«Հովեր» կամերային երգչախումբն այն հազվադեպ ստեղծագործական խմբերից է, որտեղ անընդհատ նոր ֆորմաներ են որոնվում եւ նոր գաղափարներ են խմորվում: Դա շատ «կոփված» կոլեկտիվ է, որն ամուր առանցք ունի: Այդ առանցքը երաժշտական անթերի ճաշակն է, որն ակադեմիական երգչախմբային ստեղծագործություններ կատարելուց բացի, դրդում է նորարարություններ անել:
«Հովերի» մասին խոսելիս, երաժշտագետներն ու լուրջ կեցվածք ունեցող մասնագետները ընդգծում են, որ խումբը էքսպերիմենտներ անել է սիրում: Հաճախ դա որպես մեղադրանք է հնչում: Իսկ խմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանն ասում է, որ քանի դեռ իրենք աշխարհի մասնիկն են կազմում, պարզապես իրավունք չունեն բաժան լինել իրականությունից: «Մենք ժամանակը լիարժեքորեն կրում ենք մեր մեջ: Իհարկե, կարելի է մեկ ուղղություն նախընտրել, խորանալ ու վարպետանալ որեւէ կոնկրետ ոճի մեջ, սակայն այդ դեպքում մեզ շատ բաներից ենք զրկում ու նեղացնում ենք մեր ներշնչանքի աղբյուրը: Քանի կանք ու աշխատում ենք, ուզում ենք իրական ոգեւորությունից ներշնչվել»,- ասում է նա:
«Հովերը» կտրականապես տարբեր ոճերի երաժշտություն է կատարում` դասական խմբերգերից, բարոկկո ոճից սկսած, ժամանակակից երգչախմբային փորձարկումներով վերջացրած: «Անձամբ ես ակադեմիական երաժշտություն եմ եկել ժամանակակից երաժշտությունից` Պրոկոֆեւից, եւ հետո եմ մոտեցել Հայդնին ու Մոցարտին: 1992 թվականի մեր առաջին համերգն ամբողջովին կազմված էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների գործերից, որոնք մինչ այդ Հայաստանում չէին հնչել: Ուզում եմ ասել, որ մենք ակադեմիական երաժշտությունից չենք վախենում, այնտեղ մեզ զգում ենք, ինչպես ձուկը ջրում»,- ասում է Ս.Հովհաննիսյանը: Եվ օրինակ է բերում երգչուհի Քեթի Բերբերյանի խոսքերը, ով ասել է, որ տարբեր ոճերի երաժշտություն երգելիս, իր ձայնը հանգստանում է: «Իրոք, երբ ոճդ փոխում ես, ձայնդ հանգստանում է ու նոր ուժ է ստանում»,- համոզված է «Հովերի» ղեկավարը:
Արդեն երկար ժամանակ է, խումբը մտորում է «2 Բ» ծրագրի շուրջ, որտեղ կներկայացվեն Բախի ու «Բիթըլզի» ստեղծագործությունները: Ինչո՞ւ դրանք: Որովհետեւ երկուսն էլ հավասարապես հուզող են: Ս.Հովհաննիսյանը վստահ է, որ արվեստում ամենասարսափելի ախտորոշումը կանխատեսելի լինելն է. «Երբ մարդուց ինչ-որ բան են սպասում, նա արժանանում է ամենամեծ գնահատականի: Իսկ երբ սպասելիք չկա, արվեստը կորչում է: Ինձ համար, օրինակ, նույն մոտեցումը կրկնելն անընդունելի է: Եթե պետք է աշխատեմ, ապա նոր բան կնախընտրեմ, մանավանդ, որ թեմաներն ու ֆորմաներն անսպառ են»: Խմբի կատարումները շատ սահուն տեղավորում են ջազային կամ նույնիսկ ռոքային նախագծերի մեջ` հենց «Հովերի» «կենդանության» ու կարծես աբստրակտ մաքրություն ստացած ոճի շնորհիվ: Իրական արվեստը միշտ շատ ճկուն է լինում ու չի վախենում սխալ կոնտեքստում հայտնվելու վտանգից, քանի որ ինքնաբավ մի աշխարհ է ստեղծում: Եվ երբ անցյալ տարի «Հովերի» ձայնագրությունները հայտնվեցին հայ-գերմանական ռոք-նախագծի մեջ, ապա դա խմբին յուրատեսակ փայլ ու գույն ավելացրեց` նշույլ անգամ չնսեմացնելով նրանց արածը:
Ս.Հովհաննիսյանը փաստում է, որ «Հովերը» հիմա հիանալի ֆորմայի մեջ է գտնվում, տարբեր ուղղություններն ու նախագծերը նպաստել են խմբի հմտացմանը: Ի դեպ` խմբում պրոֆեսիոնալ վոկալիստներ գրեթե չկան, փոխարենը՝ բոլորը լավ երաժիշտներ են: «Լավ երաժիշտն ամեն ինչ էլ կարող է անել, նաեւ` երգել»,- ասում է Ս.Հովհաննիսյանը, ով դասավանդում է Երեւանի Կոնսերվատորիայում, բայց իր ուսանողների հետ հիմնականում տանն է պարապում, իսկ Կոնսերվատորիա մտնում է տարին 2 անգամ` քննությունների օրերը:
Հեքիաթային զուգահեռներ
«Հովերի» վերջին աշխատանքը դարձավ «Զուգահեռ» խմբերգային ներկայացումը, որը թատրոնի բեմում ներկայացվեց ու երգվեց որպես ամբողջական սիմվոլիստական դրամա: Նման փորձ երգչախումբն արդեն արել էր, երբ բեմադրել էր Վարդան Այգեկցու առակները: Ս.Հովհաննիսյանը համոզված է, որ «Զուգահեռները» մինչ օրս իրենց ստեղծած լավագույն աշխատանքն է:
Մարդու հիշողության մեջ երբեք չեն պահպանվում ամբողջական արվեստի ստեղծագործությունները, մնում են տպավորիչ «բեկորիկները», «բզկտիքներն» ու զգացմունքները: «Զուգահեռներ» ներկայացումն այդ սկզբունքով է բեմադրված: Օգտագործվել են այնպիսի հեքիաթներ, որտեղ առկա է ճամփորդելու, դեպի հեռավոր ու անհայտ աշխարհներ հասնելու ցանկությունը` «Փոքրիկ իշխանը», «Ալիսան հայելիների աշխարհում», «Կապույտ թռչունը», «Գուլիվերի արկածները»», «Ոդիսականը»: Ժամանակի ու տարածության մեջ ճամփորդող հերոսները կազմում են երաժշտական կոլաժ, որտեղ կարեւորը երեւակայությունն է: Բեմադրության ռեժիսոր Արթուր Մանուկյանը վստահ է, որ պետք է փակես աչքերդ, որպեսզի վերհիշես ու վերապրես այն տպավորությունը, որը ստացել ես գրքի ընթերցումից կամ կտավի դիտումից: «Զուգահեռներում» հեղինակները սյուժեն ու կերպարների զարգացումը չեն կարեւորում, ռեժիսորն ընդգծում է, որ ցանկացել է ավելի շուտ բնազդային շոշափումների վրա հիմնված բեմադրություն անել: «Այս ներկայացումը ոչ թե հասկանալու, այլ` պարզապես տեսնելու համար է: Երբ ինչ-որ անծանոթ քաղաքում ես հայտնվում ու փողոցի խաչմերուկում կանգնած դիտում ես շուրջդ, հաստատ չես էլ ուզում հասկանալ, թե ուր են շտապում մարդիկ ու մեքենաները, ուզում ես պարզապես տեսնել, զգալ քաղաքը, լսել նրա պատմությունը՝ առանց կոնկրետ մանրուքները հասկանալու»,- ասում է նա: Իսկ Ս.Հովհաննիսյանն ավելացնում է. «Իհարկե կան ստերեոտիպային պատկերացումներ, բոլորս մեր սեփական Փոքրիկ իշխանն ունենք, ու երբ բեմում մեր իշխանին չենք տեսնում, բարկանում ենք: Բայց մենք հանդիսատեսին բոլորովին այլ բան ենք առաջարկում»: «Զուգահեռների» համար երաժշտություն է գրել Աշտարակում ապրող կոմպոզիտոր Աննա Ազիզյանը (Էդվարդ Միրզոյանի աշակերտը): Իսկ ներկայացման ձեւավորումն ամբողջովին կազմված է մետաղալարերից (չկա ոչ մի իրական իր, կոնստրուկցիաները թեթեւ ու մոբիլ են): «Այս ներկայացման մեջ շատ ուժեղ ու արթուն միջուկ կա, որը ստեղծելու համար շատ երկար ենք տանջվել ու փորձարկել: Այդ միջուկը սիմվոլների ու ուրվագծերի վրա ենք կառուցել, փորձել ենք ոչ մի պատահական դրվագ չստեղծել»,- ասում է Ս.Հովհաննիսյանը:
«Մենք բոլորս արդեն սովոր ենք, որ երգչախումբը բեմի վրա կանգնում է ու անշարժ երգում է: Իսկ դա անբնական երեւույթ է, քանի որ երաժշտությունը չի կարող հանգիստ վիճակում թողնել քո ֆիզիկական մարմինը: Եթե մեջդ երգ ես կրում, պատրաստ ես լինում անգամ պատերի վրայով քայլել, բայց` արձագանքել մեջդ հնչող երաժշտությանը: Եվ ես փորձել եմ որքան կարելի է ազատ թողնել երգիչ-դերասաններին: Վերջիվերջո, թատրոնը հենց երգչախմբից է ծագել, ես էլ ցանկացել եմ թատրոնին իր սկզբնական ֆորման փոխանցել, հիշել այն ժամանակները, երբ լիդեր-սոլիստներ չկային, բոլորը խոր էին»,- ասում է բեմադրության ռեժիսոր Ա.Մանուկյանը:
Պրիմադոննաների ու «աստղերի» ժամանակներն անցել են
«Երգչախումբը անհատների գումարում է: Շատ կարեւոր է հասկանալ, որ խորի անդամները լիարժեք անհատներ են, այլ ոչ թե` անհաջողակ սոլիստներ, որոնք անհատական կարիերա չեն կարողացել անել ու ստիպված երգչախումբ են եկել»,- վստահ է «Հովերի» ղեկավարը: Ընդ որում` նա իր մաշկի վրա է զգացել, որ իրեն իրոք լիարժեք անհատականություն համարող մարդը երբեք չի վախենա խմբի անդամ դառնալուց, նույնիսկ ընդհակառակը` կձգտի ամբողջի մի փոքր մասը կազմել եւ այդպիսով ինքնարտահայտվելու ավելի լայն դաշտ կստանա:
Մենք սովոր ենք, որ յուրաքանչյուր կոլեկտիվում կան առաջատարներ (նախկինում՝ պրիմադոննաներ, հիմա էլ` լավ գովազդված անձեր), որոնց շուրջն էլ բեմադրություններ կամ շոուներ են կառուցվում: Իսկ Ս.Հովհաննիսյանը ուշադրությունը հրավիրում է արվեստի այն խառնուրդ-ժանրերի վրա, որտեղ վառ ընդգծված սոլիստներ չկան, փոխարենը վառ իդեա կա. «Երբ յուրաքանչյուր անհատի ինտելեկտը, զգացմունքները, փորձը, ամեն ինչը, ներգրավվում է ընդհանուրի մեջ, շատ հետաքրքիր արդյունք է ստացվում: Եթե հետեւենք համաշխարհային մշակութային իրադարձություններին, կտեսնենք, որ ամենահետաքրքիր ու հուզիչ բաները կապված են միավորումների հետ: Միանում են թատրոնը, կրկեսը, երգը, պարը ու բոլորովին այլ` շատ թարմ լիցք ու որակ են փոխանցում մեզ: Մոցարտ կարելի է պարել, իսկ դրաման կրկես տեղափոխել: Տեսեք, թե ինչպիսի հաջողություն ունեն «Սոլեյ» կրկեսը կամ ֆրանսիական թատրոնները»:
«Աստղային» կառուցվածք ունեցող թատերային ֆորման «Հովերի» հիմնադիրը սուտ է համարում. «Արժեքավորն ու թարձրը հիմա չեն կապվում մեկ մարդու կերպարի հետ, ավելի շուտ համամասնությունների գումար են: «Աստղերի» վրա հիմնվելը կեղծիք է ծնում: Իհարկե, դա կենսունակ մոտեցում է, ճիշտ այնպես, ինչպես կենսունակ ու պահանջված է մնում «համբուրգերը»:
Համաշխարհային թատերական ուղղությունից ետ մնալը
Ս.Հովհաննիսյանը վստահ է, որ եթե տեղյակ ես, գիտես ու քոնն ես դարձրել, ապա արդեն ոչ ոք քեզ դրանից զրկել չի կարող: Եվ ո՞վ ասաց, որ քոնը միայն Հայաստանում եղածն է, քոնը ամբողջ աշխարհն է, իր ձեռքբերումներով ու զարգացումներով: Եվ եթե չես ուզում դիտել կամ լսել այն երգերը, որոնք հեռուստատեսությամբ են հնչում, կարող ես պարզապես փոխել ալիքը, «շեֆ-խոհարարի» պատրաստած բարձրարվեստ գործը ուսումնասիրել ու չնյարդայնանալ «համբուրգեր-երգերից»:
Ս.Հովհաննիսյանն ընդհանրապես շատ հետաքրքիր, խաղաղ ու տոլերանտ դիրքորոշում ունի: Ասում է. «Հաջողությունը կամ գալիս է, կամ էլ չի գալիս: Ես հաստատ գիտեմ, որ երբեք չի կարելի հաջողակ դառնալու նպատակ դնել քո առջեւ: Յուրաքանչյուր «կենդանի» բան վերջիվերջո իր տեղը գտնում է, իսկ ջանքեր գործադրելն ուղղակի ուժերի ավելորդ վատնում է: Իսկ եթե չի գտնում, ուրեմն պետք չէր, որ գտնի: Միգուցե դա խիստ է հնչում, բայց դա է ճիշտը: Հիմա շատերը գործ անելու փոխարեն՝ իրենց կարիերան են կառուցում: Եվ ստացվում է, որ նպատակն ու հետեւանքը տեղերով փոխվել է: Դա նույնն է, որ խոհարարը սկսում է իր կարիերան, իրեն ուղղված գովեստներն «ուտել», այլ ոչ թե` իր եփած ճաշը: Պետք է անընդհատ արթուն պահես քեզ, որովհետեւ քո փոխարեն դա ոչ ոք չի անի»:
18 տարի գոյություն ունեցող «Հովերը», արդեն 5 ամիս է, պետական երգչախմբի կարգավիճակ է ստացել (27 հոգանոց խմբի յուրաքանչյուր անդամ ամսական 38.000 դրամ է ստանում պետությունից): Ս.Հովհաննիսյանն ասում է, որ իրենք չէին ցանկանում պետական կոլեկտիվ դառնալ, սակայն պարզապես ճար չունեին ու չէին կարող գոյատեւել առանց պետական աջակցության: «Ի՞նչ բացասական կողմեր ունի պետական ստատուսը» հարցին նա պատասխանում է. «Եթե պետությունը դիմի մեզ, չենք կարողանա մերժել»: Այդպես, օրինակ, «Հովերը» չկարողացավ մերժել Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ երգելու առաջարկը, թեեւ խումբն այդ քայլը սխալ համարեց: Քո փոխարեն դա ոչ ոք չի անի»։