Ուզում է ինքնասպան լինել

28/05/2009

Անցյալ շաբաթ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ձերբակալված դասախոս Ֆեմիդա Դավթյանից երեք նամակներ ստացանք, որտեղ Ֆ. Դավթյանն առաջարկում էր դրանք հրապարակել: Սակայն մինչ տպագրությունը, ինձ զանգահարեց Ֆ. Դավթյանի քույր Նունե Դավթյանը` խնդրելով դրանք ժամանակավորապես չհրապարակել: Երեքշաբթի կրկին զանգահարեց Ն. Դավթյանը` խնդրելով նամակները հրապարակել: «Ֆեմիդան վերջին անգամ ուզում է իր նամակները տպագրված տեսնել ու կարդալ: Եթե վաղը չտպագրեք, ապա արդեն շատ ուշ կլինի»,- հեռախոսազրույցում նշեց քույրը: Մենք նամակները չենք պատրաստվում ամբողջությամբ տպագրել, քանի որ դրանց բովանդակությունը հիշեցնում է նախորդ նամակը: Պարզապես կմեջբերենք այն նախադասությունը, որտեղ Ֆ. Դավթյանը գրում է ինքնասպան լինելու մասին` հուսալով, որ այս տողերը կարդացող իրավական մարմինները կկանխեն դա: «Իմ ինքնասպանությունը կբացի ճշմարտության աչքերը: Բոլոր փաստերը, անհայտները կբացվեն: գՀայաստանում հայրենասերից դավաճան են ստանում, ուրիշները կտան գնահատական: Իմ մահը կլինի հաղթանակի սկիզբ եւ ճանապարհ»,- գրում է Ֆ. Դավթյանը նամակներից մեկում, որտեղ նա նշում է այն հանգամանքը, որ կալանքը գրավով չեն ուզում փոխարինել: «Չեմ մոռանալու որդուս նիհարած դեմքն ու աչքերից թափվող արցունքներըգ»,- գրել է Ֆ. Դավթյանը: