Պայթեցրել են «Մաեստրոն»

26/05/2009

Անցած գիշեր վրացական ընդդիմադիր Maestro հեռուստաընկերության մուտքի մոտ մարտական նռնակ է պայթեցվել: Զոհեր եւ վիրավորներ չկան: Maestro հեռուստաընկերությունը հիմնականում հեռարձակվում է մայրաքաղաք Թբիլիսիում եւ ակտիվորեն լուսաբանում է ընդդիմության փողոցային ակցիաները, որոնք նպատակ ունեն հեռացնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հեռացնելուն եւ շարունակվում են արդեն 6 շաբաթ: Երեկ «Մաեստրոն» չի դադարեցրել հեռարձակումն ուղիղ եթերում: Հաղորդվում է, որ պայթյունից միայն 45 րոպե հետո է ժամանել Պարեկային ոստիկանությունը, իսկ մեկուկես ժամ անց՝ Քրեական ոստիկանության աշխատակիցները, որոնք ներկայում հետաքննական գործողություններ են կատարում: Հեռուստաընկերության ստուդիա են ժամանել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, «Դաշինք հանուն Վրաստանի» քաղաքական միավորման անդամներ, Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին: «Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ շանտաժը, ահաբեկչությունը, պայթյունները ահաբեկման մեթոդ են իշխանությունների կողմից»,- հայտարարել է Բուրջանաձեն: Նրա խոսքով՝ դա «մեկ անգամ եւս հաստատում է, որ Վրաստանում ոչ մի կայունություն, խոսքի ազատության ոչ մի երաշխիք չկա»: «Դա պետական ահաբեկչություն է»,- ընդգծել է նա: Իսկ ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները` նորանոր դրսեւորումներով: Նախօրեին նրանք ի նշան բողոքի՝ կես ժամով փակել են երկրի գլխավոր մայրուղին: Վրացի ընդդիմադիրների ավտոշարասյունը Բորժոմի քաղաքից շարժվել է դեպի Խաշուրի քաղաք եւ կանգ առել փողոցի կենտրոնում, որը ընդունված է համարել Վրաստանի ավտոմոբիլային գլխավոր մայրուղին: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ակցիային մասնակցել է ընդդիմադիրների մոտ 500 մեքենա: