Լոնդոն-Փարիզ-Երեւան

02/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կարո՞ղ է արդյոք մայրաքաղաքն ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Եթե այս հարցը մեզանում քննարկվում, անգամ՝ շահարկվում է, եվրոպական երկրներում հարցն ինքնին անհեթեթ կթվար։ Ավելին՝ եթե եվրոպական քաղաքներում, անգամ մայրաքաղաքներում, միշտ քաղաքապետ ընտրվեր իշխանության ներկայացուցիչը, եվրոպացիները հաստատ կանհանգստանային՝ ուրեմն ինչ-որ բան այնպես չէ։

Մեզ՝ հայերիս համար դա անհավանական է թվում, սակայն աշխարհի շատ երկրներում մայրաքաղաքների քաղաքապետերը ներկայացնում են ընդդիմությունը։ Օրինակ՝ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն ներկայացնում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2001 թվականից ի վեր։ Մինչդեռ երկրի գործադիր իշխանությունը՝ նախագահից սկսած, պատկանում է Ժողովրդական շարժման միությանը։ Բերտրան Դելանոն 2012թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ՍԿ-ի ամենահավանական թեկնածուն է։

Հետաքրքրասերների համար նշենք, որ մինչեւ Ֆրանսիական հեղափոխությունը Փարիզի մունիցիպալիտետը գլխավորում էին, այսպես կոչված, պրովոստները։ 1789թ. հուլիսի 14-ին, Բաստիլի գրավումից հետո, Փարիզի վերջին պրովոստ Ժակ դե Ֆլեսսելը սպանվեց։ Իսկ հաջորդ օրն ընտրվեց Փարիզի առաջին քաղաքապետը՝ Ժան Սիլվեն Բալին։

Ավելի թարմ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ղեկավարում է Բորիս Ջոնսոնը, որը ներկայացնում է ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը (իշխող կուսակցությունը Մեծ Բրիտանիայում Լեյբորիստականն է)։ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում նա ընտրվել է 2008թ. մայիսի 8-ին։ Մինչ այդ, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր անկուսակցական Քեն Լիվինգսթոնը՝ 2000 թվականից ի վեր։ Լիվինգսթոնն, ի դեպ, Լոնդոնի առաջին ընտրովի քաղաքապետն էր։ Մինչ այդ քաղաքը ղեկավարվում էր քաղաքային խորհրդի կողմից, որի նախագահը սահմանափակ լիազորություններ ուներ։ Սակայն 2000թ. մայիսի 4-ին կատարված օրենսդրական փոփոխություններից հետո լոնդոնցիներն ուղղակի ընտրությամբ են ընտրում քաղաքապետին։

Նշենք նաեւ, որ Լոնդոնի քաղաքապետից (Mayor of London) բացի, կա նաեւ մեկ այլ պաշտոն՝ Լոնդոնի Լորդ քաղաքապետ (Lord Mayor of London)։ Շատերը շփոթում են այս երկու պաշտոնները, մինչդեռ դրանք լիովին տարբեր են։ Լոնդոնի քաղաքապետը ընտրվում է բնակչության կողմից եւ ղեկավարում է, այսպես կոչված, Մեծ Լոնդոնը՝ 7.5 միլիոն բնակչությամբ։ Լորդ քաղաքապետի պաշտոնն ավելի արարողակարգային, խորհրդանշական է։ Ընտրվում է պառլամենտում, ներկայացնում Լոնդոնի Սիթին (քաղաքի կենտրոնական մասը, որը հայտնի է ֆինանսական հաստատություններով)։ Լորդ քաղաքապետն ապաքաղաքական դեմք է (պաշտոնապես չի անդամակցում որեւէ կուսակցության), եւ նրա հիմնական ֆունկցիան, ինչպես դարեր առաջ, եղել եւ մնում է՝ ներկայացնել, աջակցել եւ զարգացնել Լոնդոնի Սիթիի գործարարների եւ բնակիչների շահերը։ Լոնդոնի ներկայիս Լորդ քաղաքապետն է Ալդերման Յան Լյուդերը։

Վերադառնալով բուն թեմային, նշենք, որ այս երկու օրինակները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է ունենալ արդյունավետ քաղաքային իշխանություններ, որոնք ներկայացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Կարծում ենք՝ քչերը կառարկեն, որ Փարիզն ու Լոնդոնը աշխարհի ամենակարեւոր քաղաքներից են, հետեւաբար՝ նրանց կառավարումը բավականին դժվար գործ է, որը հաջողությամբ իրականացնում է ընդդիմադիր քաղաքապետը։