«Մենք պատրաստ ենք այդ մեծ պատասխանատվությունը կրելու»

02/06/2009

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա թիմակիցների հանդիպումներն ընտրողների հետ քարոզարշավի վերջին օրերին ավելի մարդաշատ են անցնում:

Այս անգամ Գ. Բեգլարյանը Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում էր: Ավան համայնքում Երեւանի ավագանու Հանրապետականի թեկնածուների հանդիպումները բնակիչների հետ տեղի ունեցան երկու նոր բարեկարգված բակերում: Սայաթ-Նովա եւ Իսահակյան թաղամասերի բակերի բացման պատիվը վերապահված էր Գ. Բեգլարյանին եւ Ավան համայնքի ղեկավար, ՀՀԿ ավագանու ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանին: Տանտիրոջ իրավունքով առաջինը ավանցիներին ողջունեց Տ. Մարգարյանը: «Մեր համայնքում նմանատիպ բակերի առատությունն արդեն ավանդույթ է դարձել: Մեր թիմի կողմից այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները զգալի են, այդ աշխատանքները կատարել ենք սրտացավ, ամենօրյա աշխատանքի եւ մեկ ընտանիքի մոտեցումով: Վստահ եղեք` մենք պատրաստ ենք այդ մեծ պատասխանատվությունը կրելու եւ մեր ողջ քաղաքը բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու համար»,- նշեց Տ. Մարգարյանը: Ավան համայնքում օրը տոնական էր, քանի որ երկու նորակառույց հարմարավետ բակ հանձնվեց բնակիչներին: «Բարեկարգ ու հարմարավետ բակեր ունենալը շատ կարեւոր է մեզ համար, հատկապես փոքրիկների: Մեր առօրյան սկսվում է հենց բակից: Մենք վստահում ենք թե՛ մեր թաղապետին, թե՛ Գագիկ Բեգլարյանին, երկուսի սրտացավ աշխատանքն էլ արդեն տեսել ենք իրենց համայնքների նկատմամբ»,- նշում էին բնակիչները:

Ավանի բնակիչների հետ զրույցի ընթացքում Գ. Բեգլարյանը նշեց, որ իրենց թիմի գերագույն նպատակը յուրաքանչյուր երեւանցու եւ նրա ընտանիքի համար առավել բարեկեցիկ պայմաններով քաղաք ունենալն է. «Մեր թիմում հավաքվել են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր երկար տարիներ աշխատել են այս ոլորտում, տրամադրված են Երեւան քաղաքի համար անել այն ամենը, ինչը մինչեւ այսօր չի արվել: Մենք մեր մեջ այդ ուժը տեսել ենք: Հավատացե՛ք` սիրելի երեւանցիներ, մեր մայրաքաղաքը շենացնելու ենք, բոլոր բակերն են այսպիսի բարեկարգ տեսք ունենալու, բոլոր բազմաբնակարան շենքերն են անվտանգ լինելու, Երեւան քաղաքը իր հարուստ ճարտարապետությամբ պետք է նորից աչք շոյի ամբողջ աշխարհում»: Այնուհետեւ Գ. Բեգլարյանը եւ նրա թիմակիցներն այցելեցին Քանաքեռ-Զեյթուն համայնք: «Տեսեք, թե ինչ թիմ է հավաքված. Կենտրոն համայնքի նախկին ղեկավար, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյան, որի աշխատանքները բոլորիդ քաջ ծանոթ են: Ես վստահ եմ, որ դուք կենտրոնով քայլելիս հպարտությամբ եք լցվում, որ մի փոքրիկ «Եվրոպա» կա Երեւան քաղաքում: Ես վստահ եմ, որ դուք շատ լավ ճանաչում եք նաեւ Տարոն Մարգարյանին: Ավան թաղամասը հեռու չէ Զեյթունից, հավատացած եմ, որ դուք ցանկանում եք, որ մյուս համայնքներն էլ Ավանի նման լինեն բարեկարգ, գեղեցիկ: Ավանում մարդիկ ժպտերես ու մեծ ոգեւորությամբ էին մեզ դիմավորում, մենք ուզում ենք, որ այդ ժպիտները լինեն բոլոր երեւանցիների դեմքին: Մեր կարգախոսն է՝ Քեզ համար, Երեւա՛ն, Ձեզ համար, երեւանցիներ»,- իր ելույթում նշեց Երեւանի ավագանու թեկնածու, բժշկական գիտությունների դոկտոր Դերենիկ Դումանյանը: Ինչպես բոլոր բակերում, այստեղ եւս երեւանցիները բազում հարցեր էին ուղղում Գ. Բեգլարյանին: Քանաքեռ-Զեյթունի որոշ բնակիչների հիմնականում անհանգստացնում էր անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքների ճանաչման հարցը։ Այս կապակցությամբ Գ. Բեգլարյանը նշեց, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում քաղաքապետարանի կողմից պատասխան է տրվել ավելի քան 6000 դիմումի: «Ողջ Երեւան քաղաքում անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքների ճանաչման համար հաշվառված է 12.000 դիմում: Եթե երկու ամսում պատասխան է տրվել 6000 դիմումի, ապա, հավատացեք, որ առաջիկա երկու ամսում անպայման պատասխան կտրվի նաեւ մնացած 6000-ին»,- վստահեցրեց գործող քաղաքապետը: Առաջիկա տարիներին` որպես կարեւոր սոցիալական խնդրի լուծում, պետք է շարունակվեն նաեւ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման եւ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրերը: «4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչների համար երկու նոր շենքերի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են, շուտով տասնյակ ընտանիքներ եւս կապրեն անվտանգ ու ապահով բնակարաններում»,- վստահեցրեց Գ. Բեգլարյանը:

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ