– Ինչպե՞ս են Ֆրանսիայում ձեւավորվում տեղական ինքնակառավարման մարմինները: Որքանո՞վ է Ֆրանսիական տեղական ինքնակառավարման համակարգը համահունչ եվրոպական մյուս երկրների համապատասխան մարմինների հետ:
– Տեղական ինքնակառավարման մարմինները` ՏԻՄ պետության վարչարարությունից տարբեր վարչական կառույցներ են, որոնք պետք է իրենց պատասխանատվության տակ վերցնեն որոշակի տարածքի բնակչության շահերը: ՏԻՄ-ն ունի որոշում կայացնելու հնարավորություն, որն իրականացվում է ընտրված ներկայացուցիչների խորհրդում քննարկման միջոցով: ՏԻՄ-երը կազմված են համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված որոշում կայացնող ասամբլեայից եւ իր ներսում ասամբլեայի կողմից ընտրված գործադիր իշխանությունից (քաղաքապետ եւ իր տեղակալներ, ընդհանուր եւ շրջանային խորհուրդների նախագահներ):
– Ինչպե՞ս է կոնկրետ ձեր համայնքում ձեւավորվում համայնքային բյուջեն եւ որքա՞ն է այն կազմում ըստ հոդվածների:
– Վերին Սենայի դեպարտամենտի վերջին բյուջեն, որի փոխնախագահներից եմ ես, հետեւյալն է` Գործունեության եկամուտներ` 609 միլիոն եվրո` ուղղակի հարկում, 281 մլն եվրո` գրանցման իրավունքներ, 267 մլն եվրո` գործունեության ընդհանուր դոտացիա, 90 մլն եվրո` ներքին հարկ նավթային արտադրանքների վրա, 68 մլն եվրո` հարկ ապահովագրական պայմանագրերի վրա, 10.5 մլն եվրո` հարկ էլեկտրաէներգիայի վրա: Բացի այդ, ունենք նաեւ ներդրումային եկամուտներ`հետեւյալ կառուցվածքով. 240 մլն եվրո` փոխառություն, 28 մլն եվրո` ԱԱՀ-ի փոխհատուցման հիմնադրամ, 7 մլն եվրո` քոլեջների կահավորման դեպարտամենտալ դոտացիա:
– ՏԻՄ Ձեր համակարգը կատարո՞ւմ է իշխանության ապակենտրոնացման ֆունկցիան: Ինչպե՞ս են կարգավորվում եւ գործադիր իշխանության եւ ՏԻՄ-երի հարաբերությունները, եթե ՏԻՄ-երը ներկայացված են ընդդիմությունից:
– Ֆրանսիայում ապակենտրոնացման առաջին օրենքներն իրենց սկիզբը դրել են 1871թ. օգոստոսի 10-ին եւ 1884թ. ապրիլի 5-ին: Այդ ժամանակաշրջանում դեպարտամենտների եւ կոմունաների ընդհանուր պարտավորությունները շատ սահմանափակ էին: 1982թ. մարտի 2-ին հաստատված Դեֆերի օրենքը համարվում է որպես ապակենտրոնացման առաջին ակտ եւ նրան տալիս է ամբողջական հասանելիություն: Ի պատասխան Դեֆերի օրենքի, 1983թ. հունվարի 7-ի եւ 1983թ. հուլիսի 22-ի օրենքները բաշխում են պարտավորությունները պետության եւ ՏԻՄ-երի միջեւ եւ հաստատում ռեսուրսների փոխանցումը: Այս տարբեր օրենքները հաջորդեցին ապակենտրոնացում հիմնելու գեներալ դը Գոլի ձախողված առաջին փորձին: Ժան-Պիեռ Ռաֆարենի կառավարությունը 2002-2004թթ. ապակենտրոնացման բարեփոխումը քաղաքական առաջնային խնդիր դարձրեց, մասնավորապես ապակենտրոնացված կազմակերպման վերաբերյալ 2003թ. մարտի 28-ի սահմանադրական օրենքով: Այդ օրենքը առաջ քաշեց ՏԻՄ-երի ֆինանսական ինքնավարության սկզբունքը եւ Սահմանադրության մեջ ներառեց շրջան եւ ապակենտրոնացում տերմինները: Այն նաեւ սահմանեց տեղական վճռական հանրաքվեն եւ հանրագրի իրավունք: Տեղական ինքնավարման, ընդհանուր եւ շրջանային խորհուրդները ընտրվում են համընդհանուր ընտրական ուղղակի իրավունքով, իսկ այդ կազմավորումների գործադիր մարմիններն ընտրվում են իրենց ներսում որոշում կայացնող անդամների կողմից: Սահմանադրության 72 հոդվածում կա վարչական ինքնավարության սահմանադրական հիմնավորում. «Օրենքով նախատեսված հանգամանքներում այդ կազմավորումները ազատ կերպով յուրացվում են ընտրված խորհուրդների կողմից եւ կանոնակարգային իշխանություն ունեն՝ իրենց պարտավորության իրականացման համար»: Ապակենտրոնացման հիմնական արժանիքներից մեկն է՝ հնարավորինս հարմարեցնել հանրային քաղաքականությունները բնակչության կարիքներին: Ամեն դեպքում դա կարող է տարածքում առաջ բերել նոր անհավասարակշռություններ՝ տարբեր քաղաքական գործիչների ընտրության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսների անհավասարության հետ կապված: Ոմանք այն ռիսկ են համարում, ոմանք էլ՝ որպես գործունեության ազատություն՝ տեղական մակարդակով հարմար առիթն օգտագործելու համար:
– Ձեր կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, ասենք՝ քաղաքապետի ուղղակի ընտրությունը բնակիչների կողմից, որքանո՞վ է նպաստում նրա գործունեության արդյունավետությանն ու հաշվետվողականության սկզբունքի պահպանմանը:
– Բոլոր ընտրություններում կապը քաղաքացիների եւ ընտրվողների միջեւ պետք է լինի միեւնույնը, հատկապես հայտարարված նպատակների եւ արդյունքների հանդեպ վստահությունը (նախընտրական ծրագիրը): Ակնհայտորեն, երբեմն միայն մեկ մանդատը բավարար չէ՝ մի ամբողջ ծրագիր կիրառել կարողանալու համար: Ուրեմն, հաղորդակցումը պետք է լինի շատ զարգացած ձեւով, որպեսզի յուրաքանչյուրին բացատրվի ծրագրի առաջխաղացումը: Դրա շնորհիվ, պաշտոնում ընտրվածը կարող է հուսալ, որ իրեն կվերընտրեն, որ բարեհաջող կերպով ավարտի այն բարեփոխումները, որոնց համար ինքն ընտրվել է: