Մեր վերջին անկախությունը սկսվեց յուրահատուկ՝ Արցախի ազատագրության դրոշի ներքո։ Սա այն խնդիրն է, որի նկատմամբ մշտապես առանձին զգայունություն է դրսեւորել մեր ամբողջ ժողովուրդը, եւ այն խաղացել է ազգի հզոր միավորողի դեր։ Սակայն այն ոչ միայն իշխանություններ է ձեւավորել, այլեւ իշխանությունների ու վարչակարգերի հրաժարականի պատճառ է դարձել, որոշել երկրի ղեկավարների ճակատագիրը։
Այսօր մեր հասարակությունը գտնվում է ձեւավորման մի կարեւոր փուլում։ Նոր սերնդի բարեփոխումները ինչ-որ տեղ արգելակվեցին համաշխարհային ճգնաժամով, իսկ այսօր ընթանում է շատ կարեւոր՝ մայրաքաղաքի ղեկավարության ընտրությունների գործընթացը, որը կառուցված է բոլորովին նոր սկզբունքով եւ խոստանում է մեր պետական զարգացման մի յուրահատուկ փուլի վերածվել։ Սակայն այն շուտով իր լուծումն է գտնելու, ու դրանից հետո ժամանակները դարձյալ բնութագրվելու են Ղարաբաղի հարցի անխոնջ թելադրանքներով։ Բոլոր հիմնախնդիրները՝ բարեփոխումների անհետաձգելի անհրաժեշտությունը, երկրի կողմնորոշումների հարցում նոր փնտրումները, համաշխարհային ճգնաժամը, Արցախի հարցը եւ այլն՝ դժվարացնում են «երրորդ սերնդի» իշխանությունը, որը, թվում է, ելնելով պետության զարգացման տրամաբանությունից, ինչպեսեւ նախագահի բնավորության անձնական հատկանիշներից, պետք է լիներ ազգի առավելագույն միավորման ժամանակաշրջան։ Այսպիսի խնդիրներ ունեցող պետության համար տնտեսական ճգնաժամը, որ աշխարհի երկրների մեծամասնության թիվ մեկ խնդիրն է այսօր, մեզ համար նույնիսկ երկրորդ պլան կարող է մղվել։ Ոչ միայն այն պատճառով, որ ավելի քիչ զարգացած երկրների մոտ այն ավելի պակաս դրսեւորումներ ունի, քան գերզարգացած, առաջատար երկրներում, այլեւ այն պատճառով, որ մենք կարծես կարողացել ենք գտնել դրա լուծումը։ Հայտնի է, որ սա, եթե շատ ընդհանրական ձեւակերպում տանք, առաջին հերթին ֆինանսական՝ արժեթղթերի եւ բանկերի, կապիտալի ճգնաժամ է։ Իսկ Հայաստանը կարողացել է ձեռք բերել շուրջ 1,5 մլրդ դոլարի վարկերի համաձայնագրեր երեք հիմնական եւ հզոր ինվեստորներից։ Ակնհայտ է, որ ճգնաժամը հաղթահարել փորձող ցանկացած երկիր եթե կարողանար «դրսից» իր պետական բյուջեի կեսը կազմող գումարներ ներգրավել, ճգնաժամի հետեւանքները ստույգ հաղթահարած կլիներ։ Ցավոք, միջազգային օգնությունը ենթադրում է նաեւ միջազգային նախապայմաններ, որոնցից գլխավորը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը եւ տարածաշրջանային ինտեգրումն է, որի ուղղությամբ եւ կտրուկ քայլեր ձեռնակվեցին ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ։ Մյուս կողմից, դրանք ի վերջո պարտադիր քայլեր էին, որոշակիորեն թելադրված ժամանակի պահանջներով։ Ընդհանրապես, Նախագահության առաջին իսկ տարում արմատական լուծումների գնալը որոշակիորեն ռիսկային է, որովհետեւ նույնիսկ պետական ղեկավարման մեծ փորձի պայմաններում չեն կարող ամբողջովին բացառվել սխալները։ Գուցե ավելի ճիշտ է մի փոքր սպասել, յուրացնել նոր դիրքի բոլոր քաղաքական պահանջները։ Մասնավորապես մեր նախորդ նախագահի անմիջապես եւ անմիջական բանակցություններ սկսելը Ղարաբաղի հարցով հարեւան երկրի նախագահի հետ ոչ միայն որեւէ լուծում չբերեց խնդրին, այլեւ, ինչպես գնահատվում է, տեղափոխեց խնդիրը միջպետական հարաբերությունների մեզ համար անշահավետ ֆորմատ։ Այսօր նման փորձաքար է դարձել հայ-թուրքական «նախագահական» հարաբերությունների նոր փուլը, որը սկսվեց Հայաստանում երկու երկրների ղեկավարների հանդիպումով եւ կարծես ամփոփվում է ապրիլի 22-ի հայտնի համաձայնագրի շուրջ հակասությունների մեջտեղ գալով։ ՈՒ դարձյալ այստեղ վճռական դեր է խաղալու Ղարաբաղի խնդիրը։ Մեկ տարվա այս պատմությունը ցույց է տալիս, որ իր բոլոր աննախադեպ զարգացումներով եւ նույնիսկ հիասթափություններով հանդերձ, այս նոր գործընթացը չի կարելի եւ շատ մակերեսային կլինի (ինչպես արվում է որոշակի քաղաքական ուժի կողմից) համարել «հապշտապ», «անփորձության հետեւանք» եւ առավել եւս՝ «տապալված»։ Թուրքիայի այս իշխանությունը կարծես ավելի լավն է, քան ընդդիմությունը։ Համենայն դեպս, սա բացահայտ շովինիստական հայտարարություններով հանդես չի գալիս, ճնշում է կոշտ ազգայնական շարժումները եւ այլն։ Ակնհայտ էր, որ պետք էր ընդառաջ գնալ եւ փորձարկել այս, ընդհանուր առմամբ, դարձյալ խոշոր տեղաշարժերի մեջ գտնվող եւ մեծ խնդիրներ ունեցող երկրի քաղաքական եւ հումանիստական մտադրությունների իրականություն լինելը։
Սակայն արդյունքում… իրենց երկրում Գյուլին դավաճան անվանողներ են հայտնվել։ Թուրքիայում հականախագահական մեծ աժիոտաժ ստեղծվեց, որոշակիորեն բախվեցին հին ընկերներ եւ թիմակիցներ վարչապետի եւ նախագահի տեսակետները։ Եվ ամենակարեւորը՝ դրսեւորվեցին թուրքական քաղաքականության իրական մղումները։ Մենք սովոր ենք թուրքական քաղաքականությունը բնութագրել որպես թրծված, զարգացած, որի հետ ոտք գցելը անհնար է։ Իրականում այսօր հենց այստեղ նրանց մոտ որոշակի շփոթություն ենք նկատում։ Ուշադրություն դարձրեք՝ միջազգային իմիջի տեսանկյունից Հայաստանն այստեղ ոչինչ չի կորցրել, ընդհակառակը, նա նախագահի մակարդակով պահպանում է հաշտության նախաձեռնողի դիրքերը, իսկ Թուրքիան ցույց է տալիս երկիմաստ վարքագիծ։ Նրա ղեկավարների վերջին հայտարարությունները անկասկած ապացուցում են, որ Արցախը նախապայման են դիտում հայ-թուրքական հարաբերություններում։ Իսկ սա արդեն պայմանի խախտում է։ Այդ դեպքում մեզ համար առաջնային խնդիրը դառնում է ոչ թե սահմանները բացելը, այլ Արցախը պահելը։ Հայաստանի նախագահը այս հարցում այսօր ամենաուղղակի եւ ընդգծված ձեւով է երկրի դիրքորոշումը ձեւակերպում` որպես Արցախի կախյալ կարգավիճակի որեւէ տարբերակի բացառում։ Այս հաստատումները ավելի միանշանակ են եւ վճռական, քան իր նախորդների մոտ։ Նախագահը առանց հստակ քաղաքական հաշվարկի, նման հաստատուն հայտարարություններ չէր անի՝ չէ՞ որ դրանք արձանագրվում են եւ փաստաթղթի արժեք ստանում։
Այս գործընթացում ակնհայտ դարձավ, որ թուրքերի առաջ քաշած խնդիրները մնում են էգոիստական եւ այսօրվա դիվանագիտական կանոններին չհամապատասխանող, այն է. Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում (մասնավորապես` ըստ վարչապետի վերջին հայտարարությունների), ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա արգելակում, Կարսի պայմանագրի վերահաստատում։ Դիմացը՝ սահմանների բացում։ Հետո էլ ասում ենք՝ Թուրքիան տիրապետում է ճկուն դիվանագիտության… Ե՛վ Թուրքիայի վարչապետի բարձրացրած աղմուկը, եւ՛ այդ երկրի նախագահի անհարմար վիճակում հայտնվելը վկայում են, որ Թուրքիան չի տիրապետում դիվանագիտական ժամանակակից արվեստին, իսկ նրա պահանջները խտրական են, Հայաստանի նկատմամբ՝ մեծապետական։ Այդպիսի պետությունը չի կարող տեղավորվել ժամանակակից միջազգային համակեցության կանոնների մեջ եւ առավել եւս՝ հույս ունենալ ինտեգրվելու այդ համակեցությանը։
Ի՞նչ շահեցինք մենք այստեղ։ Այսօրվա Թուրքիայի վերաբերմունքը իր իսկ ստորագրած համաձայնության նկատմամբ, նրա ձեռագրի կարեւոր ապացույց էր։ Եվ լավ էր, սխալ չէր, որ դրան դրսեւորվելու հնարավորություն ընձեռեցինք։ Սրանով հաջողվեց պատռել նրա դիմակը, ոչինչ, ըստ էության, չկորցնելով։ Ընդհակառակը, Արեւմուտքում սա նոր հիասթափություն է առաջացրել այս երկրի նկատմամբ, որ ժամանակի հետ իր դրսեւորումներն է ունենալու։ Իսկ Ռուսաստանը նույնիսկ կարծես ներքուստ ոգեւորված է հեռանկարով, քանի որ տապալումով արգելակվում է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունների տարածումը, ինչը կարող էր վերջնականապես խլել Ռուսաստանից Հարավային Կովկասը։ Այսինքն, Թուրքիան կորուստներ կրեց երկու գերուժերի արանքում։
Մեզ համար շատ կարեւոր է, որ եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում նաեւ, որ այս պետությունը տեղ չի կարող ունենալ Ղարաբաղի կարգավորման հարցում իրականացվող միջազգային ջանքերում։ Ինչո՞ւ պետք է Թուրքիան ավելի խառնվի Ղարաբաղի հարցում, քան, ասենք, Իրանը։ Ճիշտ հակառակը։ Մեր երկրների հարաբերությունները վերականգնելու կոնտեքստում տրամաբանական չէ Թուրքիայի միջամտելը Ղարաբաղի գործընթացին, քանի որ դա նույնը կլիներ, եթե մենք նախապայման դնեինք, ասենք, Կիպրոսի խնդիրը։ Ուշագրավ է Հայաստանի ղեկավարի կեցվածքը այս հարցում։ Թուրքիայի առաջնորդների աժիոտաժային վիճակի համեմատ, նա պահպանում է հանգստությունը եւ ավելի բարձր դիրքում է մնում՝ հարեւանների հարուցած աղմուկի ֆոնին, ցույց տալով, որ նրանց համեմատ ավելի վստահ է տիրապետում իր երկրի կառավարմանը։ Սա նաեւ Սերժ Սարգսյանի յուրահատուկ խառնվածքի վկայությունն է՝ նա բնավորություն ունի կրիտիկական իրավիճակներում արտաքուստ զարմանալի անշտապություն, «անհաղորդություն» դրսեւորել, յուրատեսակ պատենտավորվել, բայց իրականում ի վերջո հաղթող է դուրս գալիս։ Թուրքիայի այսպիսի անհավասարակշիռ եւ անհաշվենկատորեն էգոիստ դրսեւորումը ապացուցեց մի քանի հետեւություններ։ Նախ` պե՞տք են այսպիսի սահմանները մեզ այսպիսի գնով։ Արժանապատիվ պատասխանն ակնհայտ է՝ չեք ուզում, մի բացեք, կպատրաստվենք եւս 20 տարի ապրել այսպես։ Ափսոս կլինի, իհարկե։ Բայց տեխնիկան զարգանում է, հաղորդակցության միջոցները գնալով կատարելագործվում են նույնիսկ սեղմված պայմաններում։ Մենք սովորել եւ ապացուցել ենք, որ կարող ենք այսպես ապրել։ Իսկ այս մեկուսացումը ոչ մեկի, երեւում է, դեռ չի ձանձրացրել։ Ի պատասխան թուրք ղեկավարների «հարձակումների»՝ մենք պետք է մեր հիասթափությունը հայտնենք նախագծերի վիժեցման համար՝ ուղղակիորեն մատնացույց անելով, թե ով է դրա պատճառը։ Երկրորդ հնարավոր հետեւությունը՝ մեր հասարակությունները առայժմ պատրաստ չեն հաշտության։ Սա շատ կարեւոր պահ է՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել փորձող միջազգային ուժերի համար։ Գուցե Թուրքիան այստեղ շատ ավելի մեծ վնասներ է կրելու, որ դեռ կարծես չի հասկանում։ Հարվածի տակ է դնելու Ադրբեջանին եւ հրաժեշտ տալու տարածաշրջանային ազդեցության առաջատարի իր նկրտումներին։ Այս իրավիճակում առաջին պլան է մղվելու դարձյալ Մայնդորֆյան պայմանների հետագա զարգացումը, քանի որ հաշտության հերթական դուռը փակելուց հետո Ադրբեջանին դարձյալ մնում է հրձիգի քաղաքականությունը, ինչը արգելվում է հիշյալ հռչակագրով։ Ընդհանրապես դա ոչ ոք չի խրախուսելու։ Պետք է նաեւ մտածել այն ուղղությամբ, որ Ղարաբաղի հարցը նաեւ պատրվակ կարող է լինել՝ խուսափելու հարաբերությունների հաստատումից։ Շատ դժվար է ավանդական Թուրքիայի համար, որը գրավել է հայերի պատմական հայրենիքը, թույլ տալ, որ իրենց պատմությունը ամենեւին չմոռացած այդ հայերը՝ ընդունակ եւ զարգացած մի ժողովուրդ, ազատ շարժվեն իրենց պատմական հողերով, նկարահանեն հազարավոր այն հուշարձանները, հայերեն արձանագրությունները, որ չնայած վայրենի կոտորածի, դեռ մնացել են։ Գտնեն, ցույց տան, ապացուցեն իրենց վաղեմի գերեզմանները, որ իրենց ոչ վաղ անցյալի հիշատակներն են, գուցե նաեւ հաստատվեն այնտեղ, քրդերի ու մոլորեցված թուրքերի աչքերը բացեն պատմական հրեշավոր կեղծիքի առջեւ, վերականգնեն նրանց մթագնած հիշողությունը։ Թուրքիան միշտ պատճառներ է գտնելու, որ արգելի հայերի մուտքը իրենց պատմական հայրենիքի տարածք։ Իսկ դա միջազգային համակեցության օրենքների ամենամեծ խախտումներից է համարվում 21-րդ դարում։ Պետք է Թուրքիային ցույց տալ, որ Ղարաբաղից շատ ավելի մեծ հարց կա՝ այն ժամանակ միայն գուցե խելամիտ համարի թուլացնել իր քաղաքականությունը ԼՂ-ի ճանաչմանը խանգարելու ուղղությամբ։ Եթե նրանք կապում են Ղարաբաղի հարցը սահմանների բացման հետ, մենք կարող ենք կապել ԼՂ-ի հարցը Եղեռնի հարցի ճանաչման հետ։ Սա սկզբունքների կամ դոկտրինաների պայքարի, «բա որ ասում էի» հարց չէ, այլ ժամանակի հայելին, որ անհրաժեշտ ապացույցները գտավ վերջին իրադարձություններում։ Այս իմաստով շատ ուշագրավ են նաեւ մեր ներքին արձագանքները, որոնք երբեմն ստանում են բոլորովին ոչ ադեկվատ դրսեւորումներ: Փորձենք հարցը քննել գաղափարախոսությունների, եւ ոչ թե ինտրիգի տեսանկյունից։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կան գաղափարական ուղղություններ, որոնք ձեռնտու չեն դիտում Թուրքիայի հետ մերձենալու ցանկացած գործընթաց։ Եվ դա քաղաքական հիմնավորում էլ ունի։ Սահմանները փակելով՝ Թուրքիան ինքն իրեն մեկուսացրել էր Հայ-ադրբեջանական բանակցություններին ուղղակի մասնակցությունից եւ դրանով՝ Արցախի հարցից։ Այնպես որ, չնայած իր ներքին կարծրատիպերին, նա նույնքան եւ գուցե ավելի շահագրգռված պետք է լինի մեկուսացումը վերացնելու, որպեսզի ավելի ազատություն ստանա բավարարելու իր տարածաշրջանային հավակնությունները։ Դրա վրա հենվելով՝ հաշտության մի փորձը միայն, որ ՀՀ-ի համար անհրաժեշտ էր, եւ պարտադրված՝ միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից, այս իրավիճակում մեզ մոտ հարուցեց լրացուցիչ մտավախություններ։ Եվ ամենացավալին է, որ նաեւ՝ Արցախում։ Այնտեղ հետեւողականությամբ որոշակի ուժեր կարծում են, թե Հայաստանը, հանուն իր զարգացման շահերի, կարող է գնալ զիջումների Արցախի հարցում։ Այս դեպքում, դիտելով Թուրքիայի պահվածքի հետագա զարգացումները, նաեւ հաշվի առնելով մասնավորապես Արցախի այս մտավախությունները, մեզ մոտ պահի առաջնային կարեւորությունը կարող է շրջվել, շեշտադրումը փոխելով ոչ թե հարաբերությունների հաստատմանը, ոչ թե Եղեռնի հարցի քննարկմանը, այլ թուրքական դիվանագիտության երկիմաստության մերկացմանը։ Դրությունը մեր օգտին է։ Եթե Թուրքիայի ղեկավարները, ենթարկվելով Ադրբեջանի ճնշումներին, շարունակեն պնդել ղարաբաղյան պայմանի վրա՝ նրանք ի սկզբանե խախտած կլինեն դեռեւս նույնիսկ ուժի մեջ չմտած «Ճանապարհային քարտեզի» հիմքում ընկած ուղղակի եւ չմիջնորդավորված հարաբերությունների սկզբունքը։ Իսկ նույն իրավիճակում երբ Հայաստանի՛ ղեկավարները շարունակեն պնդել Արցախի՝ Ադրբեջանից անկախության վրա (ինչը եւ անում են չպակասող հստակությամբ եւ միանշանակ)՝ ոչ ոք չի կարող մեղադրել, թե դա պայմանագրի կետերի խախտում է։ Մանավանդ որ, հակառակ դեպքում, նման պայմանագիրը պարզապես անհնար կլինի անցկացնել մեր խորհրդարանում։ Հետաքրքիր է, որ այս նուրբ իրավիճակում հարաբերությունների հաստատման գործընթացին դիմադրություն են ցուցաբերում ոչ միայն ազգային-պահպանողական ուժերը, այլեւ նրանք, որոնք իրենց ողջ գործունեության ընթացքում երազել են նման լուծումների մասին։ Սա կարելի է բացատրել միայն քաղաքական հակամարտության ինտրիգով։
Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը
Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է քաղաքական եւ տնտեսական բեկման էֆեկտ ստեղծել Հայաստանի համար, որը ժողովուրդը կընկալի անմիջապես, երբ դա անդրադառնա իր կենցաղի վրա։ Ուրեմն ո՞րն է պատճառը, որ մարտական ընդդիմությունը չի ուզում եւ ձգտում է պիտակավորել հաշտության գործընթացը։ Այն դժվար է դարձել նաեւ Անկարայի համար՝ ներքին եւ ադրբեջանական ուժեղ դիմակայության պատճառով։
Մինչդեռ սա առողջ գործընթաց է եւ բացառիկ շանս, որ ողջունել են բոլոր առաջադեմ ուժերը։ Ինչպես նշեցինք, մեզ համար հետ դառնալը միշտ էլ հնարավոր է, սակայն արդյո՞ք այսօր սպառվել են բոլոր հնարավորությունները։ Ակնհայտորեն՝ ոչ, շատ բան դեռ հայտնի էլ չէ։ Անկեղծ ասած, եթե վերանանք քաղաքական պրոցեսներից եւ դատենք ոչ ըստ քաղաքական հրապարակումների՝ ժողովուրդն էլ վաղուց սպասում է դրան, եւ այս հնարավորությունը պիտի օգտագործել մինչեւ վերջ։ Բոլոր դեպքերում, այս ինտրիգը, կարծում ենք, չունի այն պոտենցիալը, որ կարողանա նշանակալի կերպով խախտել հայկական գծի ներքին քաղաքական միասնությունը։ Գաղտնիք չէ, որ տեր-պետրոսյանական, դաշնակցական եւ նույնիսկ քոչարյանական ընդդիմությունները («Սիվիլիթասը» նկատի ունենք) դրսի ֆինանսավորման վրա են հենվում։ 90-ականներին սա ուժեղ գործոն էր, որ թույլ տվեց Դաշնակցությանը լրջորեն խարխլել իշխանության դիրքերը, սակայն այսօր պետական հնարավորություններն այնպիսի զարգացում են ապրել (հմմտ., այն ժամանակ երկրի բյուջեն 300 մլն էր, այսօր՝ ճիշտ 10 անգամ ավելի), որ այս առումով եւս իշխանության հետ մրցակցելը արդեն անիմաստ է։ Խնդիրն այն է, որ պետական դիվանագիտությունը չի կարող հիմնվել միայն նախագահի ուսերի վրա։ Հարցերը ամենաբարձր մակարդակով քննելու ընդունակ ազգային կադրեր պետք է ունենա առաջին հերթին մեր Արտգործնախարարությունը։ Ընդունակ եւ ունիվերսալ մեր ազգային կադրերը այսօր կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Բայց հետաքրքիր է, որ նրանցից ոչ մեկը պաշտոնական դիվանագիտական ոլորտում չի ձեւավորվել։ Ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ ինչպե՞ս պիտի ազգի գաղափարախոսությունը պաշտպանեն 40 հազար դրամ աշխատավարձով Գիտությունների ակադեմիայի աշխատողները, իսկ դրանից հաճախ 10 անգամ ավելին ունեցող ԱԳՆ-ում զբաղվեն կոսմոպոլիտ «միջազգային» գրանտներ կպցնելով, իրենց գիտելիքների չափանիշն էլ համարելով, ասենք, Եվրամիության կամ ՄԱԿ-ի կանոնադրությունն անգիր անելն ընդամենը։ Սա է պատճառը, որ այսօր ընդդիմադիր տեսակետները հաջողությամբ մրցակցում եւ նույնիսկ երբեմն գերակայում են պետական ծրագրերի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Արցախին, դա բոլորովին առանձին, մեզ համար՝ համազգային խնդիր է, նույնիսկ` վեր պետական ծրագրերից։ Մի ժողովրդի ենթակայեցումը մյուսին մարդկության վերջին սխալն է, որ անհարիր է ազատ 21-րդ դարին։ Դա մերժելի է նույնիսկ, եթե քաղաքական համագործակցության, այսպես ասած, «եղբայրության» արդյունք է։ Սակայն, երբ այն հանգեցնում է արյունալի կոնֆլիկտների եւ ժողովուրդների վերացման վտանգի, դարի գնահատականը միանշանակ է՝ դեպի ազատագրում։ Եթե այսօր դեռ ոչ՝ վաղը անպայման նոր, ունիվերսալ մեխանիզմներ են մշակվելու, եւ այս կարեւոր գործընթացում դեր ունի նաեւ կարգավորման Մինսկյան ֆորմատի երկարատեւ փորձը։ Աշխարհում բազմաթիվ, այսպես կոչված, «վիճելի տարածքներ» կան, որոնք ժամանակի հետ էլի պետք է ավելանան։ Այդ տեղերում հարցը լուծվել է ապրող գերակշիռ ազգային բնակչության կամքին ընդառաջ։ Եվ դա ժողովրդավարության հաղթանակն է, որ իր ուղին չի փոխելու՝ միտումն է ակնհայտ։ Չի կարող թույլ տրվել, որ Ղարաբաղը դարձյալ միակ բացառությունը լինի օրինաչափությունից։
Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ