«Հայաստանի ապագան կրթված մարդկանց հանրությունն է»

02/06/2009

ABBYY ընկերության փոխնախագահն է: Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ծրագրեր, ինչպիսիք են «Lingvo»-ն եւ «FineReader»-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սքաները համալրված է տեքստի ճանաչման «Fine Reader» ծրագրով: Ա. Փախչանյանը ծնվել է 1968թ. Երեւանում: Սովորել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, ապա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (ՄՖՏԻ): 1993թ. սկսել է աշխատել ABBYY ընկերությունում, տեխնիկական գրողի պաշտոնում, ապա աշխատել է որպես հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավարի տեղակալ: 1997-2004թթ. ղեկավարել է ընկերության կորպորատիվ նախագծերի բաժինը: 1999թ. ABBYY-ի փոխնախագահն է: 2004թ. ղեկավարում է Տվյալների ներմուծման ապրանքատեսակների դեպարտամենտը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Զբաղվում է երաժշտությամբ, խոհարարությամբ: Սիրում է ճանապարհորդել, դահուկասահք, դայվինգ:

– Վերջին տարիների ընթացքում մենք բազմիցս լսել ենք հայտարարություններ այն մասին, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որպեսզի դառնա նոր «Սիլիկոնային հովիտ»: Սակայն խոսքերից այն կողմ գործը սովորաբար չի անցնում: Ի՞նչ կարելի է անել, որպեսզի Հայաստանում IT ոլորտը զարգանա ավելի արագ եւ արդյունավետ:

– Կան IT շուկայի զարգացվածության աստիճանի մի քանի ինդիկատորներ: Երբ ես գալիս եմ այս կամ այն երկիր, մայրաքաղաքի կենտրոնում մեկ ժամ անցկացնելուց հետո կարող եմ որոշ եզրահանգումներ անել այն մասին, թե որքան է զարգացած այդ երկրի IT շուկան: Այդ ինդիկատորները շատ պարզ են: Առաջինը գոնե մեկ խանութի առկայությունն է, որտեղ վաճառվում է արտոնագրված ծրագրային ապահովում, ինչպես նաեւ` բազմաթիվ խանութների առկայությունը, որոնցում վաճառվում են չարտոնագրված ծրագրեր, ֆիլմեր եւ երաժշտություն: 2-րդ ինդիկատորը ձեւավորված հանրային IT ընկերությունների առկայությունն է: Ավելի հաճախ դա տեսանելի է ըստ քաղաքի գովազդային վահանակների: Եթե Մոսկվայում քայլեիք 5 տարի առաջ, չէիք գտնի IT ընկերության ոչ մի գովազդ: Այժմ ամենուրեք կախված են «Յանդեքսի», համակարգային ինտեգրատորների, տարբեր ծառայությունների պրովայդերների գովազդներ: IT ոլորտից ՀՀ-ում կա կապը, եւ դա հիմնականում տեղի է ունեցել գլոբալիզացիայի շնորհիվ: Կապը IT սյուներից մեկն է, բայց դա քիչ է: Կարծում եմ, որ ՀՀ-ն չպետք է համեմատվի ՌԴ-ի, նույնիսկ Ուկրաինայի հետ: ՀՀ-ում IT շուկայի զարգացման մակարդակն այսօր կարելի է համեմատել 1998-1999թթ. ՌԴ-ի հետ, այսինքն` մենք հետ ենք մնում մոտավորապես 10 տարով: Դրանում սարսափելի ոչինչ չկա, քանի որ առաջիկայում ՀՀ-ին սպասում է բուռն աճ: Մյուս կողմից, IT ոլորտի մասնագետների` առաջին հերթին ծրագրավորողների համար դա շատ երկար ժամանակ է: Ես հաճախ ասում եմ, որ եթե ծրագրավորողի մասնագիտությունը համեմատենք բժշկի կամ փաստաբանի մասնագիտության հետ, դա նույնն է թե՝ համեմատենք գարեջուրը կոնյակի հետ: Գարեջուրը շուտ է փչանում, իսկ կոնյակը տարիների ընթացքում դառնում է ավելի լավը. տարեց բժիշկը կամ փաստաբանը ավելի փորձառու եւ որակավորված են: Ծրագրավորման մեջ ամեն ինչ հակառակն է. այս մասնագիտության մեջ լավագույն տարիները երիտասարդությունն է: Այսօր, հատկապես համաշխարհային ճգնաժամի լույսի ներքո, որոշ իմաստով կա կորուսյալ սերնդի զգացողություն: Այն մարդկանց, ովքեր այսօր ՀՀ-ում սկսում են զբաղվել ծրագրավորմամբ, կարծես, առաջիկա տարիներին չի սպասում ներգրավվածություն համաշխարհային որակի տեղական հաջողված IT ընկերություններում: Միաժամանակ, եթե որպես օրինակ վերցնենք մեր ընկերութունը` ABBYY-ն, ապա մենք ոտքի կանգնեցինք եւ դարձանք լուրջ միջազգային դերակատար, որն անկախ ծրագրային ապրանքատեսակներ է տրամադրում, հենց 1993-2000թթ.: Այդ տեսանկյունից այսօր ՀՀ-ում զբաղվելու բան կա, քանի որ երկիրը մի քանի լավ հնարավորություններ ունի: Հնարավորություն համար մեկ. ՀՀ-ում դեռեւս թանկ չէ աշխատուժը, կա նաեւ տեխնիկական բուհերի շրջանավարտների որոշակի ավելցուկ, ովքեր կցանկանային աշխատանք գտնել այդ ոլորտում: Դա շատ մեծ ռեսուրս է, որը շատերը թերագնահատում են, քանի որ ֆինանսական եւ կազմակերպչական հարցերը բիզնեսի տիրոջն ավելի առաջնահերթ են թվում: Այն երկրներում, որոնք չունեն ծրագրային ապրանքատեսակների ստեղծման փորձ (այդպիսի երկրների թվին կարելի է դասել նաեւ ՌԴ-ը), գոյություն ունի ծրագրավորողների եւ գործարարների միջեւ մտածողության պառակտվածության բավականին մեծ խնդիր: Գործարարը, ով ցանկանում է որեւէ բան անել IT ոլորտում, այնքան էլ լավ չի հասկանում այդ աշխատանքի առանձնահատկությունը եւ կարծում է, որ ծրագիր գրելը շատ դյուրին է: Եվ նա ուշադրությունը կենտրոնացնում է մարքեթինգի եւ այդ ծրագրով շուկա դուրս գալու վրա: Սակայն նա բախվում է ուժեղ մրցակցային շուկայի հետ, ուր մտնելը շատ բարդ է: Իսկ ծրագրավորողն իր խնդիրը համարում է ապրանք ստեղծելը, սակայն նա չի հասկանում` որ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, նրան ձգում են հեշտ եւ պարզ ապրանքատեսակները, եւ այստեղ նա, ի դեպ, նմանվում է գործարարին: Մարդկանց թվում է, թե որքան շուտ ստեղծվի ապրանքը, այնքան արագ կգա այն օրը, երբ այն հաջողված կդառնա: Իրականում շուկան կարելի է «ճեղքել» բացառապես ծանր աշխատանքով, որը կհանգեցնի այն ապրանքի ստեղծմանը, որն ուրիշը հեշտությամբ չի կարող կրկնել: Հաջողության կարելի է հասնել միայն բացառիկությամբ: Պարզապես գեղեցիկ գաղափարը շատ վտանգավոր է: Այո, կարելի է այն իրացնել մյուսներից շուտ, բայց, պայմանականորեն ասած, 20 րոպեով կամ 1 տարով: Այդ 20 րոպեից կամ 1 տարուց հետո ինչ-որ մեկը կստեղծի նույն բանը, եւ եթե նա ավելի շատ փող ունի առաջխաղացման համար, դուք կպարտվեք: Այն ըմբռնումը, որ պետք է գտնես քո ճանապարհը, հեշտ չի տրվում: Եվ այստեղ պետք է համախմբվեն գործարարը, ով կունենա երկարաժամկետ ռազմավարական մտածողություն, եւ ծրագրավորողը, ով պատրաստ կլինի հավատալ այդ գործարարին եւ գաղափարի կյանքի կոչմանը նվիրաբերել իր կյանքի տարիները` 5, 6, 7 տարի: Դրա փոխարեն 7 տարի հետո նա կարող է շուկա դուրս գալ նրանով, ինչը եւս 7 տարի անց մնացածի համար նորություն, անիրական ինչ-որ բան կլինի:

– Երեւի թե ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր ունեն լավ գաղափարներ եւ դրանց կյանքի կոչման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն, նույնիսկ, եթե դրա համար պահանջվեն Ձեր նշած տարիները: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ մարդկանց հայտնաբերման մեխանիզմը եւ իրենց գաղափարների գործնական իրագործման ուղղությամբ նրանց աշխատելու հնարավորությունը:

– Հնարավոր չէ նման միջավայր ստեղծել կրթօջախից դուրս: Եթե մենք ցանկանում ենք առաջնորդներ լինել բարձր տեխնոլոգիաների եւ գիտելիքի հետ կապված ոլորտում, ապա հարցը հանգում է որակյալ կրթության խնդրին: Եթե նայենք շատ երկրների, օրինակ` Իսրայելի փորձին, ապա մոդելն ամենուր մեկն է, այն է` որեւէ բուհ կամ բուհերի խումբ պետք է դառնա երիտասարդների ստեղծագործական աշխատանքի բյուրեղացման եւ կուտակման կենտրոն: Խոսքն իրական կենդանի ինկուբատորի որոշակի ձեւի մասին է, որում կծնվեն առաջին հայացքից խենթ գաղափարներ, որոնք կարող են հետաքրքրել եւ ներգրավել վենչուրային կապիտալիստներին: Միաժամանակ, պետությունը պետք է նախաձեռնի վենչուրային հիմնադրամի ստեղծում եւ դրանում որոշակի ֆինանսական մասնակցություն ունենա: Սակայն կա եւս մեկ սկզբունքային խնդիր, առանց որի լուծման հնարավոր չէ մեծ արդյունքներ հուսալ: Դա ներքին պահանջարկի խնդիրն է: Անել նախագծեր, որոնք հաշվարկված կլինեն զուտ միջազգային շուկայի համար, շատ բարդ է բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով: Եվ պետությունը պետք է մտածի ներքին պահանջարկի խթանման մասին եւ քայլեր ձեռնարկի այն մասսայական պիրատության կրճատման ուղղությամբ, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում: Դժվար է ինչ-որ բանի հասնել առանց ծրագրային ապահովման ներքին շուկայի առկայության: Երիտասարդ IT ընկերություններին իրենց ուղու ամենասկզբում անհրաժեշտ է կողմնորոշվել ներքին պահանջարկի վրա, որն այսօր ՀՀ-ում գործնականում բացակայում է: Բոլոր երկրներում, որտեղ կա IT զարգացում, կա ներքին շուկա:

– Ենթադրենք, հաջողվել է գեներացնել հաջող գաղափարներ եւ գրավել արտասահմանյան հիմնադրամների ուշադրությունը: Բնականաբար, նրանց կհետաքրքրեն ՀՀ-ում ներդրումներ կատարելու եւ բիզնես վարելու պայմանները: Օրինակ Ձեր ընկերությունը. ենթադրենք, Դուք մտադիր եք արտասահմանյան գրասենյակ բացել եւ դիտարկում եք երկու տարբերակ` ՀՀ-ն եւ որեւէ այլ երկիր: Ինչպիսի՞ն կլինի ընտրությունը:

– Հիմնական մրցակցային առավելությունը, որը մենք դիտարկում ենք առաջին հերթին, տեխնիկական կրթության մակարդակն է: Խոսքն այն մասին է, որ ուսանողները բուհերից դուրս գան մարզված ուղեղներով, կարողանան եւ ցանկանան խնդիրներ լուծել: Որոշ աստիճանով դա ՀՀ-ում կա: Բայց, ցավոք, չի կարելի խոսել այն մասին, որ ՀՀ-ն այսօր պատրաստ է լրջորեն մրցակցել այդ ոլորտում: ՀՀ-ում բարձրագույն կրթության մակարդակը գործնականում անիրական է համեմատել Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի հետ: Հնարավոր է` ՀՀ-ում տեխնիկական կրթության մակարդակն ավելի լավն է, քան Կրասնոյարսկում կամ Սարատովում, որոնք ՌԴ-ի աութսորսինգի կենտրոններն են եւ որտեղ տեղակայված են միջազգային խոշոր IT ընկերությունների գրասենյակները: Սակայն հարցը միայն կրթությունը չէ: Խոսքը բիզնես վարելու հետ կապված համալիր հարցերի մասին է: Եվ այդ իմաստով Հայաստանում կան համակարգային խնդիրներ. գործնականում բոլոր բանակցություններին մարդիկ ուշանում են, հյուրանոցներում կարելի է բախվել բազմաթիվ կենցաղային խնդիրների եւ այլն: Այդ կարգի խնդիրները ներդրողին ազդանշանում են երկրի կառավարման մշակույթի մակարդակի մասին եւ այն մասին, որ իր համար չափազանց դժվար կլինի ղեկավարել հայաստանյան մասնաճյուղը: Երբ մենք ABBYY-ում գնահատում էինք աութսորսինգային հարթակի ստեղծման հեռանկարը, հասկացանք, որ Երեւանը զիջում է մյուս հնարավոր տարածաշրջաններին:

– Ինչի՞ է ցանկանում հասնել «Այբ» կրթական հիմնադրամը, որի նախաձեռնողներից մեկը Դուք եք:

– Մեր նպատակն է` իրավիճակը դուրս բերել մեռյալ կետից, ՀՀ-ին հաղորդել համաշխարհային կրթական փորձի կենդանի շունչը: Մենք ցանկանում ենք, որպեսզի վերջնական արդյունքում Հայաստանի ողջ կրթական համակարգը հասնի շատ ավելի բարձր մակարդակի: Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ մեր գաղափարներով վարակենք հնարավորինս մեծ թվով մարդկանց, քանի որ միայն մենք շատ փոքրաթիվ ենք այն լայնածավալ խնդիրների լուծման համար, որոնք դրել ենք մեր առջեւ: Երկրում կրթության մակարդակը կարելի է բարձրացնել միայն այն դեպքում, երբ այդ ջանքերը զանգվածային դառնան: Կարծում ենք` ՀՀ-ի ապագան կրթված մարդկանց հանրությունն է, որը պետք է հոգեւոր զարգացման օրինակ դառնա ողջ աշխարհի համար, ինչպես եղել է 301 թվականին, երբ Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը: