Սահմանադրական փոփոխությունների` շրջանառության մեջ դրված միակ նախագծի
հեղինակները վերջերս Վենետիկի հանձնաժողովի հետ կարծես թե համաձայնության
եկան մինչ այդ վիճելի մի քանի դրույթների, մասնավորապես՝ ԱԺ դերի
բարձրացման, Արդարադատության խորհրդի ձեւավորման եւ Երեւանի քաղաքապետի
ընտովիության հարցում:
Սրանից շատ էին ոգեւորվել նույնիսկ ընդդիմադիր որոշ գործիչներ, ովքեր
շարունակ նշում էին, որ արդեն սպառվել էր եվրոպացիներին «ֆռռացնելու» ՀՀ
իշխանությունների ռեսուրսը, եւ վերջիններս ուղղակի ստիպված են եղել
ընդունել Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները: Ուրբաթ օրը Վենետիկի
հանձնաժողովին ուղարկվեց վերոնշյալ համաձայնության արդյունքում ծնված
սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի ներկայացրած նախագծի
վերափոխված տարբերակը: Վերջինիս շուրջ սակայն ստեղծվել է մի տեսակ
խորհրդավոր մթնոլորտ, քանի որ դրա բովանդակությունը դեռ ամբողջապես հայտնի
չէ նույնիսկ այդ փոփոխությունների վրա աշխատող խմբի անդամներից ոմանց:
Անցած օրերին, տարբեր աղբյուրներից, այնուամենայնիվ, տեղեկություններ եղան
Վենետիկ ուղարկված նախագծի բովանդակության մասին: Դատելով այդ
տեղեկություններից` եվրոպացիներին «ֆռռացնելու» հարցում ՀՀ
իշխանություններն ամենեւին էլ չեն հուսահատվել: Այսպես, եթե նույնիսկ
նոյեմբերին ժողովուրդն «այո» ասի փոփոխություններին, դա բոլորովին էլ չի
նշանակում, թե հաջորդ օրը մարդիկ կապրեն նոր Սահմանադրության
պայմաններում, քանի որ փոփոխությունների անցումային դրույթներով
առաջարկվում է, որ մի շարք դրույթներ տարբեր ժամանակահատվածներում ուժի
մեջ մտնեն` դրանք հիմնականում կապելով 2007-ի խորհրդարանական
ընտրությունների հետ: Սահմանադրական փոփոխությունների` ուրբաթ օրը Վենետիկ
ուղարկված փաթեթում նշված է, որ մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի
1-ին նստաշրջանի բացման օրը հանրապետության նախագահը կարող է Ազգային
ժողովի նախագահի ու վարչապետի հետ խորհրդակցելուց հետո արձակել ԱԺ-ն ու
նշանակել նոր ընտրություններ: Նշված է նաեւ, որ մինչեւ վերոնշյալ ժամկետը
հանրապետության նախագահը կարող է ազատել վարչապետին: Այսպիսով,
առաջարկվում է, որ հանրապետության նախագահը եւս 2 տարի պահպանի գործող
Սահմանադրությամբ իրեն տրված հիմնական լիազորությունները:
Փոփոխությունների ընդունվելու դեպքում 2007-ի խորհրդարանական
ընտրություններից հետո ուժի մեջ կմտնի վարչապետի նշանակման նոր կարգը,
համաձայն որի, եթե ապագա խորհրդարանը դեմ լինի եւ երկու ամսվա ընթացքում
երկու անգամ հավանություն չտա կառավարության ծրագրին, ապա նախագահը
պարզապես կարձակի ԱԺ-ն ու կնշանակի արտահերթ խորհրդարանական
ընտրություններ: Մի խոսքով, 2007-ի ընտրություններից հետո էլ նախագահն
այնուամենայնիվ կարող է իր ուզած թեկնածուին վարչապետ նշանակել: Եվ
ընդհանրապես, այդ փոփոխությունները, անգամ ընդունվելու դեպքում, գործող
իշխանություններին չեն վերաբերում, քանի որ բոլոր առանցքային հարցերում
փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2-7 տարի հետո միայն: Այսպես,
սահմանադրական փոփոխությունների` Վենետիկ ուղարկված տարբերակի համաձայն՝
Հանրային հեռուստաընկերության խորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովի գործող անդամները կարող են պաշտոնավարել մինչեւ
իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Սահմանադրության
փոփոխությունները չեն սպառնում նաեւ Կենտրոնական բանկի նախագահին, եւ
Տիգրան Սարգսյանը, ով այս տարի 7 տարով վերանշանակվեց ԿԲ ղեկավար, կարող է
պաշտոնավարել մինչեւ 2012 թվականը: Եվ վերջապես, բազմաթիվ վեճերի պատճառ
դարձած Երեւան քաղաքի կարգավիճակի մասին. առաջարկվող փոփոխություններով
Երեւանի քաղաքապետն ընտրովի կլինի, իսկ ընտրության ձեւը պետք է կարգավորվի
օրենքով: Նշված է, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո մեկ տարվա
ընթացքում պետք է ձեւավորվեն Երեւանի ինքնակառավարման մարմինները, սակայն
փաթեթի հեղինակները «մոռացել են» նշել, թե ինչ ժամկետներում պետք է
ընդունվի այդ օրենքը: Այսինքն` մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը Երեւանի
կառավարման կարգում ոչինչ չի փոխվելու, եւ այդ իրավիճակը կարող է ձգվել
անորոշ ժամանակով: Ինչեւէ, մինչեւ հուլիսի 20-ը Վենետիկի հանձնաժողովը
պետք է ուսումնասիրի սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ
եզրակացություն ներկայացնի: Արդեն հայտնի է այդ հանձնաժողովի քարտուղար
Ջիանի Բուքիքիոյի կարծիքը վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Ըստ Ջ.
Բուքիքիոյի, Հայաստանից Վենետիկի հանձնաժողովին ուղարկված սահմանադրական
փոփոխությունների փաթեթը լավն է, սակայն նրանք այն դեռ պետք է
մանրամասնորեն քննության առնեն: «Առաջին հայացքից՝ Հայաստանի
իշխանությունները հաշվի են առել մեր առաջարկները,- «Ազատություն»
ռադիոկայանին ասել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը եւ ավելացրել,-
սակայն մենք մտադիր չենք առաջնորդվել միայն առաջին հայացքով»: Բուքիքիոն
տեղեկացրել է նաեւ, որ ինքը ներկա է լինելու սահմանադրական
փոփոխությունների փաթեթի շուրջ օգոստոսի վերջին Հայաստանում տեղի
ունենալիք քննարկումներին: Չնայած այս ամենին, հանրաքվեի հերթական
տապալումը կարծես թե անխուսափելի է, քանի որ, ինչպես վկայում են
հարցումները, մարդկանց մեծ մասը չգիտի էլ, որ առաջիկայում սահմանադրական
փոփոխությունների հետ կապված հանրաքվե է տեղի ունենալու, իսկ առաջարկվող
փաթեթի բովանդակության վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության մասին խոսելն
անիմաստ է, քանի որ դրա մասին նույնիսկ փոփոխությունների վրա աշխատող խմբի
անդամներին քիչ բան է հայտնի: Բացի այդ էլ, ելնելով ընտրողների թվի
վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին
տվյալներից, հանրաքվեի հաջող ելքի համար անհրաժեշտ է առնվազն մոտ 830.000
«կողմ» ձայն, իսկ ազատ, արդար հանրաքվեի անցկացման դեպքում՝ նույնիսկ
այդքան մարդու մասնակցությունն է կասկած հարուցում: