– Շարունակվում են քննարկումները կառավարության ներկայացրած օրենսդրական այն փաթեթի շուրջ, որը ենթադրում է հարկային մարմինների կողմից խոշոր ձեռնակություններում պարտադիր ներկայացուցչի նշանակում: Դուք արդեն նշել եք, որ այդ նախաձեռնությունը հակասահմանադրական է: Ինչո՞ւ եք այդպես կարծում եւ այդ նախագծի հատկապես ո՞ր մասերն են անընդունելի:
– Նախ, ուզում եմ մեկ անգամ եւս հստակ ընդգծել. մենք հարկային վարչարարության բարելավման եւ բյուջետային եկամուտների շարունակական համալրման կողմնակից ենք: Սակայն չենք կարող համաձայն լինել հարկային վարչարարության կատարելագործման անվան տակ տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությանը հարկային մարմիների կողմից անհարկի միջատություններին, քանի որ համոզված ենք, որ դա հակասում է ազատական տնտեսության գաղափարախոսությանը: Առավել եւս ներկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ ամբողջ աշխարհում իրականացվում է հարկային ճնշման թուլացման կուրս, ներկայացված օրենսդրական փաթեթը չի կարող տեղավորվել առողջ բանականության սահմաններում: Ավելին, այն չի բխում Սահմանադրության հիմքում դրված սկզբունքներից եւ ՀՀ օրենսդրության պահանջներից:
– Կառավարության այդ օրենսդրական նախաձեռնությունը ամբողջությա՞մբ անընդունելի է, թե՞ կան կետեր, որոնք դրական են: Այսինքն` հնարավո՞ր է, որ ի վերջո այդ նախագիծն այնպիսի տեսք ունենա, որ ընդունելի լինի Ձեզ համար:
– Ընդհանուր գծերով ներկայացվեց օրենսդրական փաթեթի խոցելի եւ մեր կողմից անընդունելի մասերը: Սակայն, փաթեթը պարունակում է «անվնաս» մասեր, որոնց անհրաժեշտությունը վիճարկման ենթակա չէ: Մասնավորապես, փաստաթղթաշրջանառության կարգավորման հետ կապված դրույթները: Մեր կարծիքով, նման համեմումը, ավելի շուտ, անընդունելին ընդունելի դարձնելու նպատակ է հետապնդում:
– ԱՎԾ-ն արդեն հրապարակել է 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ տնտեսության վերաբերյալ տվյալներ, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն: Մասնավորապես այդ ժամանակահատվածում ՀՆԱ-ն նվազել է 9.7%-ով, ընդ որում, ապրիլ ամսին մարտի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 5.4%-ով: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կնվազի ՀՆԱ-ն 2009-ին: Բավարա՞ր են արդյոք կառավարության հակաճգնաժամային միջոցառումները: Արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի իրականացվի բյուջեի սեկվեստր:
– Չէի ցանկանա զբաղվել կանխատեսումներով, սակայն հարկ եմ համարում նշել, որ իսկապես, համաշխարհային ֆինասատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա այլեւս փաստ է: Ի դեպ, Ձեր կողմից նշված ցուցանիշները հենց այդ մասին էլ վկայում են: Եվ քանի դեռ շարունակվում են այդ միտումները, ուրեմն ձեռնարկվող քայլերը չեն կարող բավարար լինել: Ինչ վերաբերում է բյուջեի սեկվեստրին, ապա կարծում եմ, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացների խորացման դեպքում այն կդառնա անխուսափելի: Միայն այն փաստը, որ 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 10 տոկոսով, այդ ուղղությամբ լուրջ մտորումների տեղիք է տալիս:
– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այն քայլը, որով ոսկերչական իրերի արտադրությունը ազատվեց 1% շահութահարկի կանխավճարի վճարումից:
– Ընդհանրապես, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պետության կողմից տնտեսավարող սուբյեկտներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն ողջունելի է: Ի դեպ, այդ մոտեցումն է որդեգրված գրեթե բոլոր զարգացած երկրներում: Սակայն հարկ է նաեւ նկատի ունենալ, որ հարկային արտոնությունների տրամադրումը պետական աջակցության շղթայի ընդամենը մեկ օղակն է: Մինչդեռ, խնդիրը պահանջում է ամբողջական եւ համալիր լուծում:
– Վերջին նիստում կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով ներկայացվելու է ԱԺ: Ըստ վարչապետի, սրա նպատակն է՝ ենթադրյալ օտարերկրյա խոշոր ներդրողների սուբսիդավորումը: Ձեր կարծիքով՝ իրատեսակա՞ն է այս ծրագիրը եւ արդյոք բավարա՞ր է, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան եւ խոշոր նախագծեր իրականացնեն:
– Քանի դեռ ձեր կողմից նշված օրենքի նախագիծը պաշտոնական շրջանառության մեջ չի դրվել ԱԺ-ում, կխուսափեի դրա վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: Սկզբունքորեն մի բան ակնհայտ է. ցանկացած ֆինանսավորող մեծապես շահագրգռված է իր կողմից իրականացված ներդրումների արդյունավետության համար: Եթե այս պայմանը բացակայում է որեւէ ծրագրում, ապա այն կարելի է որակել որպես հերթական բարի ցանկություն: