Իշխանամետը` ճակատագրով

26/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) տարբերվում է մնացած բոլոր համայնքներից նրանով, որ ունենք միացյալ ուժ եւ անմիջապես աշխատում ենք իշխանությունների հետ (ինչը չկա, ես չեմ տեսնում մյուս երկրներում): Չկա այնպիսի պրոբլեմ, որ եթե մեզ լրջորեն անհանգստացնի, չկարողանանք 1 ժամվա մեջ մինչեւ նախագահ հասցնել այդ հարցը, եթե մեզ պետք լինի»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, որ ինքը հաճախ հանդիպում է ՌԴ նախագահի հետ, վերջին անգամ հանդիպել է, որպեսզի 2010թ. ՌՀՄ հիմնադրման տասնամյակը նշելու համար օր նշանակվի: «Հարկ եղած դեպքում էլ մենք Ռուսաստանի իշխանություններին օգնում ենք, որովհետեւ ուժեղ իշխանություններ-ուժեղ պետություն-ուժեղ համայնք-ուժեղ Հայաստան. ավելի շատ կօգնենք Հայաստանին: Այնպես որ, սրանով տարբերվում ենք, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Միջին Արեւելքի հայկական համայնքներից»,- իր` մշտական իշխանություններին կցված լինելու փաստով հպարտացավ Ա. Աբրահամյանը: Նա դժգոհեց, որ ԱՄՆ-ում հայերը չեն աշխատում անմիջապես իշխանությունների, այսինքն` գործադիր մարմինների, նախագահի հետ, այլ աշխատում են Կոնգրեսի, Ներկայացուցիչների պալատի, այսինքն` օրենսդիր մարմինների հետ: «Նույնիսկ այդ հայկական համայնքները իրար նկատմամբ թշնամաբար են տրամադրված տարբեր հարցերում»,- կարծում է Ա. Աբրահամյանը:

Ա. Աբրահամյանը դժգոհեց նաեւ նրանից, որ ԱՄՆ-ում 5 անգամ փորձ է արել ստեղծել Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղ, բայց չի ստացվել: «Հավաքեցի 200-300 մարդ, բացատրեցի: Բայց ԱՄՆ-ի սփյուռքը չի աշխատում իրենց իշխանությունների հետ, միայն գնում-ասում են` պրոբլեմներ ունենք, ցեղասպանությունը կամ եսիմինչը, բայց չգիտես` ում են ասում»,- ասաց նա: Նաեւ պատմեց, որ ԱՄՆ-ում հանդիպել է ցեղասպանության ժամանակ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թոռան հետ: «Ամերիկայում հանդիպեցի Մորգենթաուի թոռան հետ, որն այսօրվա գործող դատախազն է Նյու Յորքում: Մտա իր աշխատասենյակը, պատին կային նկարներ, եւ ինքը ցույց տվեց 1919թ. իր պապիկի նկարը հայերի հետ, եւ իրենք բավականին մեծ քանակությամբ փաստաթղթեր ինձ նվիրեցին, որը շատ մեծ, կարեւոր նշանակություն ունի: Սա փաստաթղթեր են, որ ԱՄՆ-ի կառավարությանը 1915-1923 թվականներին գրել եւ ուղարկել են, մոտ 1700 փաստաթուղթ: Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչեւ հիմա մենք չենք արել դա, ո՞ւր են մեր դեսպանները, ո՞ւր են մեր համայնքները, որ չեն աշխատել այդ թղթերի վրա: Մենք պետք է բոլորս միասին հանդես գանք: Անընդհատ ասում ենք` սփյուռքը տարբեր է, այո՛, տարբեր է, իհարկե տարբեր է, բայց պետք է ունենանք մի 3-4 հարց, որ թիմային հանդես գանք: Եվ ՀՀ իշխանությունն էլ պետք է օգնի մեզ, ֆինանսականը, գումարայինը շատ մեծ նշանակություն ունի, թեեւ առաջնային չէ»,- նշեց Ա. Աբրահամյանը: Պատմեց նաեւ Մոսկվայում եւ Հայաստանում շրջանավարտներից ունեցած իր տպավորությունների մասին: «Ես մայիսի 21-ին Մոսկվայում վերջին զանգի միջոցառումներին մասնակցեցի, եւ Մոսկվայի երեխաներին ու այստեղի երեխաներին որ նայում եմ, իհարկե, տարբերություն կա, շատ վատ է, բայց տարբերություն կա: Ես երեկ Մալիշկայում էի, ոչ մի լավ բան չկա այնտեղ: Իշխանություններին միշտ կարելի է քննադատել, բայց դրա հետ մեկտեղ պետք ասենք իշխանությունների արած լավ գործերը, բալանս է պետք պահպանել»,- ասաց ռուսաստանցի գործարարը: «Ես միշտ ասում եմ` եկեք միասին աշխատենք: Մենք ունենք Ռուսաստանում մոտ 640 մասնաճյուղ, 72 մարզում, բավականին աշխույժ ենք աշխատում, եթե վերցնենք Սոչիի քաղաքապետի վերջին ընտրությունները, հիմնականում հայերն են մասնակցել: Ճիշտ է, ընտրել ենք ռուս մարդու, բայց ընտրողների 45%-ը հայերն են եղել: Սա ասում է այն մասին, որ մենք ունենք բավականին ակտիվ եւ քաղաքականացված համայնք Կրասնոդարի մարզում: Եվ ՌՀՄ-ն էլ այսօր կառավարության կողմից բավականին հարգված է»,- եզրափակեց Ա. Աբրահամյանը: