Նախընտրական մեդալներ

28/05/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Հանրապետության տոնի կապակցությամբ պարգեւատրվել են` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Վրույրի Ներսիսյանցը, Պատվո շքանշանով` քանդակագործ Դավիթ Բաբայանը, Մխիթար Հերացու մեդալով` «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գարեգին Էքսյուզյանը, Անանիա Շիրակացու մեդալով` Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության նախագահ Ռիմա Խաչատրյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը: Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների են արժանացել. Գիտության վաստակավոր գործչի` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանը: Արվեստի վաստակավոր գործչի կոչում են ստացել. կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, ռեժիսոր, «Գոյ» թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը, կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զավեն Վարդանյանը: Մշակույթի վաստակավոր գործչի կոչում են ստացել. ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդի ազգաբանության բաժնի վարիչ Լեւոն Աբրահամյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Կարլենի Միրզախանյանը: Վաստակավոր ճարտարապետի կոչում են ստացել. Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Մկրտիչ Մինասյանը, «Երեւաննախագիծ» ՊՓԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դասախոս Ալբերտ Զուրաբյանը: Վաստակավոր լրագրողի կոչում են ստացել Նվեր Մնացականյանը եւ Արմեն Խանբաբյանը: Վաստակավոր կոլեկտիվի կոչում է շնորհվել «ԲԵՐԴ» պարային անսամբլին: