամը սկսվելուց ի վեր բիզնես-դասի անշարժ գույքը էժանացել է 2-3 անգամ, իսկ էկոնոմ դասի բնակարանները՝ 1.5 անգամ»,- ասել է Երմոլաեւը։

Նա նշել է նաեւ մի շատ հետաքրքիր հանգամանքի մասին. անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ մեկ քառակուսի մետր բնակմակերեսի հայտարարվող գինը շատ ավելի մեծ է գործարքի իրական գնից. «Եթե մինչեւ ճգնաժամն այդ տարբերությունը կազմում էր 10%, ապա այժմ առանձին դեպքերում դա հասնում է մինչեւ 2 անգամի»։ Երմոլաեւը նաեւ նշել է, որ երբ այդ տարբերությունը կփոքրանա, դա կլինի անշարժ գույքի շուկայի աշխուժացման առաջին նշանը։ Իսկ շուկայի ակտիվացում, ամեն դեպքում, ռուսաստանցի մասնագետը մինչեւ աշուն բացառում է։ Ի դեպ, նույն կարծիքին են նաեւ ուկրաինացի մասնագետները, որոնք գտնում են, որ բրոքերները «սպանում» են շուկան՝ փորձելով ուռճացնել անշարժ գույքի գները։ «Բրոքերները դավադրություն են իրականացնում։ Էժան բնակարանները նրանք չեն մտցնում տվյալների բազայի մեջ, չնայած վաճառում են առանձին գնորդների։ Փոխարենը «գովազդում» են թանկ բնակարանները՝ պատրանք ստեղծելով, որ գներն աճում են»,- ասում է SV Development խորհրդատվական ընկերության վերլուծաբան Սերգեյ Կոստեցկին։ Ավելին, նրա եւ մի շարք այլ մասնագետների կարծիքով, անշարժ գույքի գներն առաջիկայում ավելի շատ կընկնեն։ «Առջեւում ամառային լճացումն է. պահանջարկը կնվազի, եւ մինչեւ աշուն գները կիջնեն եւս 5%-ով»,- կանխատեսում է «Ոսկե Բանալի» անշարժ գույքի գործակալության տնօեն Սերգեյ Ստեպանյուկը։ Նշենք նաեւ, որ նույն գործելաոճը կարելի է նկատել նաեւ Հայաստանում։ Թե՛ Կադաստրի պետական կոմիտեն, թե՛ առանձին բրոքերները փորձում են մեղմել գնանկման իրական պատկերը։ Բրոքերները, մասնավորապես, հայտարարություններում անշարժ գույքի գինը իրական արժեքից բավականին բարձր են նշում։ Մինչդեռ անշարժ գույքի գործակալություններն իրենք էլ նշում են, որ ճգնաժամի սկզբից ի վեր անշարժ գույքի գները (դոլարային արտահայտությամբ) նվազել են 30-50 տոկոսով, իսկ գործարքների թիվն անկում է ապրել 8-10 անգամ։

Շահութաբերությունն ընկել է

«Ռոսստատի» հրապարակած՝ 2009 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ խոշոր եւ միջին ռուսական ընկերությունների շահույթը (մինչեւ հարկումը) կազմել է 366.5 միլիարդ դուբլի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շահույթը պակասել է 3.5 անգամ։ Ընդ որում, շահույթով աշխատել են 39.9 հազար ընկերություններ, իսկ եռամսյակը վնասով փակած ընկերությունների թիվը կազմել է 26.1 հազար։ Ամենալավ ցուցանիշները ցույց են տվել այն ընկերությունները, որոնք գործում են էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրության ու բաշխման ոլորտում։ Նրանց եկամուտներն աճել են 61.6%-ով։ Շահութաբերության առումով հաջորդ տեղում ձկնորսական ընկերություններն են, որոնց շահույթը եռամսյակային տվյալներով աճել է 13.7%-ով։ Տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվել է կորպորատիվ շահույթների նվազում։ Օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների շահույթը նվազել է 45.7%-ով, գյուղատնտեսության ոլորտում՝ 53.6%-ով, իսկ անշարժ գույքի գործակալությունների շահույթը նվազել է ավելի քան 5 անգամ։

Բուլղարացին կանխագուշակել էր ճգնաժամը

Պարզվում է՝ բուլղարացի Սվետլոզար Ռաչեւը դեռ 2 տարի առաջ կանխատեսել էր այն, ինչը ցնցեց ողջ աշխարհը։ Սակայն, ոչ թե աստղերի կամ սուրճի բաժակի օգնությամբ, այլ՝ թվերի։ Մաթեմատիկայի պրոֆեսոր Ռաչեւը ստեղծել է վիճակագրական մի մոդել, որի օգնությամբ կարողացել էր կանխատեսել ֆոնդային բորսաների կրախը։ Ռաչեւի խոսքերով, ինքը տարբեր աղբյուրներից հավաքել եւ մշակել է ֆինանսական տեղեկատվությունը եւ ցուցանիշները։ Դա նրան թույլ է տվել իրականացնել ֆինանսական ռիսկերի ամբողջական գնահատական եւ ստեղծել ներդրումների մաքսիմալ վերադարձելիության հաջող ստրատեգիա։ Սվետլոզար Ռաչեւը ասել է, որ ինքը նախապես զգուշացրել է ամերիկյան ներդրողներին՝ Dow Jones-ի ինդեքսի անկման մասին։ Նշենք, որ Ռաչեւի մոդելն արդեն հասցրել է պրակտիկայում կիրառել «Henderson Capital Management» ընկերությունը՝ 2008 թվականի ընթացքում առավել ռիսկային ներդրումային ֆոնդերը բացահայտելու համար։ Դա ընկերությանը օգնել է ոտքի վրա մնալ ճգնաժամի պայմաններում։

Ռաչեւը ավարտել է Սոֆիայի համալսարանը եւ այժմ ԱՄՆ Սանտա-Բարբարայի համալսարանի առաջատար պրոֆեսորներից մեկն է։ Նրա գիտական գործունեության ոլորտն է հավանականությունների տեսությունը, մաթեմատիկան եւ տնտեսության ու բիզնեսի վիճակագրությունը։