Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2009 թվականի ընթացքում կնվազի 11%-ով։ Երեկ Poilcy Forum Armenia-ի կազմակերպած տնտեսագիտական ֆորումի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Վերջինս, ի դեպ, ողջունեց ֆորումը՝ գոհունակություն հայտնելով այն բանի համար, որ Հայաստանում վերջապես սկսել են խոսել խնդիրների մասին։
«Այն, ինչ կատարվում էր Հայաստանում, անգամ հրապարակման ենթակա չէր։ Մեզանում ընդունված էր, որ խնդիրների մասին չի կարելի խոսել, բանավեճ չկար»,- նշեց Բ. Ասատրյանը, ավելացնելով, որ երբ աշխարհում ճգնաժամ էր, Հայաստանում դրա մասին անգամ չէին խոսում, իսկ հիմա, երբ պետք է խոսել ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին, նոր-նոր սկսում են դրա պատճառները քննարկել։ Իր հաշվարկների ժամանակ Բ. Ասատրյանը հաշվի է առել միայն այս տարվա հունվար-մարտ ժամանակահատվածի ցուցանիշները (ապրիլինը դեռ հրապարակված չէր)։ Եվ քանի որ հունվար-ապրիլին մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի վատ էին, ապա Բ. Ասատրյանը չբացառեց, որ տնտեսական անկումն ավելի խորը կարող է լինել։ Նա իր վատատեսությունը բացատրեց նրանով, որ կառավարության կողմից որեւէ լուրջ ծրագիր չի տեսնում։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդող բացասական գործոնները՝ մասնավոր տրանսֆերտների նվազումն ու արտերկրում (հատկապես՝ Ռուսաստանում) աշխատատեղերի կորուստը մեր երկրի տնտեսության վրա իրենց ազդեցությունը դրսեւորելու են աշնանը։ Հետեւաբար, ըստ Բ. Ասատրյանի, բացասական միտումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի։ Ինչ վերաբերում է անհրաժեշտ քայլերին, ապա Բ. Ասատրյանն առաջին հերթին առանձնացրեց քաղաքական զարգացումները, քանի որ առանց այդ հարցերում առաջընթացի՝ անիմաստ է խոսել կառավարության ծրագրերի հաջողության մասին։ Բ. Ասատրյանը, այնուամենայնիվ, ներքաղաքական իրավիճակի մասին գերադասեց մանրամասն չխոսել՝ թերեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ դահլիճում ներկա էին մեծ թվով արտասահմանցի հյուրեր (այդ թվում՝ Թուրքիայից)։ ԿԲ նախկին նախագահի խոսքերով՝ անհրաժեշտ է լուրջ ծրագիր, եւ ոչ թե «հեքիաթային ելույթներ, որ հնչում են բարձր ամբիոններից՝ ֆինանսական կենտրոն եւ այլն»։ Այդ տեսանկյունից Բ. Ասատրյանը դրական առումով առանձնացրեց ԿԲ-ին՝ նշելով, որ այն միակ կառույցն է, որ ծրագրային է գործում, եւ ավելի լուրջ ու ազնիվ է՝ իշխանության մյուս կառույցների համեմատ։
Նշենք, որ ֆորումին ներկա էր նաեւ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։ Նա նշեց, որ ճգնաժամի ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է։ Հայաստանում, ըստ Վ. Գաբրիելյանի, իշխանությունը ճգնաժամից դուրս գալու համար անում է այն նույն ստանդարտ քայլերը (փոքր տարբերություններով), որոնք անում են նաեւ մյուս երկրները։ Ճգնաժամի հետեւանքները մեղմելու գլխավոր միջոցը տնտեսության խթանումն է, որը տեղի է ունենում դեֆիցիտի մեծացման եւ դրամավարկային քաղաքականության միջոցով (տոկոսադրույքների փոփոխության)։ ԿԲ փոխնախագահի խոսքերով, ծախսերը 2 ուղղվածություն ունեն. ենթակառուցվածքներ եւ փոքր ու միջին ձեռնարկատիրություն։ Նա խոստովանեց, որ «վարկավորումը էապես փչացել է»՝ դա բացատրելով դրամի արժեզրկմամբ, սակայն հիշեցրեց, որ ՌԴ-ից, Համաշխարհային բանկից եւ այլ կառույցների տրամադրած գումարների շնորհիվ Հայաստան մուտք գործած միջոցները կկազմեն ավելի քան 2 միլիարդ դոլար, որը կուղղվի տնտեսության վերականգնմանը։ «Սակայն չեմ ասում, թե ամեն ինչ վարդագույն է, եւ այդ փողը հեշտությամբ կգնա տնտեսություն»,- նշեց Վ. Գաբրիելյանը։ Նշենք, որ ԿԲ-ն բոլորովին վերջերս այս տարվա համար կանխատեսել էր 5.8%-անոց տնտեսական անկում, սակայն դրանից հետո Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց իր տվյալները՝ 2009-ի առաջին 4 ամսվա համար արձանագրելով 9.7%-անոց անկում։ Այս առնչությամբ Վ. Գաբրիելյանն ասաց, որ իրավիճակը փոփոխվում է, եւ ԿԲ-ն ժամ առ ժամ թարմացնում է իր կանխատեսումներն ու համապատասխան քայլեր ձեռնարկում։ Իսկ երբ պարզ դարձավ, որ ՀՆԱ-ն 9.7%-ով կրճատվել է, ԿԲ-ն 1%-ով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նշենք նաեւ, որ թեեւ ԿԲ-ն դեռ պաշտոնապես նոր կանխատեսում չի հրապարակել, սակայն Վ. Գաբրիելյանը երեկ ըստ էության նոր գնահատականներ տվեց. «Կարելի է սպասել 7-8%-անոց անկում՝ տարվա կտրվածքով»։
Ֆորումին ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը՝ ամփոփելով մեր պատմության վերջին, «աննախադեպ» տասնամյակը. «Ես ի նկատի ունեմ, տնտեսական զարգացման առումով, որովհետեւ ունեցել ենք մոտ 12 տոկոս տնտեսական աճ, էժան փող, ոսկու անձրեւ, որ երկնքից էր ընկնում: Այդ ամբողջը անհասկանալի ձեւով եւ՛ իշխանավորների, եւ՛ սովորական մահկանացուների համար ավարտվեց 2008թ. սեպտեմբերից սկսած, որից անմիջապես հետո ՀՀ-ում տնտեսական անկումը սկսվեց»։ Միեւնույն ժամանակ, այդ անկումը այդքան էլ անհասկանալի չէր, որովհետեւ, ըստ Ա. Եղիազարյանի, ինչպես բոլոր երկրները, որոնք «ոսկու անձրեւի» տակ էին զարգանում, մենք անհրաժեշտ նախապատրաստությունները չենք արել։ Արդյունքը եղավ այն, որ 8 տարվա մեջ ծառայությունների (ներառյալ՝ շինարարությունը) տեսակարար կշիռը 45 տոկոսից հասավ 70 տոկոսի։ «Երեւի մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ շինարարությունը ՀՆԱ-ի 25 տոկոսն է կազմում: Արդյունաբերությունն իջավ մինչեւ 15 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 15 տոկոս, ստացվում է, որ մեր մոտ ՀՆԱ-ի 70 տոկոս ծառայություններն են։ Իսկ դա նշանակում է, որ երկիրն ավելի շատ փող ունի, քան ինքը ստեղծում է»,- ասաց Ա. Եղիազարյանը։ Նախկին նախարարի խոսքերով, երկիրը էապես կախված էր դրսի փողից, եւ երբ այդ փողերը պակասեցին ու օտարերկրյա ներդրողների վստահությունն էլ նվազեց, համակարգը փլուզվեց. «Այն երկիրը, որի տնտեսությունը միայն ներքին սպառման համար է աշխատում, ավելի շատ է տուժում»։ Այդուհանդերձ, ըստ Ա. Եղիազարյանի, ճգնաժամից կարելի է դասեր քաղել։ «Առաջին, որ չպետք է թողնես, որ ուրիշները արտադրեն, իսկ դու հնարես, որովհետեւ վերջում պարզվում է, որ հնարելու ունակություններն էլ են պակասում: Երկրորդ՝ կորպորացիան այնքան էլ լավ բան չի. կորպորատիվ կառավարման ճգնաժամ կա: Երրորդ՝ շատ փողը ավելի լավ բան չի, քան քիչ փողը, որովհետեւ ամբողջ սիստեմը փլվեց դրանից, որ հսկայական քանակությամբ փող էին վերցնում»։
Էկոնոմիկայի նախկին նախարարն, ըստ էության, «էս գլխից» կասկածի տակ դրեց նաեւ կառավարության եւ ԿԲ-ի հակաճգնաժամային քայլերը։ Փոքր ու միջին բիզնեսը վարկավորելու մեխանիզմը այնքան էլ արդյունավետ չի լինի, քանի որ, Ա. Եղիազարյանի խոսքերով, երբ բանկային համակարգը ֆինանսավորում է ՀՆԱ-ի ընդամենը 17%-ը, դա նշանակում է, որ տնտեսությունն ու ֆինանսական համակարգը զուգահեռ աշխարհներում են գտնվում։ Ինչ վերաբերում է էժան փողի քաղաքականությանը՝ տոկոսադրույքն իջեցնել, փող ավելացնել եւ խթանել պահանջարկը, դրան էլ Ա. Եղիազարյանը թերահավատությամբ է մոտենում։ «Հայաստանում դժվար է աշխատեցնել այդ քեյնսական մոդելը, որովհետեւ արտադրությունը հաջողությամբ թաղել ենք, եւ փողի ցանկացած ավելացում բերելու է ներմուծման ավելացման»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մեր բախտն այսօր ավելի շատ ուրիշների ձեռքում է՝ այսինքն, կախված է նրանից, թե իրավիճակն ինչպես կզարգանա մյուս երկրներում։ Իսկ մենք՝ մեր այսօրվա տնտեսությամբ, այդ տնտեսության կառուցվածքով, երկար չենք դիմանա։ Ա. Եղիազարյանի ձեւակերպմամբ, տնտեսությունը non-sustainable վիճակում է։ Նախկին նախարարը գտնում է, որ այժմ առաջին հերթին պետք է բարձրացնել երկրի մրցունակությունը։ «Դա «ֆինանսական կենտրոն» սարքել չի, դա իրականում շատ ծանր գործ է։ Մրցունակ՝ նշանակում է, որ երկիրը պետք է կարողանա ինչ-որ բան արտադրել ու ծախել»,- եզրափակեց Ա. Եղիազարյանը։
Հ.Գ. Երեկվա քննարկման ժամանակ՝ երբ բոլորը անկման կանխատեսումներ էին անում, Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ կառավարությունն այսօր գործում է մի ծրագրով, որը նախատեսում է 9.2% աճ։ Ա. Եղիազարյանն էլ նախ նշեց, որ ինքն էլ այդ ծրագիրը գրողներից մեկն է, իսկ հետո կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց. «Այդ ծրագիրը 3 տարի գրում էինք, եւ այն ընդունվեց 2008-ի սեպտեմբերին։ Շուտ ընդունեին, սենց խայտառակ չէինք լինի»։