Հակամարտությունների աշխարհն` առանց կրակոցների

28/05/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ցավի ու հույսի միջեւ» Բոսնիայում, «Վստահության եզրին» Հյուսիսային Իռլանդիայում, «Անբաժանելի կղզին» Կիպրոսում, «Հաջողության կղզիներով» Ալանդներում, «Եղանակը լեռներում» Հարավային Տիրոլում ու բասկերի «Սովորական ուտոպիան»: Սրանք ֆիլմեր են, որոնց ռեժիսորները հայ ու ադրբեջանցի լրագրողներն ու օպերատորներն են, եւ որոնց նպատակը եվրոպական երկրների հակամարտությունները ցույց տալն է` շրջանցելով հայ-ադրբեջանական հակամարտությունը «Հակամարտությունների աշխարհ» նախագծում: Իսկ որքանո՞վ է հայ հեղինակներին հաջողվել հայի մտահոգությունը, ցավն ու ապրումները չխառնել այլ երկրների հակամարտությունների մասին խոսելիս: Ռեժիսոր Արա Շիրինյանի համոզմամբ, իր նկարահանած ֆիլմում` «Անբաժանելի կղզիում», չկա հայկականը: «Հայկականը հասկանալու համար պետք է կարողանալ նայել ուրիշ կոնֆլիկտի: Հենց կողքից նայում ես ուրիշ կոնֆլիկտին, կարողանում ես նմանատիպ մի հայացք գցել քո կոնֆլիկտի վրա` էլի կողքից, որտեղ դու ազատ կլինես կարծրատիպերից, եւ կկարողանաս ավելի օբյեկտիվ գնահատել կատարվածը»,- նշեց Ա. Շիրինյանը: Իսկ Բասկերի երկրի «Սովորական ուտոպիա» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանի կարծիքով՝ ֆիլմում պատկերված իրողությունների ու Հայաստանի ներկա իրավիճակի միջեւ նմանություններ կան: «Բռնությունն այդ երկրում շատ լուրջ խնդիր է: Փաստորեն «Էտտա» կազմակերպությունը ստեղծվել է 1958թ., եւ այն ժամանակ այն պայքարել է ֆաշիզմի դեմ եւ մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն բասկերի համար, այլեւ ամբողջ Իսպանիայի: Բայց հետո իրենք համարեցին, որ իրենց դեմ անարդարություն է տեղի ունեցել ու հիմա իրենք պայքարում են բուն իսպանացիների դեմ»,- նշեց Տ. Պասկեւիչյանը: Իսկ ադրբեջանցիների հետ համագործակցության մասին «Եղանակը լեռներում» (Հարավային Տիրոլ) ֆիլմի հեղինակ Արմեն Սարգսյանը հիշեց ֆիլմից մի հատված, որի շուրջ տարաձայնություններ ծագեցին, բայց, որոնք, շուտ հարթվեցին: «Էքսպերտներից մեկն ասում էր՝ ինչ պետք է անես, Եվրոպայում դեռ սահմաններ են փոխվում: Սա կտրուկ անհամաձայնություն առաջացրեց, հատկապես, որ վերջին կտորն էր: Իհարկե, մենք բանակցեցինք` կտորը կլինի, բայց որպես շարքային կարծիք, այլ ոչ թե վերջաբան»,- նշեց Ա. Սարգսյանը: «Հաջողության կղզիները» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Քալանթարի ու հեղինակ Արտյոմ Երկանյանի հավաստմամբ՝ հայ-ադրբեջանական համագործակցությունը շատ հարթ է ընթացել: Իսկ ծրագրի իրականացնող, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի փոխանցմամբ, նախագիծը հետապնդում է նաեւ խաղաղասիրական նպատակներ: «Այս դեպքում մենք ավելի շատ անալիտիկ նպատակներ ենք հետապնդում հանրության համար. փորձել համատեղ արտադրել մի քանի ֆիլմեր, որոնք կպատմեն հակամարտությունների մասին, որոնք այս տարածքի հետ կապված չեն, բայց միգուցե ինչ-որ նմանություններ ունեն, ու փորձել հանրությանը ինֆորմացիա տալ այդ հակամարտությունների մասին»,- ասաց Ն. Սարգսյանը` ներկաներին հրավիրելով «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի Բիզնեսի դահլիճ` «Հաջողության կղզիները» դիտելու, որտեղ նստատեղերի մեծ մասն այդպես էլ մնացին դատարկ: