Վիոլետ Գրիգորյանը բացահայտում է ոչ միայն թաքնված տաղանդ, այլեւ՝ թաքնված ահաբեկիչ

02/06/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, գրող Վիոլետ Գրիգորյանը, տեւական ժամանակ է, խորհրդավոր հեռախոսազանգեր եւ էլեկտրոնային փոստով սպառնալիքներ պարունակող տեքստեր էր ստանում:

Սպառնալիքներն ու ահաբեկումները, բնականաբար, անհետեւանք չէին մնացել, քանի որ Վիոլետը խուճապի մեջ էր եւ ենթադրություններ անելիս հայտնվում էր ծայրահեղությունների մեջ: Վերջինս դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն. նախաքննություն էր կատարվում: Նա խոստացել էր քննության ավարտից հետո մեզ պատմել իր հետ կատարվածի մանրամասները: Անանուն սպառնալիքներից շփոթված՝ Վիոլետն այդ դեպքի մասին այսօր արդեն պատմում է ոգեւորությամբ, քանի որ ՀՀ Ոստիկանությունը բավականին օպերատիվ կերպով բացահայտել է գործը: «Այն մարդիկ, որոնք այդ «քուչի» միջոցներով են գործում, թող հասկանան, որ այսօր արդեն իրավական միջոցներով պաշտպանությունը հնարավոր է»,- ասում է նա:

Ըստ Վիոլետի` հեռաձայնողը տղամարդ է եղել, որը հեռախոսազանգին պատասխանող Վիոլետի ամուսնուն` Վահան Իշխանյանին, խնդրում էր լսափողը փոխանցել նրան, այնուհետեւ` առանց մեկնաբանության կախում էր հեռախոսը: Ավելի ուշ Վիոլետն էլեկտրոնային փոստով ստանում էր հայհոյախառն բովանդակությամբ նամակներ, որով նամակագիրը սպառնում էր պայթեցնել «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագրատունը, մինչդեռ խմբագրատուն, ըստ էության, գոյություն չունի, քանի որ Վիոլետն «Ինքնագրի» հետ կապված աշխատանքները կազմակերպում էր իր բնակարանում: «Ամսագրի առաջին համարից սկսած պարբերաբար ինտերնետային տարբերակով` փոստով, նմանատիպ հարձակումներ լինում էին: Տարի ու կես առաջ մի նամակ ստացա, թե` գալիս ենք ձեր խմբագրատունը պայթեցնենք, իսկ խմբագրություն գոյություն չունի, մեր բնակարանում ենք աշխատում: Ամենասկզբում մտածեցինք, թե լակոտ-լուկուտ են, խաղ են խաղում: «Բնագրում» էլ հայհոյանքով գրվածքներ կային, հաճախ նման բաներ լինում էին»,- պատմում է Վիոլետն` ասելով, որ վերջին շրջանում, մասնավորապես մի քանի ամիսների ընթացքում տարօրինակ հեռախոսազանգերը հաճախակի բնույթ են կրել: Անանուն հեռաձայնողը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ Վիոլետն էլեկտրոնային փոստով շուտով նամակ կստանա, եւ նախազգուշացումից հետո Վիոլետի փոստը հեղեղվել է ամենալկտի բովանդակությամբ նամակներով: Ապրիլ ամսին Վիոլետի բացակայության ժամանակ կրկին հեռախոսազանգեր են եղել, որին պատասխանել է Վ. Իշխանյանը. «Ինձ են ուզել, հետո շատ կոպիտ հայհոյանքներ են տեղացել: Վահանն անընդհատ կախել է լսափողը, սա` անընդհատ զանգել է: Վահանին կանչել են «ռազբորկայի», հաշվեհարդար տեսնելու: Հենց մտա տուն` իմ փոստով եկավ նամակ, կոպտագույն, ամենավերջին հայհոհյանքներով, կար անուն-ազգանուն, բայց, բնականաբար, ենթադրեցի, որ կեղծ է: Մեր բնակարանի հեռախոսը համարները ֆիքսում է: Ես, փաստորեն, բացահայտում եմ ոչ միայն թաքնված տաղանդ, այլ նաեւ` թաքնված ահաբեկիչ, բայց, իհարկե, Վահանի օգնությամբ»: Ինչեւէ: Ֆիքսված երկու տարբեր հեռախոսահամարները շատ նման են եղել, ինչը ենթադրության տեղիք է տվել, որ հեռաձայնողը սպառնալիքները տեղում է ինչ-որ գրասենյակից: Ստուգելով հեռախոսահամարները` Վիոլետն ու Վահանը պարզել են, որ դրանք պատկանում են մի անշարժ գույքի գործակալության, հետեւաբար զանգերը կատարվում են գործակալությունից: Արձանագրելով վերոնշյալ տվյալները, Վիոլետը դիմում է գրել ՀՀ Գլխավոր դատախազություն` տեղեկացնելով, որ անանուն զանգեր եւ նամակներ է ստանում, որով հնչեցվում են հայհոյանքներ եւ սպառնալիքներ: ՀՀ Գլխավոր դատախազությունից գործը փոխանցվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազություն: «Ժուռնալները դրեցի թեւիս տակ ու գնացի Դատախազություն` քննիչի մոտ, որպեսզի ենթադրություններ անելիս «Ինքնագրի» բովանդակության հետ կապված հարցերին ծանոթ լինեն: Քննչական պրոցեդուրաներն անցնելիս անձնական թշնամու առկայության վերաբերյալ ես որեւէ ենթադրություն չունեի: Ենթադրում եմ, որ կունենամ մարդիկ, որոնք ինձ համակրանքով չեն վերաբերվի, բայց չեմ կարող որեւէ մեկին մեղք վերագրել առանց փաստերի: Քննիչը նույնիսկ սկսեց կարդալ «Ինքնագիրը», ինչի համար շատ ուրախ եմ, որովհետեւ ժամանակակից գրականության հետ ծանոթանալու առիթ եղավ»,- ոգեւորությամբ պատմում է Վիոլետը: Ի դեպ, այն համարի եւ էլեկտրոնային փոստի տվյալները, որով զանգահարել է «ահաբեկիչը», տպագրված է եղել միայն «Ինքնագրի» 1-ին եւ 2-րդ համարներում, այնուհետեւ խմբագրի տվյալները հաջորդ համարներում փոփոխվել են, դրա համար էլ Վիոլետը ենթադրել է, որ հեռաձայնողի գործելաոճը կապված է հատկապես ամսագրի այդ երկու համարների հետ: Վիոլետին հրավիրել են Ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ստորաբաժանում: «Նորից այդ պրոցեդուրաներն անցանք, բացատրություն գրեցինք, Վահանն էլ ինֆորմացիա տվեց եւ շատ շուտ գտան, թե ով է մեզ սպառնացողը»,- պատմում է նա: Ելնելով էթիկայի կանոններից՝ մենք չենք նշում այն անշարժ գույքի գործակալության անունը, որտեղից այդ հեռախոսազանգերը եղել են: Պարզվել է, որ գործակալությունն ունի տասից ավելի աշխատակից, իսկ տնօրենը միանգամայն անտեղյակ է եղել իր գործակալության աշխատակցի կատարած «հերոսությունից»: Գործակալության մոտ 30 տարեկան Գեւորգ անունով մի աշխատակից խոստովանել է, որ այդ հեռախոսազանգերի հեղինակն ինքն է: Վերջինս խոստովանել է, որ թեեւ Վիոլետին «Թաքնված տաղանդ» նախագծից համակրել է, այնուամենայնիվ, իրեն զայրացրել է ամսագրի հայհոյական բովանդակությունը: Ոստիկանությունում բացատրություններ գրելիս վերջինս պարզաբանել է, թե «Ինքնագրի» 2-րդ համարում զետեղված երկու գործերն են պատճառ դարձել նման վարքագծի: «Dostu4atsya do suk» մակագրությամբ հեղինակները մի խումբ տղաներ են, որոնց բանաստեղծությունների մեջ հայհոյանքներ եւ ոչ կոռեկտ բառապաշար կա, իսկ երկրորդ գործը` «Ոստիկանին ինչպե՞ս վերացնել», Վիոլետի գործն է: Այդուհանդերձ, քննիչը Վիոլետին բացատրել է. «Նա ասաց` քանի որ հայհոյանքը հրապարակային բնույթ չի կրել, այլ` փոստով եւ զանգով է եղել, ես կարող եմ մասնավոր գանգատ ներկայացնել, որի համար գործ կհարուցեն կամ ներողություն կխնդրի ինձնից: Էս դեպքում ինձ վիրավորողի ճակատագիրն ինձնից էր կախված եւ ես որոշեցի գործ չհարուցել: Նախկինում դատված չէր եղել, շատ երիտասարդ էր»,- ասում է Վիոլետը: Նրա համար ամենազարմանալին եղել է այն, որ «Ինքնագրի» 2-րդ համարի գրվածքների մեծ մասը վերաբերել է ոստիկաններին, ընդ որում` ներկայացված են եղել ոստիկանի բացասական կերպարներ, սակայն այդ հանգամանքը, որքան էլ զարմանալի է, չի չարացրել քննիչին: Ի դեպ, ամսագրի 2-րդ համարը հայտնվել է միջազգային այն կայքէջում, որտեղ զետեղված է աշխարհում արգելված բոլոր ամսագրերի ցանկը: Բացի այդ, հայաստանյան գրախանութները մերժել են ամսագրի այդ համարը դնել վաճառքի: Տարօրինակ զուգադիպությամբ՝ ամսագրի շապիկին կան այսպիսի տողեր, որոնց վրա Վիոլետն աչքի ուլունք է կախել. «Կապույտ ուլունք եմ կախել շապիկին, որ ոստիկանի մահակը չիջնի ժուռնալիս վրա»: «Ինձ համար շատ կարեւոր էր, որ Ոստիկանությունն էն ժուռնալին ա պաշտպանել հարձակումից, որտեղ հենց ոստիկանի թեմայով գործեր կան, ընդ որում` բավական բաց տեքստերով: Ինձ համար նաեւ շատ կարեւոր էր որպես անձ, որպես խմբագիր՝ իմ ժուռնալն ու իմ հեղինակներին հրապարակային պաշտպանելը հարձակումից եւ ստեղծագործության ազատության իրավունքները պաշտպանելու նախադեպը ստեղծել: Թե՛ անձնական, թե՛ հասարակական իմաստով ինձ համար դա շատ կարեւոր էր: Մի երկրում, որտեղ խոսքի իրավունքը գիտակցված չէ, պարզվեց, որ հարց չի առաջացել, ամբողջ գործընթացն իրավական սահմաններում էր»: Այնուամենայնիվ, Վիոլետ Գրիգորյանը հիշեցնում է, որ գեղարվեստական գրականությունը բացարձակ ազատությունն է, որի իրավունքները, պարզվում է` մեր երկրում հնարավոր է պաշտպանել, ինչի նախադեպն արդեն կա: «Մարդկային առումով էլ բավարարված եմ,- ասում է նա` անդրադառնալով ահաբեկչին,- Արդյո՞ք ինքը հասկացավ, որ ես իրեն ներեցի, որ իր ճակատագիրը կախված էր մի կնոջից, որն անպաշտպան էր եւ անգամ իրեն չէր տեսնում»: