Մեր տեղեկություններով, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը թափուր է մնացել կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո, իշխանությունները որոշել են առաջարկել ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «Ժառանգությունը» հրաժարվելու է այդ պաշտոնից, ինչն արդեն իսկ հայտնի է իշխանություններին: Պաշտոնապես «Ժառանգությանն» առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո իշխանություններն այդ պաշտոնն առաջարկելու են ՀՅԴ-ին, որն էլ պատրաստվում է որպես թեկնածու առաջադրել Վահան Հովհաննիսյանին: Ի դեպ, մեր տեղեկություններով` Վ. Հովհաննիսյանն այս օրերին զուգահեռաբար զբաղված է մեկ այլ գործով. նա տարբեր շրջանակներում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանից` հույս ունենալով, որ այդ պաշտոնը եւս կտրվի իրեն: Բանն այն է, որ մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստի բացման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) անունից ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան եւ ԼՂՀ վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններ է արել: Սակայն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը որեւէ կերպ չի արձագանքել Մուրադովային, ինչն էլ պատճառ էր դարձել, որ մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին` անթույլատրելի համարելով ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի նման քայլը: Բայց չգիտես ինչու, Վ. Հովհաննիսյանն ԱՊՀ ՄԽՎ-ում տեղի ունեցածի համար մեղադրում է ոչ թե նախանցած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի անդամին` Արեւիկ Պետրոսյանին, այլ` Արամ Սաֆարյանին: Ըստ նրա` եթե Ա. Սաֆարյանն արդյունավետ աշխատեր, ապա Վեհաժողովի անունից ողջույնի խոսք կասեր ոչ թե ադրբեջանցի Մուրադովան, այլ` հայերը: