«Քաղաքապետը պետք է լինի լավ մենեջեր»,- ասում է Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը

26/05/2009

– Ի՞նչ է Երեւանը Ձեզ համար։

– Նախ՝ այն իմ ծննդավայրն է եւ ամենասիրած քաղաքը աշխարհում։ Ես մեծացել եմ Երեւանի հետ, աշխարհի մասին իմ ընկալումը ձեւավորվել է այստեղ։ Երեխա ժամանակից հիացել եմ նրա յուրաքանչյուր նոր շենքով ու կառույցով, ուրախացել եմ նրա առօրյայով, երեւանցիներին հատուկ հպարտությամբ հետեւել նրա զարգացմանը։ Հիշում եմ բոլոր մեծ փոփոխությունները, որ կատարվեցին մեր մայրաքաղաքում իմ աչքերի առաջ։ Վերջապես, սա այն քաղաքն է, որին նվիրել եմ իմ գիտակցական կյանքը, փաստորեն՝ ամբողջությամբ։ Եվ հպարտանում եմ դրանով։

– Ինչպե՞ս եք տեսնում Երեւանի զարգացումը։

– Երեւանը մի բարդ օրգանիզմ է, որը բնութագրում է մեր տնտեսական, քաղաքական, ազգային զարգացման մակարդակը։ Այս տարի մեզ բաժին ընկան տնտեսական դժվարին ժամանակներ, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել մայրաքաղաքի զարգացման տեմպերի վրա։ Փորձում ենք առավելագույնս արդյունավետ, նպատակային դարձնել մայրաքաղաքում կատարվող բոլոր ծախսերը։ Էականորեն վերանայել ենք ներդրումների բաշխման քաղաքականությունը՝ ավելի մոտեցնելով այն ժողովրդի առաջնային կարիքներին։ Այսօր կատարվում է այն անհրաժեշտը, որի կարիքն առաջնահերթորեն ունի մեր բնակչությունը։ Կենսագրությամբ եւ աշխատանքի բնույթով ես մշտապես կապված եմ եղել մեր մայրաքաղաքի հոգսերի եւ սպասումների հետ։ Դրանց անմիջական լուծումները ուղղակի իմ պարտականությունն են։ Առկա են դեռեւս չօգտագործված բազմաթիվ հնարավորություններ՝ ապահովելու մեր բնակչության ավելի բարեկեցիկ կյանքը, վերացնելու կենտրոնի եւ ծայրամասերի տարբերությունները, կազմակերպելու առաջնային ծառայությունների անխափանությունը եւ շատ ուրիշ խնդիրներ, որոնք քաջ ծանոթ են եւ այսօր անհանգստացնում են երեւանցիներին։ Տեսեք, ես չեմ խոսում ճարտարապետության, քաղաքաշինության մանրամասներից՝ դրանք, իհարկե, շարունակելու են զարգանալ մեր կյանքին համընթաց եւ իրականացվելու են մասնագիտական բարձր մակարդակով։ Ես ուզում եմ ընդգծել, որ մոտեցումները պետք է առավելագույնս արտահայտեն մեր բնակչության կամքն ու ցանկությունները։ Երեւանի զարգացումը ընթանալու է մեր բնակչության անմիջական եւ գործուն մասնակցությամբ, մեր համաքաղաքացիների սրտով եւ ճաշակով։ Ունենք ուշագրավ ծրագրեր եւ ցանկանում ենք դրանք օր առաջ գործի վերածել։

– Դուք խոսում եք որպես Երեւանի քաղաքապետ։

– Իսկ ես Երեւանի քաղաքապետն եմ եւ այս պահին էլ այդ ուղղությամբ ունեմ մեծ պատասխանատվություններ։ Ամեն օր ես պարտավոր եմ եւ լուծում եմ բազմաթիվ ընթացիկ խնդիրներ։

– Նաեւ Դուք առաջիկա մունիցիպալ ընտրություններում առաջնային ուշադրության կենտրոնում գտնվող թեկնածուներից մեկն եք։ Ինչպե՞ս եք գնահատում փոփոխությունները մայրաքաղաքի կառավարման համակարգում` ըստ Երեւանի մասին նոր օրենքի։

– Կարճ ասեմ՝ այն ուղղված է մայրաքաղաքի կառավարման սկզբունքների էական ժողովրդավարացմանը եւ խոշոր, կարեւոր փոփոխություն է երկրի քաղաքական կառավարման համակարգում։ Այն ստեղծվել է ժամանակակից պահանջներին համապատասխան, գլխավոր նպատակը կառավարումը մոտեցնելն է ժողովրդին, մայրաքաղաքի ղեկավարումը նրա դատին հանձնելը եւ նրա ընտրությամբ ղեկավարվելը։ Առաջին անգամ մենք ստանձնում ենք այս ոլորտում քաղաքական ամբողջական թիմային պատասխանատվություն, որը պատասխանատվության ամենաբարձր ձեւն է։

– Մինչդեռ խոսակցություններ են եղել, թե իշխանությունները թերագնահատում են քաղաքապետի գործունեության քաղաքական կողմը։

– Դա այդպես չէ: Պարզապես այսօր ձեւավորվել է երկու մոտեցում։ Մեկը՝ զուտ քաղաքական նպատակներով՝ ավագանու ընտրությունը դիտարկել որպես իշխանափոխության լծակ, որը միանշանակ մերժելի է։ Եվ երկրորդ մոտեցումը, որն ի սկզբանե դրված է եղել օրենքի հիմքում, այն է` ցանկացած իշխանության ընտրություն դա երկրի քաղաքական զարգացումների մի մասն է։

– Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական գործունեությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում։

– Պատկերացնում եմ` որպես երկրի, պետության քաղաքական առաջնահերթությունների եւ սեփական թիմի ծրագրերի իրականացման պարտավորություն։ Ժողովրդի նկատմամբ նրա կարիքների, սպասելիքների առաջնային գիտակցումն ու դրանց բավարարման ուղղությամբ գրագետ միջոցառումների ձեռնարկումը նույնպես քաղաքական խնդիր է։ Այլ հարց է, որ քաղաքապետը այս շրջանակներում իրականացնում է հսկայական ադմինիստրատիվ-կազմակերպչական, տնտեսական, հասարակական, կառավարման, քաղաքի զարգացման, նրա արտաքին եւ ներքին, առօրյա կյանքի ապահովման գործառույթներ։ Այս կտրվածքում քաղաքապետը առաջին հերթին պետք է լինի առաջնակարգ ադմինիստրատոր, մենեջեր, լավ պատկերացնի քաղաքի առջեւ կանգնած բոլոր առկա եւ հեռանկարային խնդիրները։ Այլապես չի կարողանա պահել քաղաքի կառավարման ղեկը իր ձեռքին՝ որքան էլ լավ քաղաքական գործիչ լինի։

– Քաղաքական պայքարի այս հորձանուտում կենցաղային, օրախնդիր, շարքային գործունեությունը, օրինակ՝ մաքրության ապահովումը մի տեսակ ետին պլան է մղվել եւ նույնիսկ ոմանց մոտ արդեն հեգնանքի առարկա է դառնում երբեմն։

– Ինչպե՞ս կարող է քաղաքապետի թեկնածուի համար քաղաքի մաքրությունը ետին պլան մղվել։ Եթե, իհարկե, նա քաղաքապետ ընտրվելով ետին մտքեր չի հետապնդում։ Մեր քաղաքը օրինակելի մաքրության բերելը իմ առաջնային նպատակներից է եղել եւ մնում։ Արդեն միջոցներ ու մեթոդներ ենք մշակել՝ այս ուղղությամբ էական բարելավում արձանագրելու։ Պատրաստվում է հատուկ օրենք այս մասին, աշխատանքներ են տարվում արտասահմանյան ընկերությունների հետ, որպեսզի նրանք մասնակցեն ոլորտի կազմակերպմանը՝ ամենաժամանակակից մակարդակը ապահովելու նպատակով։ Արդեն կենտրոնացվել է մայրաքաղաքում առկա տեխնիկան, պատվիրվել են նոր, ժամանակակիցները։ Ես ինքս բնավորությամբ տանել չեմ կարողանում անմաքրությունը, փնթիությունը, եւ դրա դրսեւորումների բացառումը մայրաքաղաքում իմ առաջնային խնդիրներից եմ համարում՝ ոչ միայն հեռանկարում, որպես ավագանու թեկնածու, այլեւ առաջին հերթին` որպես Երեւանի գործող քաղաքապետ։

– Ձեր ժամանակ Դուք հասցրեցի՞ք ամեն ինչ անել այդ ուղղությամբ։

– Ոչ։ Սակայն Կենտրոնը առնվազն ամենամաքուր համայնքներից մեկն է եղել մայրաքաղաքում։ Կենտրոնն օրական 300 հազարից ավելի այցելու է ունենում եւ մայրաքաղաքի ամենամեծ համայնքներից մեկն է: Ընդ որում, Կենտրոնը շատ ավելի բարդ խնդիրներ ունի հին, խարխուլ բնակարանային ֆոնդով բազմաթիվ տարածքներում կենցաղային եւ սանիտարական անհնարին պայմանների պատճառով։ Քաղաքապետի դիրքը թույլ է տալիս եւ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի այդ հարցերը հիմնովին լուծելու։ Կարծում եմ, ժողովուրդը այս կարճ ժամանակամիջոցում դրա շատ դրսեւորումներ արդեն տեսել եւ գնահատել է։

– Դուք վստա՞հ եք ժողովրդի վրա։

– Ես կառավարման բավականին փորձ ունեմ։ Շատ ավելի անփորձ եւ անպաշտպան ժամանակ ես միայն մեր բնակչության, ժողովրդի վրա հենվելով կարողացա հաստատվել տեղական ինքնակառավարման բնագավառում եւ աշխատանքի անհրաժեշտ փորձը կուտակել։ Այսօր, համաքաղաքային մակարդակով, չպիտի մոռանալ, որ ինձ ընտրել է նաեւ Հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական թիմը։ Ըստ էության դա արդեն հաղթանակի մեծ գրավական է։ Իմ պարտականությունն է արդարացնելու առաջին հերթին` մեր համաքաղաքացիների, ապա՝ այդ քաղաքական ուժի վստահությունը։

– Դրա համար նախ պետք է ընտրվել …

– Ես վստահ եմ իմ ուժերի վրա։ Երկրորդ, բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ես ամենահավանական թեկնածուների, գլխավոր մրցակիցների մեջ եմ։ Ես ուրիշների գործողություններին հակազդելու նպատակ չունեմ, այլ աշխատում եմ առավելագույնս կշռադատել եւ վստահելի դարձնել իմ գործողությունները, շիտակ եւ արժանահավատ՝ իմ խոսքերը եւ խոստումները։ Որովհետեւ ես մեծ վստահություն ունեմ, որ ընտրվելու եմ, եւ նպատակս պահը որսալը չէ՝ նախօրոք անիրագործելի խոստումներով, չէ՞ որ պիտի դրանց պատասխանները տամ։

– Ինչպիսի՞ պատասխանատվություններ եք Դուք կրում եւ ո՞ւմ առջեւ։

– Իմ քաղաքի պատմական զարգացման, երեւանցու, մեր ժողովրդի, պետության, այն քաղաքական ուժի առջեւ, որ առաջադրել է իմ թեկնածությունը։ Ես կայունության թեկնածուն եմ։

– Ինչո՞ւ է հատկապես Ձեզ ընտրել ՀՀԿ-ն։

– Հավանաբար` ելնելով այն հանգամանքից, որ մեծ փորձ ունեմ այս ոլորտում աշխատելու։ Երկրորդ, ընտրությունների մեծ փորձ ունեմ՝ հենց ժողովրդի, երեւանցիների կողմից։ ՈՒ միշտ հաղթել եմ։

– Տարածված է այն մտածողությունը, որ ընդդիմադիր լինելը քվեներ է բերում։

– Այդպես են մտածում նրանք, որոնք 7-10 տոկոս ձայն ստանալու խնդիր ունեն։ Նման էլեկտորատ կա, այո, մեր բնակչության մեջ, եւ նրանց համար պետք է աշխատել։ Բայց նա, ով մտածում է, թե ամբողջ Երեւանը ձախողակներ ու կյանքից դժգոհներ են՝ նա մեծ ռիսկ է անում կրկին պարտվելու։ Նաեւ՝ չի նշանակում, թե իշխանության ներկայացուցիչը դժգոհողների համար ավելի շատ բան չի կարող անել, քան մեկ ուրիշը։ Գիտեք, չարացած արած գործը երկրի համար՝ ոնց որ խորթ մոր թխած գաթան։

– Ինչպիսի՞ տարբերություններ եք տեսնում թաղապետի եւ քաղաքապետի աշխատանքների միջեւ։

– Քաղաքապետի պաշտոնում պահանջները շատ ավելի բազմազան են։ Գլոբալ, համապետական հարցերը շատ են։ Դե, իհարկե, խնդիրների ընդգրկումը ծավալներով անհամեմատ ավելի լայն է։ Ես անելու եմ ամեն ինչ, որ մեր բոլոր համայնքների սոցիալ-տնտեսական, կուլտուր-կենցաղային մակարդակը հավասար լինի, Երեւանը զարգանա համաչափ։

Նոր օրենքով մայրաքաղաքն ինքը դիտվում է որպես մի ամբողջական համայնք, եւ այստեղ տեղական ինքնակառավարման համակարգում աշխատանքի փորձը մեծ նշանակություն է ձեռք բերում։

– Ինչպե՞ս է անցնում նախընտրական պայքարը։

– Այն արդեն մոտենում է ավարտին եւ գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Կուզեի՝ մինչեւ վերջ անցներ գործի պատասխանատվության գիտակցությամբ, փոխադարձ հարգանքով եւ արժանապատվությամբ։ Որ բոլորի միակ նպատակը լիներ մեր մայրաքաղաքի զարգացումը եւ ժողովրդի մատից գոնե մի փուշ հանելը։ Որ լինի ծրագրերի եւ կարողությունների, եւ ոչ թե նյարդերի պայքար։ Ի վերջո, միասին ենք աշխատելու, եւ մեր նպատակը Երեւանն է, երեւանցիները։ Ես դա իմ պատվի հարցն եմ համարում։

– Ի՞նչ կարծիքի եք ընտրություններում Ձեր հակառակորդների մասին։

– Բոլորին հարգանքով եմ վերաբերվում եւ կուզեի, որ միայն ազնիվ պայքար լիներ։ Եկեք կարծիքների եւ տեսակետների գերակայությունը թողնենք ժողովրդին։ Անկեղծ ասած, երբեմն շատ բարձր խոստումներն ինձ ուղղակի զարմացնում են։ Կառավարման խնդիրները լավ չեն ձեւակերպվում, պատկերացումները՝ ընդհանուր են։ Բայց չեմ առանձնացնի ոչ մեկին։ Թող փորձեն յուրաքանչյուրն իր մեթոդներով ժողովրդին գրավել։

– Գոտկատեղից ցածր հարվածելու փորձեր եղե՞լ են։

– Առանց դրա հնարավո՞ր է մեզ մոտ։ Արդեն եղել են, բայց ոչ անձամբ թեկնածուների, այլ փոքր տրամաչափի նրանց որոշ մանկլավիկների կողմից։ Ոմանց դուր է գալիս ընտրությունները տուրնիրային պայքարի վերածելը։ Ես պատրաստ եմ բոլորի մասնագիտական հարցադրումների լիարժեք պատասխանները տալու, բայց երբեմն մարդիկ փորձված են պայքարի այլ ձեւերում։ Կրկնում եմ, սրանք շատ լուրջ, կարեւոր ընտրություններ են, որտեղ արժանապատվության պահպանումը ժողովուրդն առաջինն է գնահատելու։ Միայն սեւ PR-ով հեռուն չես գնա, եւ ոչ էլ մենք ժամանակավոր ներկայացման ականատեսներ ենք։

– Մամուլի հրապարակումներին ինչպե՞ս եք արձագանքում։

– Մեր մամուլը այսօր զարգացման արդեն նշանակալի ճանապարհ է անցել եւ պատմություն ունի։ Համարյա չկա մի թերթ, որ վերցնես, ու կարդալու բան չլինի։ Ցավոք սրտի, մասնագիտական ձողանիշի բարձրացմանը զուգահեռ բազմացել է նաեւ էթիկայի խախտումների մակարդակը։ Ես պատասխանատվությամբ եմ մոտենում մամուլի հրապարակումներին, եւ այնտեղ արտացոլվող բացասական փաստերը ինձ խիստ մտահոգում են։ Եթե ճիշտ, արդարամիտ, հիմնավորված քննադատություններ են հնչում՝ ես կարող եմ միայն ողջունել եւ միշտ իրենց կողքին կանգնելու եմ՝ բարձրացված հարցերին մինչեւ վերջ լուծում գտնելու գործում։

Զրուցեց Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ