– Պարոն Աբրահամյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում հաճախ է խոսում այն մասին, որ հասարակության մեջ քաղաքականապես ակտիվ զանգվածը քիչ է: Արդյո՞ք սա մտահոգություն է, թե ՀԱԿ-ը չունի այնքան համակիրներ, որոնց վրա հենվելով` կարողանա քաղաքական իրավիճակ փոխել կամ հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում:
– Նույնիսկ Շոթա Վարդանյանների (նկատի ունի Ահարոն Ադիբեկյանին.- Ա.Ա.) սոցհարցումները պետք չեն հասկանալու համար, որ Կոնգրեսը 60-70 տոկոս ձայն ունի: Ավելին ասեմ, զարմանալի է, որ երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, եւ ոչ թե` ՀՀԿ-ն: Լ. Տեր-Պետրոսյանը պարզապես քաղաքական պասիվությունը նկատի ունի, թե ինչքան շատ գնան ընտրելու, դա մեր ձայներն են: Չգնացածների փոխարեն լցնում են, Գարեգին Ազարյանը կեղծելու է: Ներքաղաքական ակտիվություն պիտի լինի: Իսկ եթե ընտրությունները կեղծվեցին, մենք նորից փողոց ենք դուրս գալու: Դրանից հետո իշխանությունները դիլեմայի առաջ են կանգնելու` կամ մեզ հետ հաշվի նստեն, կամ նորից 10-20 մարդ սպանեն: Ունե՞ն այդ ռեսուրսը` կասկածում եմ: Հետո այս անգամ ժողովուրդը կարող է մեզ էլ չլսի: Եվ վայը տարավ իշխանություններին, որովհետեւ ժողովրդին ծնկի բերել չի լինի:
– Նախընտրական շրջանում կարծիքներ հնչեցին, թե պայքարի դուրս եկած քաղաքական ուժերն իրականում աշխատում են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Բայց հիմա տպավորություն կա, որ նրանք բոլորն էլ պայքարում են հաղթելու համար: Այդ ուժերի մեջ նույնիսկ արյունալի բախումներ եղան: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ այդ ուժերի վերնախավում հակամարտություն չկա, բախումը ներքին օղակներում է: Այն անձինք, ովքեր պաշտպանում են ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ի շահերը, գաղափարական կամ Երեւանի ապագային միտված ծրագրերի շուրջը չեն բանավիճում: Իշխանական քարոզչամեքենան է ուզում այդպես ներկայացնել: Պարզապես իրար չսիրող կրիմինալ ծագումնաբանություն ունեցող անձինք են, ովքեր անձնական հակակրանքի կամ նախկին վիրավորվածության հարցերը լուծելու բախման մեջ են: Բնական է նաեւ, որ ընտրությունների ժամանակ որոշակի շահերի բախում է լինում: Երբեմն վերին օղակների համար ներքին օղակների վարքագիծը անկառավարելի է լինում: Չի բացառվում, որ որոշ համայնքներում դա բավականին լուրջ սրացում կունենա: Եվ դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ոստիկանության վրա, որովհետեւ նրանք միշտ մեկնաբանում են, թե առանձնապես ոչ մի բան չի եղել: Հիմնական կրիմինալ դրսեւորումները ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեջ են: ԲՀԿ-ի դեպքում սա առաջին ինքնուրույն ընտրությունն է, ես չգիտեմ, թե դեռ ինչքան կտեւի նրա ինքնուրույնությունը: Բոլոր դեպքերում իշխանական ուժերի ողջ այսբերգի ներքեւի մասը կրիմինալն է: Ընտրություններն անում են կրիմինալի եւ հանձնաժողովի միջոցով: Այդ բուկլետները, ծրագրերը այսբերգի վերին մասն են` ոստիկանական ուժերի լուռումունջ կեցվածքի պայմաններում հանցավոր պրոցեսին քաղաքական ֆոն տալու համար: Եթե նրանք մի քիչ օրենքի տառին հետեւեն, իրենց ֆունկցիաները կատարեն, ՀՀ կամ քաղաքի ոստիկանապետի մակարդակով բարձրաձայնեն, թե բավ է, մենք ամենայն խստությամբ ենք պատժելու, ես համոզված եմ, որ այդ կարգի արյունահեղ դրսեւորումներ չեն լինի: Իսկ եթե ՀԱԿ-ը ներքաշվեր նման սուր բանավեճերի մեջ, իշխանությունների ռեակցիան հակառակը կլիներ` հալածելու միտումով:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ քարոզարշավի ժամանակ նույնիսկ իշխանական կուսակցություններն են ընտրողներից քվե խնդրում Երեւանը կանաչապատելու, մաքրելու եւ անճոռնի կառուցապատումից ազատելու համար:
– Երբ դիտում եմ իշխանական ուժերի քարոզարշավը, տեսնում եմ, որ շատ հաճախ իրենք էլ անկեղծ զարմանում են, թե ինչպես են վարվել Երեւանի հետ, ինչպես են հոշոտել: Ո՞վ էր խանգարում, կանաչապատեիք ու մաքրեիք մինչեւ հիմա: Այսօրվա այդ վայ մտավորականները, որ գովերգում են ներկա իշխանություններին, ես հիշում եմ, իրենք էին անճարի նման Կամերային թատրոնի դիմացի սրճարանի համար ոտքի կանգնել: Իշխանություններին աղաչեցին, պաղատեցին ու ոչ մի արդյունքի չհասան, բայց այսօր այդ նույն իշխանություններին պաշտպանում են: Եթե երեւանցին իրոք փոփոխություն է ուզում, եթե օտարված երեւանցին ուզում է Երեւանի տերը լինել, իր պատասխանատվությունն ու իրավունքներն ունենալ այս քաղաքի նկատմամբ, պետք է վստահի ՀԱԿ-ին: Նրանց գործունեության արդյունքում է քաղաքն այս վիճակին հասել: Այս տարիների ընթացքում Երեւանն անտեր քաղաքի կարգավիճակ ուներ, որովհետեւ ինչ կառուցվում էր, ոչ թե դա էր համապատասխանեցվում քաղաքի շահերին, այլ հակառակը: Նույնիսկ բենզալցակայանի դեպքում, ոչ թե մտածում էին` այդ օբյեկտը կարելի՞ է այստեղ կառուցել, այլ քաղաքն էին համապատասխանեցնում դրա շահերին, որովհետեւ բենզալցակայանը բարձրաստիճան չինովնիկ տեր ուներ, քաղաքը, ցավոք սրտի, օտարված էր:
– Երեկ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, թե այս ընտրություններից հետո ՀԱԿ-ի ձեւաչափի փոփոխության հարց է առաջանալու: Մինչ այդ հայտարարություններ էին հնչում, թե Կոնգրեսին մաս կազմող ուժերը ոչ բոլոր հարցերում են միակարծիք: Արդյո՞ք այս ընտրություններից հետո ՀԱԿ-ը կարող է մասնատվել:
– Ինչպես բոլոր քաղաքական դաշինքները, Կոնգրեսն էլ իր պատմական սկիզբն ու վերջն ունի: Բայց երկրում սահմանադրական կարգ հաստատելու վեհ գաղափարի շուրջ ուժերի այս կարգի կուռ մոտեցումը նսեմացնում է ամեն ինչ: Դա բոլոր կուսակցությունների ու ղեկավարների դրական պահվածքով ու Լ.Տեր-Պետրոսյանի կերպարով է պայմանավորված:
– Դուք եղել եք Երեւանի քաղաքապետ, լավ եք պատկերացնում մայրաքաղաքի քաղաքական, տնտեսական եւ հասարակական պոտենցիալը: Ի՞նչ ուժ ունի Երեւանը, որ իշխանությունները վախենում են այն կորցնել:
– Նույնիսկ այն ժամանակվա լղոզված իրավասություններով, երբ Երեւանը բյուջե չուներ, քաղաքապետը օբյեկտիվորեն երկրում չորրորդ մարդն էր: Նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ ու Երեւանի քաղաքապետ: Իսկ այսօրվա հնարավորություններով երբ ընտրովի է այդ պաշտոնը, պատկերացրեք, որ դա ռեալ ուժ է: Խելոք, լավ թիմ ունեցող մարդու ձեռքում դա հզոր ուժ է, որ աշխարհին ու երկրին ցույց տան, թե ինչպես կարելի է կարգ ու կանոն հաստատել:
– Իսկ որպես նախկին ոստիկանապետ՝ ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի դեպքերի հետ կապված այս նախաքննական ու դատավարության գործընթացները:
– Այն սցենարը, որով իշխանությունները պլանավորեցին մարսել մարտի 1-ը, չստացվեց, որովհետեւ կեղծիքը շատ էր, այդքանը չէր կարելի թաքցնել: Դրան էլ գումարվեց իրավաբան մարմինների պրոֆեսիոնալ անգրագիտությունը: Մեկ ցուցարար ավելի դատելու համար ողջ դատական համակարգը դարձրին չարիք: Դատախազությունը հատկապես, որ կատարել է այդ քննությունը: Եվ, ինչպես միշտ, կուժն ու կուլան կոտրվում է ոստիկանների գլխին, որովհետեւ Հայկ Հարությունյանի անտաղանդ ղեկավարման շնորհիվ ոստիկանական այդ հզոր կառույցը, որ շատ կարեւոր էր յուրաքանչյուր պետության ղեկավարման համար, դարձավ ԱԱԾ ձեռքում երկրորդական օղակ: Ոստիկանը, որ օրենքի եւ մարդու պաշտպանն էր, այսօր դատարաններում դարձել է իրեղեն ապացույց:
– Պարոն Աբրահամյան, կարծիք կա, թե նախագահական ընտրություններից հետո թե՛ Լ.Տեր-Պետրոսյանը, եւ թե՛ քաղաքական մյուս առաջնորդները հանրահավաքների իրենց ելույթներով իշխանություններին «Մարտի 1» չկազմակերպելու հնարավորություն չտվեցին: Այսինքն` ընտրակեղծիքների, կատարված թալանի ու այլ անօրինականությունների համար պատիժների սպառնալիքով ստիպեցին, որ իշխող վարչախումբը մարտի 1-ի գնով իշխանությունը չկորցնի: Պատժելու մասին խիստ զգուշացումներ հնչում են նաեւ հիմա, մտավախություն չկա՞, որ այս ընտրություններն էլ տխուր հետեւանքներ կարող են ունենալ:
– Դա թյուր կարծիք է: Սեփական ժողովրդին քիչ թե շատ հարգողը, նրա նկատմամբ երբեք ուժ չէր կիրառի: Իշխանությունները բռնաբարել էին ժողովրդի հավաքական կարծիքը, կեղծել էին ընտրությունները եւ դա թաքցնելու միտում ունեին: Գնացին դրան ու դրա համար պատասխան են տալու: Եվ ես մի րոպե չեմ կասկածում: