«Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կշարունակեն այն հարցերի քննարկումը, որոնք չլուծված են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգում»,- այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Կողմերի միջեւ քննարկումը կընթանա արդեն ուրվագծված օրակարգի շրջանակներում եւ կդառնա Պրահայի հանդիպման շարունակությունը»,- ասել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է հունիսի սկզբին: «Քննարկման շրջանակներում նախագահներն, իհարկե, կարծարծեն բոլոր թեմաները, բայց այժմ ես շատ կցանկանայի կառուցողական մոտեցումներ տեսնել ՀՀ-ի կողմից: Չնայած տարածաշրջանում նոր իրադրության զարգացմանը, ՀՀ-ն, ցավոք, սկսել է բացասական ազդեցություն գործել խաղաղ գործընթացի վրա»,- ասել է նա: «ՀՀ նախկին վարչակազմի (Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում) հետ խաղաղ գործընթացում մենք հասել էինք ամեն ինչի, բայց ՀՀ-ի ներկայիս վարչակազմի հետ մենք ոչ մի բանի չենք հասել: Ես՝ որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող պարծենալ, որ մենք գոնե ինչ-որ տեղաշարժերի ենք հասել առկա հարցերում»,- ասել է Մամեդյարովը: Ըստ նրա, ՀՀ-ում նոր իշխանության օրոք կողմերն «անգամ մի թիզ առաջ չեն գնացել»: