Անցած շաբաթ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի փոխարեն Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Արտակ Դավթյանն էլ Արմեն Աշոտյանի փոխարեն ընտրվեց Կրթության եւ գիտության հարցերով մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ: Վերջինիս` այդ պաշտոնին ընտրվելուն դեմ էին քվեարկել փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցող 6 պատգամավորներ: Ս.Նիկոյանը ստացել էր 3 «դեմ»: ԱԺ-ում տարբեր վարկածներ են շրջանառվում այն մասին, թե ովքե՞ր չեն ուզեցել, որ այս ՀՀԿ-ականներն ընտրվեն ԱԺ փոխնախագահի եւ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում: Օրինակ, Ա.Դավթյանի հետ կապված գերակշռող է այն կարծիքը, թե նրան «դեմ» են քվեարկել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները, որովհետեւ նա նախկինում եղել է այդ կուսակցության անդամ: Թեեւ կարծիք կա, որ նրան չեն ընտրել իր այն կուսակից պատգամավորները, ում հետ լավ հարաբերություններ չունի:
Ինքը` Դավթյանը, ասում է, որ իրեն չի հուզում, թե ովքեր են դեմ եղել իր ընտրությանը: «Եթե «դեմ» չլիներ, անհասկանալի կլիներ: Ես չէի կարող բոլորի համար ընդունելի լինել»,- ասում է Ա.Դավթյանը: Ս.Նիկոյանին է «դեմ» քվեարկել 3 հոգի: Այս առնչությամբ նույնպես կարծիք կա, թե գուցե հենց իր կուսակիցները չեն ցանկացել, որ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղարը դառնա ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, որ երբ Հ.Կարապետյանը հրաժարական տվեց, խոսակցություն կար, թե այդ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: «Ինձ բացարձակապես չի հետաքրքրել, թե ովքեր են դեմ քվեարկել: Ես երկար տարիներ եղել եմ նաեւ հաշվիչ հանձնաժողովի նախագահ եւ գիտեմ` հնարավոր է նաեւ, որ դեմ քվեարկեն, հնարավոր է, որ անվավեր լինի: Դա հաճախ ես կապում եմ նաեւ այն խրթին օրենքի հետ, որով մենք առաջնորդվում ենք քվեարկության ժամանակ: Որովհետեւ եթե կողմ ես` պետք է դեմը ջնջես, եթե դեմ ես, պետք է կողմը ջնջես: Հնարավոր է նաեւ շփոթություն լինի: Անձնապես որեւիցե մեկի կողմից չեմ սպասում, որ որեւէ մեկը առանձնահատուկ ուզենար ինձ դեմ քվեարկեր»,- ասաց Ս.Նիկոյանը։ Կա նաեւ տեսակետ, որ Ս.Նիկոյանին «դեմ» են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որովհետեւ դժգոհ են եղել նրա գլխավորած` Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներից: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը դեռեւս մայիսի 18-ին պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են քվեարկելու, այսպես էր պատասխանել. «Խղճի մտոք»: