Ալտրուի՞զմ, թե՞ մեղսակցության ուշացած մեղանչանք

02/06/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հանրապետության քաղաքական բուռն զարգացումներին զուգընթաց՝ հասարակական-հրապարակախոսական ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օրերս «Իրավունքը de facto» թերթում նա հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով` արտաքին եւ ներքին քաղաքականության մասին իր մտորումներով:

Հետաքրքրական է, որ հարցազրույցը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Օսկանյանի վերաբերմունքն արտացոլող ակնարկով: Երբ նա նախագահական ողջ ընտրապայքարում հակալեւոնական եւ հակաընդդիմադիր ընդգծված դիրքորոշում որդեգրելուց հետո հայտարարում է իր դրական, թեկուզ կողմնակի ձեւով, վերաբերմունքի մասին դեպի առաջին նախագահը, հիշեցնում է համբուրող Հուդա: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն էր, որ Օսկանյանին դարձրեց փոխնախարար, ընձեռելով նախարար դառնալու հնարավորություն, ինչը նախագահի կադրային սխալներից մեկն էր: Եվ պատահական չէ, որ Օսկանյանը նախարար նշանակվեց տխրահռչակ 98-ին` պալատական հեղաշրջումից հետո:

Հարցազրույցից հետեւում է, որ եթե չլիներ սահմռկեցուցիչ մարտի մեկը, ազգը այդպես էլ անտեղյակ կմնար նախկին Օսկանյանի քաջարի եւ ազգանվեր կերպարին: Պարզվում է, որ այդ բախտորոշ պահին նա ծավալել է ակտիվ եւ համարձակ գործողություններ ողբերգությունը կանխելու, «նման զարգացումներից խուսափելու համար»: Նա ամենուր է. մեկ «կոչ է անում ընդդիմությանն ու իշխանությանը, որպեսզի երկխոսության գնան», մեկ, ոչ ավել ոչ պակաս, պայման է դնում Քոչարյանի առաջ, որ վերջինս «նստի-խոսի ընդդիմության հետ»: Ազնվագույն մեսիա, վեհ առաքելություն, որն իր վրա է վերցրած եղել Օսկանյանը, իսկ մարդիկ անտեղյակ են եղել: Այստեղ պարոն նախարարը հայաստանցիներին դնում է երկարականջ չորքոտանիների տեղ, հայտարարելով, որ այդ պահին իր «մտքի ծայրով իսկ չէր անցնում խոսել կամ քննարկել ուժի օգտագործման կամ չօգտագործման խնդիրը»: Եվ հետո նա ասում է այն, ինչը ուզում է ասել. ոչ ոք, իմա` իշխանությունները, «դա», այսինքն՝ սպանդը, չէր «հաշվարկել»: Հասկացա՞ք, իր նախկին շեֆը եւ նրա ողջ շայկան, այդ թվում եւ՝ Օսկանյանն, անմեղ են: Հիանալ կարելի է Օսկանյանի բարոյախոսական այն զգայացունց եզրահանգումից, թե «այդպիսի բան (մարդկանց կոտորելը.- Ա. Ն.) չպետք է լիներ, դա վայել չէր մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր քաղաքական կյանքին»: Մարգարեական խոսքեր: Միանգամայն համաձայն եմ, իսկապես, դա վայել չէր մեր ժողովրդին, բայց միանգամայն վայել էր ու բնորոշ այն քաղաքական թիմին, որի առաջին շարքերում էր արտգործնախարարը:

Վարդան Օսկանյանի ալտրուիզմը` տիեզերական մարդասիրությունը չափ ու սահման չունի: Պարզվում է, որ նրա «մտածողությունը շատ ազատ է»: Հավանաբար նման փիլիսոփայական հայեցակարգով առաջնորդվելն է պատճառը, որ թույլ է տալիս նրան հայտարարել. «Եվ, ընդհանրապես, Հայաստանում չկա մարդ, որին ես ատեմ: Չկա մարդ, որին ցանկանամ` վատ լինի: Ես բոլորովին այլ կատեգորիաներով եմ մարդկանց դատում»: Կարդում ես սեւով սպիտակի վրա գրվածը եւ ապշում, թե այն` ինչպես կաս-կարմիր չի կտրում: Անշուշտ, Օսկանյանը մարդկանց չի ատում, անշուշտ, այլ կատեգորիաներով է դատում, երբ իր լավագույն կադրերին ջարդում է, երբ նրանց, այդ թվում՝ կանանց, շեֆի հրամանով շպրտում է փողոց, երբ դեսպանները հակառակ բոլոր օրենսդրական կանոնների՝ զրկվում են իրենց կոչումից: Մինչդեռ նրանք` աշխատանքից վռնդվածները, Օսկանյանից ոչ պակաս, եթե ոչ ավել, դիվանագիտական հմտություն, քաղաքացիական գիտակցություն եւ դիրքորոշում ունեին: Մեկ էլ շատ հետաքրքիր է, թե նա այդ ի՞նչ «կատեգորիաներով է դատում» եւ որտե՞ղ է տեղավորում «շատ ազատ մտածողությունը», երբ իր նախորդին` Ալիկ Արզումանյանին այլախոհության համար ձերբակալում եւ պահում են բանտում, ինչը որպես սեւ բիծ կմնա երկրի նոր շրջանի պատմության էջերում: Ինչպիսի՜ հերոսություն, երբ Օսկանյանն Արզումանյանի կապակցությամբ պաթետիկ բացականչում է. «Ա՛յ, այդ առնչությամբ իմ կարծիքը միանշանակ է. նա եւ մնացյալներ ձերբակալվածները վաղո՜ւց պետք է դրսում լինեին»: Այս փարիսեցիական նախադասությունում ինձ արտասվելու աստիճան հուզում է «վաղուց» բառը, եւ ուզում եմ հեղինակին հարց տալ: Վաղուց, երբվանի՞ց: Երբ առաջի՞ն անգամ Ալիկի վրա գործ սարքեցիք, թե՞ անցյալ տարի: Շատ կուզենայի տեսնել քո դեմքի արտահայտությունը` շեֆիդ կողքին, երբ նա հրամայում էր ձերբակալել նախկին նախարար-դեսպանին, պատգամավոր-հերոսամարտիկներին: Հավանաբար, դու ինքդ քեզ համար ստեղծել ես ինդուլգենցիա` ամենաթողություն` քաղաքական բոլոր իրադրությունների համար: Եվ, հավանաբար, հանգստացնում ես խիղճդ, որ տվյալ դեպքում պետք է լոյալ լինեիր երկրի նախագահի նկատմամբ: Դասական առումով դու ճիշտ ես, բայց այս պարագայում մենք գործ ունենք արգահատելի կոնֆորմիզմի, կներես, էգոիզմի եւ երկչոտության հետ, ինչը դատապարտելի է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների մոտ, բոլոր դիվանագիտական դպրոցների համար: Այդ դիվանագիտությունն ուրիշ անուն ունի (հիշիր Մաքիավելիին եւ Թալեյրանին): Ուրեմն մարդկանց սպանեցին, բանտեր նետեցին, իսկ դու լռեցիր: Մինչդեռ կարող էիր հրաժարական տալ եւ ահազանգ հնչեցնել միջազգային մասշտաբով: Ա՛յ, այդ ժամանակ մարդիկ կհավատային, որ քո մտածողությունը շատ ազատ է եւ դու ոչ ոքի վատ չես ցանկանում: Որքան հեշտ է, որքան ապահով՝ հետին թվով հանդես գալ խորիմաստ քաղաքական հայտարարություններով եւ լապշաներ կախել մարդկանց ականջներին:

Սակայն կարծել, թե Օսկանյանի հարցազրույցը լոկ ուղղված է մարտիմեկյան ողբերգությունից իրեն օտարելու եւ անգամ հերոսացնելու խնդրին` միամտություն կլիներ: Նախկին նախարարը հետապնդում է հստակ նպատակ. վերադարձ երկրի ակտիվ քաղաքական կյանք: Կարծիք կա, որ նա իրագործում է Քոչարյանի ծրագիրը կամ աշխատում է նրա օգտին: Բացառված չէ: Բայց ուրվագծվում է մեկ ուրիշ թիրախ եւս: Երբ Օսկանյանը զարգացնում է լեոպոլդյան «ռեբյատա դավայտե ժիտ դրուժնո!» կարգախոսը, նա մանեւրում է Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Սարգսյան եռանկյունու մեջ: Մի խոսքով, Օսկանյանն իր սիրած կոմպլեմենտարիզմը տեղադրում է ներքաղաքական ռեալիայում եւ սպասում դեպքերի հանգուցալուծմանը` հաղթողին հարելու միտումով: Այնպես որ` միանշանակ ասել, որ նա Քոչարյանի ադեպտն է, նրա ծրագրերի անվերապահ ջատագովը` այնքան էլ ճիշտ չի լինի: Չմոռանանք, որ բժշկականի կողքին կա նաեւ քաղաքական պանացեա` համադարման բոլոր չարիքների դեմ: Մեռավ թագավորը, կեցցե թագավորը:

Կրկին հայցելով Օսկանյանի ներողամտությունը՝ ստիպված եմ ասել, որ նա ստում է: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով բացատրել նոր նախարար Նալբանդյանի եւ իր` Օսկանյանի միջեւ սառնությունը, ու ինչ կա արանքում, ասում է. «Բացարձակապես ոչինչ չկա»: Կա, Վարդա՛ն, կա: Արտգործնախարարության դռնապանն անգամ գիտե, որ Նալբանդյանը եւ՛ Եգիպտոսում, եւ՛ Ֆրանսիայում դեսպան եղած տարիներին, քեզ` որպես նախարարի, մեղմ ասած, բացարձակապես չի ենթարկվել եւ հաշվետու չի եղել իր գործունեության համար: Շնորհիվ նախագահական աշխատակազմում իր ունեցած` հավանաբար քեզ քաջ հայտնի խորհրդավոր կապերի, քո ենթակա դեսպանը ուղիղ աշխատում էր այդ ապարատի հետ, որը փաստորեն ճզմել էր իր տակ ԱԳՆ-ն: Բայց սա արդեն, ավելի շուտ, ոչ թե քո մեղքը, այլ քո դժբախտությունն էր: Այդ էր նաեւ պատճառներից մեկը, որ դու չկարողացար, ինչպես որ հարկն է, կազմակերպել հանրապետության դիվանագիտական ծառայությունը, որն առ այսօր կաղում է երկու ոտքից: