Մոդելը համահունչ է եվրոպական չափանիշներին

02/06/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Մի քանի օրից Երեւանում առաջին անգամ կայանալու են ավագանու ընտրություններ, որոնց նշանակության մասին արդեն բազմաթիվ կարծիքներ են հնչել: Եթե ավագանու ընտրությունները դիտարկենք այլ` արտաքին տեսանկյունից, որքանո՞վ են դրանք տեղավորվում ՀՀ եվրաինտեգրման գործընթացի տրամաբանության մեջ: Եթե հատկապես հաշվի առնենք այս ամսվա սկզբին մեկնարկած ԵՄ Արեւելյան հարեւանության ծրագիրը:

– ԵԽ անդամ երկրներում, թերեւս, միայն Ադրբեջանն է մնացել, որտեղ քաղաքապետը նշանակվում է, եւ առայսօր նաեւ ՀՀ-ն է: Եվ սա ոչ միայն ԵԽ, այլ նաեւ Եվրոպայի տեղական ինքնակառավարման խարտիայի պահանջների մեջ է մտնում: Այս առումով ինտեգրման ճանապարհն, իրոք, գնում է դեպի ԵՄ: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, իրոք, մի կողմից՝ միգուցե գերագնահատվում է նրա դերը, մյուս կողմից` թերագնահատվում: Բայց իրականում, եթե նայենք նախընթաց տարիներին եւ փորձենք հետեւել այսօր էլ շարունակվող գործընթացներին, ինչը կա մեր տեղական ինքնակառավարման համակարգում, ապա առաջին աչքի զարնող երեւույթներից մեկը չկայացած ավագանին է: Ընդհանրապես, երբ նայում ենք Եվրոպական խարտիան, ապա հիմնական տեղական ինքնակառավարման մարմինն ավագանին է, եւ դրանից ածանցյալ է համայնքի ղեկավարը: Մեզ մոտ գլխիվայր շուռ է տրված այն, եւ դա առաջին հերթին երեւում է ավագանու ոչ քաղաքական բնույթով եւ աղճատված լիազորություններով: Պատահական չէ, որ շատ անգամ ավագանու անդամ դառնալն ասոցիացվում է մի կրպակ, տաղավարի տեղ ձեռք բերելու հետ: Իրականում նրանք որեւէ ազդեցություն համայնքի կառավարման հարցում չունեն: Երեւանի ավագանին իր կազմավորման եղանակով, իր լիազորությունների փիլիսոփայությամբ, քաղաքապետի հետ ունեցած իր հարաբերություններում մեկ այլ մակարդակ է: Թերեւս, սկսած նրանից, որ ավագանին այս պարագայում լինելու է քաղաքական մարմին, որովհետեւ ձեւավորվում է հենց համամասնական ընտրական համակարգով, որտեղ գործ ենք ունենալու ոչ թե առանձին անհատ ավագանու, այլ կուսակցությունների հետ: Գործնականում, բնականաբար, չի կարելի բացառել, որ այստեղ էլ կարող են լինել նեղ, անձնական շահեր հետապնդողներ, բայց որպես սուբյեկտ՝ քաղաքական այդ դաշտում մենք արդեն գործ ունենք կուսակցությունների հետ, ինչն, իհարկե, բարձրացնելու է այդ մարմնի դերը: Բայց ավագանու դերի բարձրացմանն ուղղված գլխավոր լիազորությունը, թերեւս, Երեւանի քաղաքապետին ընտրելն է: Այսինքն` մի բան, որը մենք չունենք այլ համայնքներում: Սակայն այստեղ միայն ընտրելը չէ: Ընտրելուց հետո Երեւանի ավագանին կարող է անվստահություն հայտնել քաղաքապետին, մի բան, որը մենք մյուս համայնքներում չունենք: Երեւանի ավագանին, ըստ էության, կարող է որոշումներ ընդունել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են քաղաքապետի լիազորությունների մեջ: Այսինքն` ի տարբերություն այլ համայնքների, որտեղ մենք ի դեմս համայնքի ղեկավարի, գործ ունենք մի մարդու հետ, ով բոլոր գործերն ինքն է լուծում, Երեւանի պարագայում գործ ենք ունենալու կոլեկտիվ մի մարմնի հետ, եւ հարցերը լուծվելու են ոչ թե միանձնյա, այլ` այս մարմնի կողմից քննարկվելու միջոցով: Մեր քաղաքական համակարգի բացթողումներից մեկը, որն աչքի է զարնում, այդ մակարդակներում քաղաքական կյանքի բացակայությունն է: Խորհրդարանական, նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը, կարծես, փոշիանում է, եւ քաղաքական ուժերի համար միակ թատերաբեմը, որտեղ կարող են ներկայանալ իրենց ծրագրերով, միայն այդ ընտրություններն են: Ինչ վերաբերում է մեծ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում քաղաքապետի ընտրությունների մասնակցելուն, ապա քաղաքական ուժերը, թերեւս, պատվից ցածր էին համարում մասնակցել: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում հակառակն է. քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտները մասնակցում են եւ հիմնական խաղացողներն են, ինչը նշանակում է, որ այս ավագանին չի լինելու այն շարքային, սովորական ավագանին: Ընդհանրապես այն մոդելը, որը կիրառված է Երեւանում, համահունչ է ժողովրդավարական եվրոպական չափանիշներին:

– Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը, այդ թվում` Երեւանի ընտրովի ղեկավար մարմին ունենալու քայլը, հիմնավորվում է նաեւ իշխանության ապակենտրոնացման անհրաժեշտությամբ: Ձեր կարծիքով, հայաստանյան իրողությունների պայմաններում, մայիսի 31-ին կայանալիք ընտրություններն իրականում որքանո՞վ են նպաստելու իշխանության ապակենտրոնացմանը: Չե՞ք կարծում, որ Հայաստանի համար դա ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի:

– Եթե ուշադիր կարդանք 1995թ. Սահմանադրությունը եւ փորձենք այն բովանդակային վերլուծել, ապա ցավով պիտի նշեմ, բայց այն կարող էր լինել ոչ թե ՀՀ, այլ` եթե «Հանրապետություն» բառը փոխեինք եւ նախագահի անունն էլ դնեինք թագավոր, շատ տիպիկ դուալիստական միապետության Սահմանադրություն, որին բնորոշ հիմնական հատկանիշը գերկենտրոնացած կամ անձնակենտրոն իշխանությունն է: Այսինքն` բոլոր իշխանությունները կենտրոնանում էին ՀՀ նախագահի ձեռքում, եւ սա ԵԽ-ին անդամակցելուց հետո լուրջ քննադատության է ենթարկվել որպես անձնակենտրոն քաղաքական համակարգ, որը հարիր չէ եվրոպական ընտանիքին: 2005թ. Սահմանադրական փոփոխություններն այդ գերկենտրոնացած իշխանությունն ապակենտրոնացնելուն ուղղված հիմնական քայլերից մեկն էր, որտեղ, այո, առանցքային նշանակություն ունեն նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցերի կարգավորումը: Բացի այդ, մենք Երեւանում չենք ունեցել տեղական ինքնակառավարման որեւէ մարմին. Երեւանի քաղաքապետն առայսօր տարածքային կառավարման մարմին է, եւ ընդամենը կառավարության ձեռքն է, աչքն է Երեւանի տարածքում: Հիմա ունենալու ենք, չասեմ` նոր դիմակով, բայց նոր բովանդակությամբ քաղաքապետ: Այո, այդ ապակենտրոնացումը պետք է ընթանա, որովհետեւ երկրի կայացման համար տեղական ինքնակառավարման կայացումը գլխավոր հատկանիշներից է:

– Չե՞ք կարծում, որ քանի դեռ Հայաստանում ընտրական մեխանիզմները շարունակում են մնալ այսպիսին, այսինքն` լցոնումներով, ծեծուջարդով, այդ փոփոխություններն, այնուամենայնիվ, ձեւական բնույթ են կրում:

– Այստեղ հավի ու ձվի պատմությունն է: Ես էլ կարող եմ ասել, քանի դեռ ունենք գերկենտրոնացած իշխանություն, եւ քանի դեռ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում, եւ այդ մեկ անձն ասում է` գյադեք, դեսը գնացեք, գյադեք, դենը գնացեք, Ոստիկանությանն ասում է` գնա սրան բռնի, Ոստիկանությունն էլ վազում-բռնում է, դատարաններին ասում է` սրա նկատմամբ այսինչ դատավճիռը կայացրու, եւ դատարանը կայացնում է, նույնպես չի կարող ընտրական համակարգը կայանալ: Անշուշտ, չեմ կարող չհամաձայնել ձեր ասածի հետ, որովհետեւ, եթե ընտրական մեխանիզմները կատարյալ չեն, չեն համապատասխանում ժողովրդավարական չափորոշիչներին, ապա այդ բոլորը կարող են միայն եվրոպացիների աչքին թոզ փչելու համար լինել: Բայց մյուս կողմից էլ` եթե դու ունես գերկենտրոնացած իշխանություն, բնականաբար, դու մոռացիր նաեւ ընտրական այդ համակարգերի մասին: Քանի դեռ մեր հասարակական ընկալման մեջ ընտրությունների դեմ ոտնձգություն կատարողը չի դիտարկվում որպես հանցագործ, ոչինչ չի փոխվելու: Մեր գրպանից 5000 դրամ գողացողին գող կանվանենք, բայց արդյո՞ք մենք գող, հանցագործ ենք համարում այն մարդուն, որն ընտրակաշառք է բաժանում, ընտրակաշառք է վերցնում, ուրիշի փոխարեն է քվեարկում, լցոնում է կատարում: Վստահեցնում եմ` ոչ: Ինքը ճարպիկ, շուստրի, բաշարող տղա է, բայց հանցագործ չէ: Այսինքն` նաեւ ընկալման խնդիր ունենք: Միգուցե անցումային փուլում կամ այն փուլում, երբ իշխանությունը հարստանալու ամենակարճ ճանապարհն է, կամ կուտակած սեփականությունը պաշտպանելու միակ արդյունավետ միջոցն է, երբ բակում էլ գոռում են` գալու ենք իշխանության, ձեզ կախաղան ենք հանելու, շատ դժվար է ակնկալել, որ իշխանությունները կամք կդրսեւորեն, կպարտվեն, որ ընդդիմադիրները գան ու իրենց կախեն: Այսինքն` սա բազմագործոն երեւույթ է, որը ՀՀ-ում խորը վերլուծությունների չի ենթարկվել:

– ԵՄ Արեւելյան հարեւանության ծրագիրը մասնակից երկրների համար նախատեսում է մի շարք արտոնություններ եւ, այսպես ասած` «ոչ անդամի» կարգավիճակով մերձեցում Եվրամիությանը: Ձեր կարծիքով, ՀՀ-ն` ներկայիս օրենսդրական դաշտով եւ քաղաքական համակարգով, որքանո՞վ է պատրաստ դրան:

– Օրենսդրական դաշտը, թերեւս, ամենահեշտն է առաջ անցնելու համար: Այլ բան է` մենք իրականում մեր վարքագծով, մտածելակերպով եվրոպացի՞ ենք, թե՞ ոչ: Մենք ուզում ենք ապրել՝ ինչպես եվրոպացիները, բայց անել այն, ինչ հայերս ենք անում: Սրանք անհամատեղելի են: Կամ պետք է համակերպվենք, որ կաշառք վերցնել, խաբել չի կարելի, որ Սահմանադրության մեջ ձեւի համար չի գրված, որ մարդը գերագույն արժեք է, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, կամ` չձեւացնենք: Մեզ մոտ օրենսդրական տարբերություն չկա եվրոպական օրենսդրության հետ: Ես հասկանում եմ եվրոպացիներին, եւ հակված եմ մտածելու, որ եվրոպացիներն իրենց ցանկություններում անկեղծ են եւ միգուցե նաեւ իրենց շահերն ունեն: Հայաստան, որտեղ չասեմ` տոտալիտար, ավտորիտար ռեժիմներ են, ժողովրդավարական ռեժիմ չէ, ազատ տնտեսական մրցակցություն չկա, մարդու իրավունքները պաշտպանված չեն, նման երեւույթները գլխացավանք են եվրոպացիների համար, թեկուզեւ այս երկրներից փախստականների հոսքի առումով: Իրենք խնդիր ունեն այս երկրները, եթե ոչ՝ հավասարեցնել եվրոպական մակարդակին, ապա գոնե ապահովել այն նվազագույնը, որպեսզի փախստականների հոսքը հնարավորինս փոքրանա: Երկրորդ` ավտորիտար, տոտալիտար ռեժիմների պարագայում միշտ էլ քաղաքական բախումները, անկանխատեսելի հետեւանքները չեն բացառվում, իսկ եվրոպացիների քթի տակ նման երեւույթները բնավ էլ ցանկալի չեն: Երրորդ` Եվրոպային, հատկապես ֆինանսական ճգնաժամի պարագայում, պետք են նոր շուկաներ: Միգուցե ՀՀ-ն փոքր է, այդքան մեծ հետաքրքրություն չունի, բայց, այնուամենայնիվ, շուկա է, իսկ այդ շուկայում խաղի կանոնները եթե ոչ՝ եվրոպական, ապա բավականին մոտ պետք է լինեն եվրոպականին: Այսինքն` ցանկացած եվրոպական ներդրողի համար շատ տեսանելի, կանխատեսելի պետք է լինի, թե ինչ խաղի կանոններով է ինքը խաղում եւ որքանով է ինքը պաշտպանված: Այս տեսանկյունից հասկանում եմ եվրոպացիներին, եւ միգուցե լավ չեմ հասկանում մեզ: Մենք ուզում ենք ապրել՝ ինչպես եվրոպացիները, բայց վարվել մեր քաղաքացիների հետ կամ պետություն-քաղաքացի հարաբերությունները կարգավորել՝ ինչպես աֆրիկյան երկրներում: Իսկ եթե սրան էլ գումարում ենք այն, որ մենք բանան էլ չունենք, արդյունքում ստանում ենք վատ վիճակ: